ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ նախկին-ներկա խոսույթին՝ նշելով, որ այդ թնջուկից ժողովրդի մի մասը հոգնել է:
«Ասում եք՝ ժողովրդի մի մասը հոգնել է. մենք ենք հոգնել, ինչո՞ւ ժողովրդի մի մասը. որովհետև դա նաև մեզ հնարավորություն չի տալիս մեր ասելիքը ամբողջական ներկայացնել, ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունն» ամբողջությամբ նախկիններից բաղկացած կուսակցություն է և այսօր ընտրություններին մասնակցող»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե, օրինակ, նայենք պատերազմի եռագլուխ կուսակցությանը՝ «Հայաստան» դաշինքը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որ ցանկը նայում ես ի՞նչ է, ոնց որ խառնած ու բաժանած լինեն, այսինքն՝ նույն մարդկանց շրջանակը՝ խառնած բաժանած: «Ուժեղ Հայաստանը» Սերժ Սարգսյանի թևն է՝ Ռոբերտ Քոչարյանի թևի մի մասի հետ, և դա ակնհայտ է, այսինքն՝ ըստ էության, հանրապետականները իրենք էլ դա չեն թաքցնում և նաև կոնկրետ մարդիկ են ներգրավված, «Հայաստան» դաշինքը նույն անունով է հանդես գալու, թե ուրիշ անուն են ընտրելու, պարզ է՝ նույն արտահայտությունն է: Ընդ որում, այս դաշինքի մի հատվածը հիմա տեղավորված է «Ուժեղ Հայաստանում», մյուս հատվածը տեղափոխվել է «Բարգավաճ Հայաստան», որ ասում ենք «պատերազմի եռագլուխ կուսակցություն», կարող ենք ասել «նախկինների եռագլուխ կուսակցություն», որովհետև ակնհայտ է, որ նախկինների վերաձևակերպման փուլ է: Մենք չենք կարող խուսափել նախկին-ներկա թեմայից, երբ խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները նախկինների ներկայացուցիչներն են: Ես էլի ասում եմ՝ այդ շանսը կա՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պարզապես չեն հաղթահարում անցողիկ շեմը, և ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ դա շատ իրատեսական խնդիր է մեր ժողովրդի լուծելու համար, և մենք այդ էջը փակված ենք համարում և անցնում ենք մեր հետագա ռազմավարական ծրագրերի իրականացմանը, որը արտահայտված է Հայաստանի ինստիտուցիոնալ և տնտեսական վերափոխման դոկտրինի և, ընդհանրապես, Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ: Ես կարծում եմ, որ սա շատ լավ առաջարկ է Հայաստանի ժողովրդին՝ այդ բոլորին նստեցնել Նոյյան տապան և բաց թողել բաց նավարկության դեպի համաշխարհային պատմության օվկիանոս»,- ասաց Փաշինյանը
