Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Առևտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ծովինար Վարդանյանը նշեց, որ լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով, երբ տուգանք նշանակելու մասին վարչական ակտը անբողոքարկելի է դառնում, դրան հաջորդող երեք օրվա ընթացքում բաշխիչ կայաններում պետք է տեղադրվի ցուցանակ, որը կլինի տեսանելի վարորդի համար, և վարորդը կիմանա, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլիցքավորում կատարելու համար:
Ըստ Ծովինար Վարդանյանի՝ դա հանրային վերահսկողության գործիք է: «Այս պահին թերլիցքավորման արդյունքում ձևավորված տուգանքը ֆիքսված գումար է՝ 500 հազար դրամ, ըստ անախագծի՝ առաջարկվում է ավելի համաչափության սկզբունք ներդնել և սահմանել 200 հազար դրամ՝ գումարած տուգանքը հայտնաբերելուց նախորդող եռամսյակի շրջանառության 0,5 տոկոսը, այսինքն՝ տուգանքները ավելի համաչափ կլինեն»,- ասաց նա և նշեց, որ եթե մեծ լցակայան է, բնականաբար նրա խախտումները քանակային առումով շատ կլինեն, հետևաբար նրա տուգանքը շատ ավելի շատ կլինի:
Պատգամավորը նշեց, որ նախագիծը մշակվել է կառավարության հետ համատեղ:
