Այսօր ՀՀ-ում 700 հազար դրամ և ավելի ստացող ուսուցիչ ունենք: Այդպիսի ուսուցիչների թիվը 13 է, շատ չէ, բայց այս հնարավորությունը բաց է յուրաքանչյուրի առաջ: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը ներկայացնելիս:
Ըստ Փաշինյանի՝ 70 ուսուցիչ ստանում է 600-700 հազար դրամ աշխատավարձ: 220 ուսուցիչ ստանում է 500-600 հազար դրամ աշխատավարձ, 1362 ուսուցիչ ստանում է 400-500 հազար դրամ աշխատավարձ: 9600 ուսուցիչ, այսինքն՝ ամեն երրորդ ուսուցիչ արդեն ատեստավորված է:
«Այստեղ էլ կար շատ մեծ, որոշակի հոռետեսություն, բայց այս ծրագիրն աշխատում է և լավ է աշխատում: Սրա վկայությունն է այն, որ 2024-2025 թվականներին դպրոց մուտք է գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչ, որոնց կեսից ավելին աշխատում է գյուղական բնակավայրերում: Սովորաբար հակառակն է եղել, արտահոսք է եղել, որովհետև մարդիկ ո՛չ աշխատավարձ են տեսել, ո՛չ հեռանկար, իսկ հեռանկարը կա, այդ թվում այն պատճառով, որ մենք հիմա մեր նախընտրական ծրագրում գրել ենք, որ հաջորդ փուլում ատեստավորված ուսուցիչների համար նոր ատեստավորում է լինելու, որտեղ դրույքաչափը այլևս լինելու է 300 հազար դրամ: Հիմա դրույքաչափը 200 հազար դրամ է, լինելու է 300 հազար դրամ՝ գումարած ատեստավորման կոնկրետ արդյունքները»,- ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ այս Կառավարության մեծագույն ձեռքբերումներից մեկը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն է:
«Ուզում եմ հաճույքով արձանագրել, որ 2025 թվականի տարեվերջի դրությամբ աշխատանքներն ավարտվել են ավելի քան 102 դպրոցում և շուրջ 280 մանկապարտեզում ու նախակրթարանում: Մինչև 2026 թվականի սեպտեմբեր շինարարական աշխատանքներն ավատված կլինեն 260 դպրոցում և 429 մանկապարտեզում ու նախակրթարանում, իսկ մինչև 2026 թվականի դեկտեմբեր՝ 301 դպրոցում և 500 մանկապարտեզում ու նախակրթարանում»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ արդեն մեկնարկել է հաջորդ 300 դպրոցների շինարարությունը:
