2025 թվականին ՀՀ-ում արտադրվել է 10 միլիարդ կիլովատտ-ժամ էլեկտրաէներգիա: Այս մասին Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց հարակից զեկուցող, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով էներգետիկայի ոլորտին:
Նախարարն անդրադաձավ միայն մեկ արտադրական հզորության. խոսքը արևային կայանների մասին է:
«Նախորդ տարվա ընթացքում Հայաստանի էներգետիկ համակարգի ընդհանուր արտադրանքի 16,3 տոկոսն արտադրվել է արևային կայանների շնորհիվ: Ոլորտի մասնագետները կփաստեն, որ սա հսկայական թիվ է»,- նշեց նա:
Ներկայացնելով մի քանի ցուցանիշ՝ ՏԿԵ նախարարը հայտնեց՝ ընդհանուր կայանների մասով նախորդ տարեվերջին ունեցել ենք 1100 մեգավատտ դրվածքային հզորություն, այս տարի արդեն ունենք 1200 մեգավատտ դրվածքային հզորություն: Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 43 տոկոս:
«Ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրանքի աճը կազմել է 6,7 տոկոս՝ 2024-ի համեմատ: Ուրախությամբ պիտի նշեմ նաև, որ ավելացել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառումը: Այն եղել է 7,2 միլիարդ կիլովատտ-ժամ, աճը կազմել է 6,6 տոկոս»,- հայտնեց Խուդաթյանը:
Նախարարը տեղեկացրեց նաև՝ նախորդ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի ամբողջ արտադրանքի 33,3 տոկոսը վաճառվել է ազատականացված շուկայում, աճը կազմել է 27,3 տոկոս:
«Շուրջ 110 հազար գործարք է կնքվել այս մասով ազատականացված շուկայում, աճը կազմել է 432 տոկոս»,- ասաց նախարարը:
