Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության պատվիրակության հետ՝ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
«Ողջունելով հյուրերին՝ Արա Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ղազախստանի հետ ձևավորված համագործակցությունը և կարևորում դրա շարունակական զարգացումը։
Կողմերը քննարկել են շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
Հատուկ շեշտադրում է կատարվել ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում համագործակցության զարգացման վրա՝ հաշվի առնելով ոլորտի կարևորությունը ինչպես տարածաշրջանային կայունության, այնպես էլ կլիմայական մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից։
Մասնավորապես անդրադարձ է կատարվել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում իրականացվող բնապահպանական նախաձեռնություններին, այդ թվում՝ 2026 թվականի ապրիլի 22-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նախատեսվող տարածաշրջանային էկոլոգիական գագաթնաժողովին։
Կողմերը կարևորել են փորձի փոխանակումը, համատեղ ծրագրերի իրականացումը և միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված կայուն զարգացման և բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
