Հայոց խաղողագործության ու գինեգործության պատմությունից մի ակնարկ
Գինեգործությունն ու խաղողագործությունը Հայաստանում ունեն վաղեմի պատմություն: Դա անհերքելի իրողություն է՝ հաստատված բազում գիտական հետազոտություններով ու հնագիտական պեղումներով, ինչպես նաև մ.թ.ա. 5-4-րդ և հաջորդ դարերի հույն պատմագիրների՝ հայոց աշխարհի արևահամ ու անուշաբույր գինիների մասին վկայություններով: Վերջիններս գալիս են փաստելու, որ Հայաստանը և Հայկական լեռնաշխարհը խաղողագործության և գինեգործության ծագման առաջնային կենտրոններից են: Նշյալ տարածաշրջաններում կատարվել են հնագիտական պեղումների, որոնց արդյունքում հայտնաբերվել են խաղողագործությունն ու գինեգործությունը վկայող բազմաթիվ գտածոներ, որոնք պատկերացում են տալիս խաղողի մշակության ու գինու արտադրության զարգացման սկզբնափուլերի ու եղանակների մասին: Նշված գտածոներից հատկապես կարևոր են Վայոց ձորի Արենի-1 քարայրում գտնված խաղողի շիվերի, կեղևների, կորիզների և ճզմված պտուղների հարյուրավոր մնացորդները, ինչպես նաև գինու արտադրության ամենահին կառույցը: Օքսֆորդի և Կալիֆոռնիայի համալսարանների լաբորատորիաներում մակրոբուսաբանական այս մնացորդներից վերցված նմուշների ռադիոածխածնային վերլուծության մեթոդով կատարված թվագրումները հաստատում են, որ ի դեմս Արենի-1-ի գործ ունենք աշխարհում հայտնի գինու հնագույն արտադրություն փաստող հնագիտական հուշարձանի հետ, որն առնվազն 6000 տարեկան է: Սա անհերքելի ապացույց է այն մասին, որ Հայաստանում գինեգործությունը 6000 տարվա պատմություն ունի: Եվ պատահական չէ, որ գրավոր աղբյուրներում ամենավաղ վկայությունը, որն անուղղակի զուգահեռներ ունի շումմերական գրականության հետ, աստվածաշնչյան պատումն է, ըստ որի՝ Նոյ Նահապետն Արարարտից իջնելուց հետո խաղողի որթ է տնկել ու գինի պատրաստել: Այս պատումը պահպանվել է մարդկային հիշողության գանձարանում, որում հայկական բանահյուսական ավանդույթը ևս իր ուրույն տեղն ունի: «Սասնա ծռեր» էպոսում, հիշողություններ կան հատկապես հացով ու գինով երդվելու մասին:
Ուշագրավ են հայկական խաղողի տեսակների պատմության ու նկարագրության վերաբերյալ գրքերը, որոնցից մեկում՝ Վ. Վինսինովսկու «Երևանի նահանգի խաղողի կարևորագույն տեսակների ամպելոգրաֆիական նկարագրությունը» աշխատությունում համառոտ նկարագրվում է խաղողի հայկական երեսուն տեսակ՝ ողկույզների ու տերևների նկարներով: Հարկ է առանձնացնել Սև Արենի տեսակը, որը հայկական աբորիգեն խաղող է և պատկանում է արևելյան էկոլոգո-աշխարհագրական խմբի տեսակների շարքին: Անվանումը կապվում է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի հետ: Հայաստանում ամենատարածված տեսակներից է և մշակվում է հնագույն ժամանակներից: Ողկույզն ու պտուղը միջին մեծության են: Վերջինիս հասունացած պտուղներն ունեն միջին քաղցրություն և բարձր թթվայնություն: Սև Արենին ուշահաս է, միջին բերքատվությամբ, բերք է տալիս տնկելուց չորս տարի անց: Այս տեսակի խաղողից ստացվում է հարուստ գույնով, համային յուրահատուկ հատկանիշներով մարմնեղ գինի, որն աչքի է ընկնում թավշայնությամբ և անմոռանալի համային փնջով: Գինին հիշեցնում է անտառային թարմ հատապտուղների ու համեմունքների անուշ բույր: Այն քիմքը շոյում է շքեղ և համաչափ աղաղե համադրությամբ՝ ստեղծելով համային ներդաշնակություն և բացառիկ հետհամային զգացողություն: Ահա այս տեսակով էլ վայոցձորյան աշխարհում՝ մասնավորապես՝ «Գետափի գինու գործարանում» ստեղծվում է «Ագոս» գինին:
«Ագօս» գինու ծնունդը
Հայոց լեռների չմշակված հողը սկսվեց մշակվել: Եվ խոփը հողը կտրեց, շուռ տվեց մի կողմ ու բացվեց ակոսը: Հայոց սարերի ջուրը լցվեց այդ ակոսի մեջ ու ոռոգեց հողը: Արենի խաղողի բարձր տեսակները պիտի աճեին այդ հողում և պիտի ծնվեր «Ագօս» գինին… ու ծնվեց: Թե ինչպես ծնվեց` պատմում են այս մեծագույն գաղափարի շուրջ կանգնած մարդիկ` Գետափի գինու գործարանի ղեկավար Մանվել Ղազարյանը և ֆրանսաբնալ Մարո Սիրանոսյանը։
Պատմում է Մանվել Ղազարյանը
«Ագօս»-ը հայ-ֆրանսիական համատեղ մտքի, ջանքերի ու նվիրումի արդյունքն է: Ինձ համար միշտ գերխնդիր է եղել հայկական գինեգործության զարգացումը բարձր մակարդակի հասցնելը: Եվ հատկապես հայկական Արենի տեսակի խաղողից ամենաբարձր որակի գինի ստանալը ու աշխարհին ցույց տալ, որ մենք մեր այս սարերի մեջ աճող տեղաբնիկ խաղողից կարող ենք շատ լավ գինի ստանալ ու ի շնորիհիվ մեր գործընկերներ Մարոյի, Դամիանի և այլոց՝ մենք կարողացանք ստանալ գինի, որով ես այսօր հպարտանում եմ: Եվ հայ ժողովուրդը ևս կարող է վստահ հպարտանալ: Առաջին անգամ, երբ Ֆրանսիայի Բուրգունդիայից ժամանած գինեգործ Գաշոտը տեսավ ու համտեսեց Արենի խաղողը՝ խոստացավ պատրաստել իմ ուզած գինին, որով պիտը պիտի ամբողջ աշխարհին վստահ ցույց տամ: Իրականում՝ մենք արտադրում ենք գինու բազմաթիվ տեսականի, բայց դրա հետ մեկտեղ պետք է խոստովանեմ, որ «Ագօս» գինու նման երբևիցե չենք ստացել: Այստեղ աշխատել է ֆրանսիական պրոֆեսիոնալ փորձն ու մոտեցումը, որը աշխարհում լավագույններից է: Գինին պատրաստվում է Արենի տեղական հատընտիր խաղողից, որն աճեցնում ենք 1300-1500 մ բարձրության վրա գտնվող այգիներում: Դրանք գտնվում են Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի տարածքում: Սկզբում մեր գլխավոր նպատակը որակյալ գինի ստանալն էր: Անվանումը դեռ որոշված չէր: Հենց սկսվեց շշալցվել՝ Մարոն՝ մեր հարգարժան գործընկերը, ինձ առաջարկեց Հրանտ Դինքի պատվին «Ագօս» կոչել: Ես անմիջապես համաձայնեցի՝ հրաշալի համարելով որոշումը: Եվ այսօր «Ագօսը» հասնում է հիմնականում Ֆրանսիա, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն, Մերձբալթյան երկրներ, ԱՄՆ: Այնպես որ՝ լավագույն ավանդույթները շարունակվում են:
Պատմում է Մարո Սիրանոսյանը
1970-ական թթ. ծնողներս Բեյրութից տեղափոխվեցին Ֆրանսիա: Ես ուսումս ստացել եմ Ֆրանսիայում: Ամուսնացել եմ վաղ տարիքում: Երեխաներս աշխարհահռչակ երաժիշտներ են: 1998 թվականին գնացի համալսարան գինու մասին սովորելու համար: Իմ դասախոսներից մեկը մի անգամ ասաց, որ գինու հիմքը Հայաստանում է՝ Արենիի շրջանում: Եվ այս մասին ամենքը գիտեն: Եվ իմ թեզը հայկական գինիների մասին որոշեցի գրել: Այդ թվականներին Հայաստանում միակ ընտանիքը, որ գինով էր զբաղվում Ղազարյանների ընտանիքն էր՝ Մանվել Ղազարյանի գլխավորությամբ: Սակայն պետք է խոստովանեմ, որ նրանց պատրաստած գինին ֆրանսիական նրբությունն ու տեխնոլոգիան չուներ: Հրաշալի այգիներ ունեին Արենի խաղողի, բայց տեխնոլոգիա չկար: Այսօրվա Ֆրանսիայի մեծ գիտնականներն ասում են, որ Արենի խաղողը ոչ միայն ֆրանսիական, այլ նաև աշխարհի գինիների արմատն է: Ու դա ապացուցված է գիտականորեն: Թեզս գրելու համար եկա Հայաստան, մոտեցա Մանվելին, որն ինձ ամեն կերպ օգնեց: Այդ ժամանվանից սկսվեց մեր ծանոթությունն ու բարեկամությունը: Երբ Մնվելը հարցրեց, արդյո՞ք լավն են Հայաստանի գինիները, ասացի նրան, որ հողն լավն է, խաղողի տեսակը լավն է, բայց տեխնոլոգիան այն չէ: Եվ ես նրան խոստացա, որ երբևէ պրոֆեսիոնալ մասնագետ պիտի տանեմ Հայաստան, որպեսզի բարձր որակի գինի պատրաստվի: Շատերը չգիտեն, որ հայկական խաղողի հարյուրավոր տեսակներ կան, որի շուրջ ուսումնասիրություններ են արված: Դրանց մեծամասնությունները կորսված են: Սակայն Արենին մնաց, քանի որ տոկուն սորտ է: Եվ ես Մանվելին ասացի, որ կարող ենք այդ նույն խաղողից, որն աճում է քո այգիներում հրաշալի գինի ստանանք: Եվ 2017 թվականի բերքից սկսվեց «Ագօս» գինու ստացումը: Գիտե՞ք այդ ֆրանսիացի գինեգործը, որ եկավ Հայաստան, սիրահարվեցավ: Հիմա իր ազատ կամքով է գնում Գետփի այգիները: Նա սովորեցրեց աշխատակիցներին ճիշտ մշակել այգին և բերքը:
Իսկ ինչո՞ւ Ագօս: Այդ տարում Ֆրանսիայում տպագրվեց մի գիրք, որը պատմում էր Հրանտ Դինքի մասին: Երբ կարդացի, ավարտեցի այն, որոշեցի, որ գինին պետք է «Ագօս» կոչվի՝ ի պատիվ Հրանտ Դինքի: Այնուհետև Մանվելին ասացի այդ մասին, որն էլ սիրով ընդունեց իմ առաջարկը: Ապա շշի պիտակը ձևավորվեց Հայաստանում: Երբ շրջեք շիշը կտեսնեք Հրանտ Դինքի դիմագծերը: Ես այս ծրագիրն արեցի այն նպատակով, որ կարողանամ ֆրանսիական լավագույն գինիների կողքին դնել հայկականը և հպարտանալ: Եվ այսօր այդ երկրի լրագիրները խոսում են «Ագօս» գինու մասին, այդ երկրի «Միշելնյան» ռեստորաններում սիրված է «Ագօս» գինին:
Իսկ ի՞նչ է նշանակում «Ագօս» կամ «Ակօս»
Դասական ուղղագրութեամբ՝ ակօս, վանկեր՝ ա-կօս:
Ակօս ըստ Անդրանիկ Վրդ. Կռանեանի «Բառգիրք հայերէն լեզուի» աշխատության (Պէյրութ, 1998, Էջ 13)՝ նշանակում է խոփի բացած գիծը արտին մէջ կամ հերկուած ածու: Իսկ մեկ այլ աղբյուրի համաձայն՝ «ակօս» բառը փոխաբերական իմաստ ունի և նշանակում է դեմքի փոթ, խորշոմ, կնճիռ: Աղբ.՝ Գնէլ արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան եւ Արտաշէս Տէր Խաչատուրեան «Հայոց լեզուի նոր բառարան», Պէյրութ,1992, էջ 27:
Իսկ Ստեփան Մալխասեանցը իր «Հայերէն բացատրական բառարան»-ում (Երեւան,1944, էջ 56) նշում է՝ ակօսը արօրի կամ գութանի խոփի կտրած փոսն է հողի մեջ՝ խոր ակօս, ուղիղ՝ նեղ ակօս: Նմանութեամբ՝ խոր կնճիռ կամ խորշոմ ճակատի և երեսի վրայ:
Ինչ էլ լինի՝ թող որ ակօսները հայոց հողից երբեք չպակասեն, իսկ մարդկության դեմքի ակօսներում թող որ խաղաղության դրոշմը մշտապես լինի կնիքված:
Դառնալով գինուն՝
Համտեսելով «Ագօս» ֊ը կարելի է վստահորեն ասել` «Հայկական այս գինու առանձնահատկությունն այն է, որ զգումս ես այն, ինչը չես կարող անգամ բառերով արտաբերել: Եվ «Ագօս»-ի լինելիությունը գալիս է փաստելու մի հստակ իրողություն ըստ որի՝ խաղողի և գինու մշակույթն ուղղակիորեն առերեսվում է այն ստեղծողների ու կրողների ինքնության հետ՝ դառնալով նրանց հոգևոր ու նյութական աշխարհընկալման կարևորագույն բաղադրիչը»:
