Ե՛վ խոսքերով, և՛ սիմվոլիկայով պատերազմի եռագլուխ կուսակցությունը կասկածի տակ է առնում խաղաղության պայմանավորվածությունը: Հիմա այն խմբակցությունը, որ եկավ խորհրդարան, էլի այս նույն դրոշները դնելո՞ւ է իր սեղանին: Այդտեղից սկսվում է անվտանգային սպառնալիքների գեներացումը, որովհետև ստացվում է, որ Հայաստանի խորհրդարանում կա ուժ, որ խաղաղության համաձայնագրի ճարտարապետությունը, որը չի ընդունում: Սա շատ ուղիղ գեներացնում է սպառնալիք և ռեակցիաներ, և մենք պետք է պատճառահետևանքային կապերը տեսնենք ու առերեսվենք այդ կապերի հետ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ-ի՝ ավելի քան 700 հազար քաղաքացիներ գնացել են և հաստատել են խաղաղության օրակարգին հավատարմություն, և սա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է: Դա ընտրություններին արտահայտված թիվը չէ, դա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է, որովհետև այդ թիվն արտահայտվել է ընտրակաշառքի բերումով:
ՀՀ-ն պետք է ինքն իրեն պաշտպանելու լծակներ գտնի: Դա լրտեսական ցանց է, որը աշխատել է, ընդ որում՝ դե ֆակտո և դե յուրե լրտեսական ցանց է: Այստեղ պետությունը չքմեղանալու ոչ մի առիթ չունի: Դրանց պետք է արմատախիլ անել շատ կոնկրետ ձևերով, հակառակ դեպքում, այո՛, նրանք ամեն ինչ անելու են կոնֆլիկտը վերակենդանացնելու, պատերազմ վերստեղծելու համար: Մենք հիմա վստահորեն կառավարում ենք իրավիճակը, բայց նաև մեր ժողովուրդը պետք է դրա մասին տեղյակ լինի:
Կարճ ասած՝ էլի հարցը սա է: Հիմա այդ ուժերը գալու են, Ղարաբաղի շարժումը շարունակելո՞ւ են, թե՞ չեն շարունակելու: Այն ուժը, որը գալիս, ասում է նախընտրական շրջանում՝ մենք 29743 քառակուսի կիլոմետրով չպետք է բավարարվենք, ըստ էության, նա հարևաններին պատերազմ է հայտարարել արդեն: Ընդ որում՝ անորոշ հարևանների անորոշ պատերազմ, այսինքն՝ տեղի է ունենում հարևանների կոնսոլիդացիա մեր դեմ, և ՀՀ-ն պետք է ռեակցիա տա: Հակառակ դեպքում մեզ պիտի ասեն՝ դուք համաձայն եք այդ խոսույթի հետ:
Բա ընտրակաշառքով երկիրը բերեն դնեն հարվածի տա՞կ: Ու որևէ մեկը ուզում է չքմեղանալ: Բերեն օտարերկրյա գործակալին դնեն ցուցակի մեջ, որ ԱԺ գաղտնի արձանագրությունները փողով դո՞ւրս է տալիս, և որևէ մեկը պետք է չքմեղանա՞:
Սա միայն ընտրություն չէ, սա երեխաների հեղափոխություն է, և երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետք է ջարդուփշուր արվի հենց բնում: Այդ սպառնալիքներն անուններ ունեն՝ Ռոբերտ Քոչարյան, Կալուգացի օլիգարխ և բելառուսամետ օլիգարխ, պիտի ջախջախենք իրենց բնում:
Ես էլի ասում եմ այս ամբիոնից. ՀՀ քաղաքացինե՛ր, ես ասում եմ, քանի վարչապետ եմ, հասցեական ջախջախելու եմ դրանց: Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել ՀՀ-ում և փոխել կառավարությունը: 2024 թվականին ո՞նց ասացի՝ Ղարաբաղի շարժումը չի շարունակվելու, ով համաձայն չէ… Ընդդիմությունը կոչ չի անում դուրս գալ փողոց, ես եմ կոչ անում՝ Կալուգացի՛ օլիգարխ, Ռոբե՛րտ Քոչարյան, Բելառուսացի՛, ջախջախելու եմ, անհատապես ջախջախելու եմ, ու իրենց շոշափուկներին և մետաստազներին ջախջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով: Ով ՀՀ քաղաքացիներից համաձայն չէ, հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ, հեղափոխություն արեք, այս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա»,- ասաց նա:
