20դիտումների քանակը

Եվրամիությունն արագացված ընթացակարգով աջակցության միջոցառումների փաթեթ է նախապատրաստում Հայաստանի համար՝ մեղմելու Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների հետևանքները: Այդ մասին գրում է հեղինակավոր Financial Times պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նրանց խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը մշակում է այսպես կոչված առևտրային ինքնավար միջոցառումներ, որոնք կօգնեն նվազեցնելու հայկական սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մաքսատուրքերը: Միաժամանակ Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է օգնել հայկական բիզնեսին՝ հասանելիություն ստանալու Եվրամիության շուկային, աջակցել Հայաստանի տնտեսությանը, և հատկապես այն ոլորտներում, որոնք ամենաշատն են տուժել:

Ըստ Financial Times-ի՝ այս նախաձեռնությունը պատասխանն է Ռուսաստանի քայլերին, որոնք իրականացվել են Հայաստանի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ: Բրյուսելի գնահատմամբ՝ Մոսկվայի նպատակն էր նմանատիպ սահմանափակումներով ճնշում գործադրել Հայաստանի կառավարության վրա, որը ցանկանում է ավելի մոտ լինել Արևմուտքին։ «Չնայած ճնշումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը հաղթեց ընտրություններում»,- գրում է պարբերականը։

Միջոցառումները, որոնք պետք է արժանանան ԵՄ անդամ պետությունների մեծամասնության և Եվրախորհրդարանի հավանությանը, կընդգրկեն ռուսական սահմանափակումների տակ հայտնված մոտ 20 ապրանքատեսակի մեծ մասը: Դրանց արժեքը, ըստ երկու աղբյուրի, կազմում է տարեկան մոտ 420 միլիոն եվրո: Բրյուսելը մտահոգված է, որ Մոսկվան կարող է մեծացնել Հայաստանի նկատմամբ առևտրային ճնշումը։

Նշվում է, որ օրերս ԵՄ արտգործնախարարները Լյուքսեմբուրգում այս հարցը քննարկել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Չնայած հնարավոր դժվարություններին և մտավախություններին, որ եվրոպական շուկան չի կարող երկարաժամկետ այլընտրանք դառնալ ռուսականին, ըստ պարբերականի՝ եվրոպական կողմը կարող է համապատասխան առաջարկներ ներկայացնել արդեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Նմանատիպ այլ նորություններ