Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանն առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչի, որտեղ 4։0 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Կառլ Բաֆին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով ջախջախել է Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին, իսկ կիսաեզրափակչում առավելության է հասել Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուի նկատմամբ։
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալին արժանացել է 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը: Վճռորոշ գոտեմարտում Ասլանյանը ժամանակից շուտ՝ 11:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Մաիրբեկ Սալիմովի նկատմամբ:
Բրոնզե մեդալը նվաճելուն մոտ էր նաև 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը, սակայն, մեդալային գոտեմարտում 1:3 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին:
Այսօր ավելի վաղ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը նշող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել եզրափակիչ: Մ23 տարեկանների ոսկե մեդալակիրը կիսաեզրափակչում ժամանակից շուտ վստահ հաղթանակ է տարել Եվրոպայի եռակի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամադլիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Ոսկե մեդալի համար նա վաղը կգոտեմարտի սերբ Գեորգի Տիբիլովի հետ:
Բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք են ստացել նաև Սլավիկ Գալստյանը (63 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ):
