Ապրիլի 21-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի արտահերթ նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ օրակարգում ինտենսիվ տեղումների հետևանքով գետերի ելքերի հնարավոր աճի և լեռնային շրջաններում ձյան հալոցքով պայմանավորված հնարավոր հեղեղումների ռիսկերի վերաբերյալ հարցերն էին։
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 20-ից 21-ը հանրապետության գետերի մեծ մասում կանխատեսվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի։ Վեդի, Ազատ և Վայոց ձորի մարզի գետերում հնարավոր են ջրի անբարենպաստ ելքեր։ Նշվել է նաև, որ ապրիլի 24-ից սկսած սպասվում են ինտենսիվ տեղումներ և ջերմաստիճանի բարձրացում, ինչի հետևանքով ձնհալի ակտիվացումը կարող է առաջացնել գետերի մակարդակի բարձրացում՝ ստեղծելով որոշակի ռիսկեր։
Տեղեկությունը ստանալուց հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք միջոցառումներ՝ կազմակերպվել են իրազեկման աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել ՀՀ ՏԿԵ, ՇՄ նախարարությունների և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։ Հորս, Ակունք և Փամբակ գետերի մակարդակի բարձրացմամբ պայմանավորված՝ արձանագրվել է ջրածածկումների 3 դեպք, որոնք հիմնականում կապված են եղել գետաբերանների հատվածներում ջրաբերուկների և աղբի կուտակման հետևանքով առաջացած խցանումներով։
.jpg)
