56դիտումների քանակը

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքների հրապարակումը վերջ դրեց ամիսներ տևած քարոզարշավային էպոպեային։ Ընտրատեղամասեր գնացած 1 միլիոն 476 հազար 597 քաղաքացիների քվեների (մասնակցությունը՝ 58,97%) նախնական տեղաբաշխումը ձևավորում է մի նոր Ազգային ժողով, որն առաջին հայացքից թվում է նախորդի պատճենը, սակայն իրականում կրում է որակական այլ կոդեր։

Թվերի լեզվով. իշխանության նահանջը և ընդդիմության նոր կշիռը

Եթե դաշտից դուրս թողնենք 4%-ի անցողիկ շեմի վրա հայտնված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դրամատիկ 3,99%-ը (ընդամենը 0,01%-ի դեֆիցիտով) և կենտրոնանանք խորհրդարան անցած երեք հիմնական ուժերի վրա, 2021 թվականի համեմատ քվեների ներքին տեղաշարժն ակնառու է։

Իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այս ընտրություններին արձանագրել է տոկոսային կորուստ՝ կանգնելով 50%-ի սահմանագծին (2021 թվականի 53,91%-ից նվազելով մինչև 49,81%)։ Չնայած այդ հանգամանքին՝ բացարձակ թվերով ՔՊ-ն արձանագրել է քվեարկողների քանակական աճ՝ 688 761 ձայնի փոխարեն ստանալով 727 160 ձայն, կամ մոտ 38 400-ով ավելի։

Միևնույն ժամանակ ընդդիմադիր դաշտում տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն. երկրորդ դիրք է բարձրացել նոր ձևավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ հավաքելով 23,29% (340 062 ձայն), ինչը 2,18%-ով ավելի է, քան 2021 թվականին երկրորդ տեղը զբաղեցրած ուժի ցուցանիշը։

Իսկ երրորդ հորիզոնական նահանջած «Հայաստան» դաշինքը, թեև կորցրել է իր նախկին դիրքը, սակայն արձանագրել է զգալի աճ՝ 2021 թվականի երրորդ ուժի («Պատիվ ունեմ» դաշինքի 5,22%-ի) համեմատ գրեթե կրկնապատկելով իր տոկոսը և հասցնելով 9,94%-ի (145 097 ձայն)։

Թե որոնք են այս պատկերի ձևավորման գործոնները, դեռ կքննարկենք։ Բայց այս թվերի հետևում թաքնված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր մարտահրավերը։ Հավաքելով 49,81%՝ ՔՊ-ն պահպանում է ինչպես պարզ, այնպես էլ, այսպես կոչված, որակյալ մեծամասնությունը, բայց զրկվում է սահմանադրական կամ բացարձակ մեծամասնությունից։ 105 պատգամավորից բաղկացած խորհրդարանի պարագայում սահմանադրական օրենքների ընդունման, դատական, արդարադատության ու անկախ մարմինների ղեկավար կազմերի ընտրության համար անհրաժեշտ է 3/5 (63 մանդատ), իսկ լիակատար քաղաքական վերահսկողության և ինքնուրույնության կամ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար՝ 2/3 (70 մանդատ)։ Ըստ էության, միայն վերջին խնդիրը ՔՊ-ն գումարվող նոր խորհրդարանում չի կարողանալու լուծել՝ անհրաժեշտության դեպքում ստիպված լինելով գործակցություն փնտրել ընդդիմադիր խմբակցությունների կամ դրանց առանձին ներկայացուցիչների հետ։

Միևնույն ժամանակ պետք է նկատի ունենալ, որ ընդդիմադիր հատվածի գումարային քվեն 26,33%-ից (2021 թ.) աճել է մինչև 33,23%, և ընդդիմությունն ունի լեգիտիմ, խորհրդարանական ուղիղ 1/3-ը կազմող բլոկ։ Այս իմաստով ակնհայտ է, որ 2021 թվականի ընտրությունների համեմատ քվեարկողների քանակի 194 600-ով կամ 9,57%-ով ավելացումն ավելի շատ ծառայել է ընդդիմադիր ուժերի շահերին, քան իշխանության։

Որակական տրանսֆորմացիա. նոստալգիայից դեպի ցանցային պոպուլիզմ

Սակայն, ըստ ամենայնի, ամենաարմատական փոփոխությունը տեղի է ունենում խորհրդարանական ընդդիմության կերպափոխման առումով։ 2021 թվականին ընդդիմությունը դասական էր, «ռևանշիստական»՝ կառուցված նախկին նախագահների ինստիտուցիոնալ փորձի ու ձգտումների, հին էլիտաների նոստալգիայի վրա։

2026 թվականի խորհրդարանական ընդդիմությունն այդպիսին չէ։ Առաջատարի դիրքը ստանձնած նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» դաշինքն իրեն դիրքավորեց որպես նոր ուժ՝ չնայած դրա հիմնական ակտիվը ձևավորված է թե՛ Ռ․ Քոչարյանի, թե՛ Ս․ Սարգսյանի քաղաքական թիմերի ներկայացուցիչներից։ Բայց հանրությանն այն փորձեց ներկայանալ հին համակարգի անմիջական կառավարչական պատասխանատվությունից զերծ։ Անկասկած, այս դիրքավորումը դրսևորվելու է նաև խորհրդարանում, եթե ընդդիմությունը որոշի վերցնել մանդատները։ Նոր ընդդիմության մյուս առանձնահատկությունն այն է, որ նախկին դոգմատիկներին փոխարինելու են գալիս ավելի մեդիականացված անձինք, որոշակի ցանցային ազդեցություն ունեցող դեմքեր։

Այս ամենին գումարվում է իշխող ուժի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի որդեգրած նոր՝ էլ ավելի կոշտ մարտավարությունը։ Նրա հայտարարած «անողոք պայքարը քրեաօլիգարխիկ համակարգի դեմ» և դրա շրջանակներում խորհրդարանական ընդդիմության առանցքային առաջնորդների՝ Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ուղիղ թիրախավորումը, Կաթողիկոսի դեմ ռեստարտ արվող քաղաքական արշավի հետ մեկտեղ, ընդդիմության նոր տիպի ֆոնին կանխորոշում է նոր, թերևս ավելի բևեռացված, ավելի անողոք դիսկուրսներով ու տեսարաններով մթնոլորտ։ Սա նշանակում է, որ Հայաստանը թևակոխում է ոչ թե ինստիտուցիոնալ պառլամենտարիզմի, այլ «խորհրդարանական խրամատավորման» փուլ, որտեղ քաղաքական երկխոսությունն ու օրինաստեղծ աշխատանքը տեղը զիջելու են մանդատների լեգիտիմության փոխադարձ մերժման և ինստիտուցիոնալ բախումների թատերաբեմին։

Ազգային ժողովի ամբիոնն ընդդիմության համար մնալու է բացառապես ընդգծված ռուսականացված քարոզչական տրիբունա՝ գործընթացները փողոց տեղափոխելու հաշվարկներով։

Ներկայացուցչական իմաստով 9-րդ գումարման խորհրդարանը դառնում է Հայաստանի պատմության ամենից բևեռացվածը։ Քանի որ ընտրություններին մասնակցած բազմաթիվ մանր ուժերի ձայները «փոշիացան» (մոտ 17-18%), ընտրատեղամաս գնացած գրեթե ամեն հինգերորդ քաղաքացին խորհրդարանում չունի իր քաղաքական խոսափողը։

Դաշտը մնացել է բացարձակ երկբևեռ։ Չկա միջանկյալ սեգմենտ, չկան կիսատներ։ Այս առումով իր կատարած ընտրությամբ հասարակությունը խուսափեց նորահայտ ալտերնատիվներից՝ ընտրելով արդեն ծանոթ, կոշտ հակադրության մոդելը։

Նմանատիպ այլ նորություններ