ԱՄՆ-ն չեղարկել է ապրիլի 6-ին Արգենտինայում մեկնարկելիք «Atlantic Dagger» զորավարժությունները՝ Իրանի հետ հակամարտության պատճառով։ Այս մասին հաղորդում է «Clarin» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն սկզբում իր արգենտինացի գործընկերներին տեղեկացրել է զորավարժությունները հունիս ամսին հետաձգելու մասին՝ նշելով «գործառնական պատճառներ», սակայն հետո նոր ամսաթիվը նույնպես չեղարկվել է։
ԱՄՆ բանակի, ռազմաօդային ուժերի և ծովային հետևակի ուժերի մասնակցությամբ «Atlantic Dagger» զորավարժությունները առաջին անգամ պլանավորվել էին Արգենտինայում։ Դրանք պետք է ընդգրկեին հարավամերիկյան երկրի մի քանի նահանգներ, այդ թվում՝ Հրեղեն Տիերրա, Սանտա Կրուս, Բուենոս Այրես և Կորդոբա։ «Clarin»-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն անհնար է համարել զորքերի և Lockheed C-5 Galaxy ռազմական տրանսպորտային ինքնաթիռների տեղափոխումը Արգենտինա, որոնք կարող են անհրաժեշտ լինել Մերձավոր Արևելքում։
Ինչպես նշում է հրատարակությունը, արգենտինական կողմը դեռևս սպասում է ապրիլի վերջին ամերիկյան USS Nimitz ավիակիրի ժամանմանը և UNITAS ռազմածովային զորավարժություններին նրա մասնակցությանը, որոնք տեղի կունենան սեպտեմբերին Պերուում։
