14դիտումների քանակը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ 1999 թ. ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար Արծրուն Մարգարյանի սպանության գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, և կրկին մեղադրանք է առաջադրվել նրա թիկնապահներին՝ Արսեն և Արմեն Խաչատրյաններին։

Ըստ դատախազության՝ 2025 թվականին ուսումնասիրվել են քրեական գործի նյութերը, և նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն։ Այդ փորձաքննության եզրակացությամբ էլ արձանագրվել է, որ Արծրուն Մարգարյանի՝ կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային ծանր վնասվածքի հետևանքով նրա շարժունակությունը կտրուկ սահմանափակված կլիներ, և նա կարճ ժամանակ անց գործնականում չէր կարողանա կատարել որևէ նպատակային ու համակարգված գործողություն։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ այդպիսի վնասվածքի պայմաններում գործնականում անհավանական է եղել, որ Արծրուն Մարգարյանը կարողանար ինքնուրույն զենքն ուղղել գլխին և արձակել մահացու կրակոց։

Ո՞վ էր Արծրուն Մարգարյանը, և ի՞նչ էր տեղի ունեցել 1999 թ.

Գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը 1999 թ. եղել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության փոխնախարար։ Ավելի վաղ զբաղեցրել է ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը։ Իշխանության ներսում ազդեցություն ունեցող դեմքերից մեկն էր։ Ի վերջո, գլխավորել է մի կառույց, որի վրա մեծ պատասխանատվություն էր դրված։

Սպանությունից մեկ տարի առաջ Արծրուն Մարգարյանի նկատմամբ մահափորձ էր կատարվել։ Դեպքը տեղի էր ունեցել 1998 թ. հունվարի 21-ին. անհայտ անձինք կրակել էին Մարգարյանի ոտքերին։

Սա այն ժամանակն էր, երբ իշխանության ներսում ԼՂ հիմնահարցի պատրվակով տարաձայնություններն արդեն խորացել էին, և հայտնի ուժերի կողմից նախապատրաստվում էր ներպալատական հեղաշրջում, որը փետրվարի 3-ին պետք է ավարտվեր նախագահ Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրելով։

1998-ի այդ օրերին այլ մահափորձեր էլ էին եղել. Մարգարյանի հետ կատարվածից 3 օր առաջ՝ 1998 թ. հունվարի 18-ին, նախագահի թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի նկատմամբ էր մահափորձ իրականացվել։ Արմավիր-Երևան մայրուղու 50-րդ կիլոմետրին նրա մեքենայի ուղղությամբ կրակահերթ էին արձակել, սակայն Ղազարյանը չէր տուժել։

Եվ ահա, հունվարի 21-ին էլ տեղի էր ունեցել այն ժամանակ Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի՝ Հայաստանի ներքին կայունությունը պահպանող զորամասի հրամանատարի նկատմամբ մահափորձը։

Իսկ ահա մահափորձից մեկ տարի անց Մարգարյանը սպանվեց։ Դեպքը տեղի էր ունեցել 1999 թ. փետրվարի 8-ին` Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի եզրին։

Նշվում էր, որ դեպքից գրեթե մեկ տարի առաջ արդեն Արծրուն Մարգարյանը հաճախ է եղել անտրամադիր, մտահոգ։ Սա չէր կարող կասկածների տեղիք չտալ։ Բայց ինչը դարձավ նրա սպանության պատճառը, և ամենակարևորը՝ ինչպե՞ս տեղի ունեցավ սպանությունը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան։

Կատարվածից հետո Մարգարյանի թիկնապահներ Արսեն և Արմեն Խաչատրյաններին մեղադրանք էր առաջադրվել Արծրուն Մարգարյանի սպանության համար։ Նրանք կալանավորվել էին և 5 ամիս անցկացրել բանտում։ Հետագայում, սակայն, նախաքննության մարմինը հանգել էր այն եզրակացության, որ նրանք որևէ հանցանք չեն կատարել, իսկ Արծրուն Մարգարյանը թիկնապահների նկատմամբ մահափորձ կատարելուց հետո ինքնասպանություն է գործել։ Եվ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ սպանության մասով քրեական գործի վարույթը՝ կարճվել։

Երկար տարիներ կատարվածը համարվում էր առեղծվածային, իսկ ինքնասպանության մասին նախաքննության վարկածը՝ կասկածելի։

Ի՞նչ էր գրում այն ժամանակ մամուլը

«Մեկ տարի առաջ՝ փետրվարի 8-ի գիշերը, դադարեց բաբախել ՆԳ և ԱԱ փոխնախարար, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սիրտը։ Նախաքննական մարմնի վարկածով՝ նա ինքնասպանություն էր գործել։ Սակայն գործի նման բացահայտումը կասկածելի է ոչ միայն Արծրուն Մարգարյանի մերձավորների և բարձրագույն հրամանատարական կազմի համար»,— 2000 թ. փետրվարի 8-ին գրել է «Առավոտ» օրաթերթը։

Հատկանշական են կատարվածից հետո շրջանառվող պաշտոնական վարկածները։ «Առավոտ» օրաթերթը գրում է.

«1999 թ. փետրվարի 9-ին Նոր Հաճն-Երևան մայրուղու մոտ հայտնաբերվել է ՀՀ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի դիակը։ Նույն օրը նախագահն «Առավոտի» թղթակցի հարցին պատասխանեց. «Ամեն ինչ բավական պարզ է»։ Նույն օրը ձերբակալվեցին Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արմեն և Արսեն Խաչատրյանները։

Փետրվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության ԼԾ ղեկավար Գուրգեն Ամբարյանն «Ազատության» թղթակցին հաղորդեց, թե չի բացառվում ինքնասպանության վարկածը։

Փետրվարի 11-ին ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը կտրականապես հերքեց Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը։

Փետրվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասուլիս հրավիրեց և ասաց, որ նախաքննության մարմնի և ՆԳ նախարարության միջև վարկածների առումով տարաձայնություն չկա, պարզապես «ձեռք բերված տվյալների քիչ լինելու պատճառով» առաջ են քաշվել մի շարք վարկածներ։

Արծրուն Մարգարյանի ընկեր Անդրանիկ Քոչարյանը փետրվարի 17-ին մամուլով հայտարարեց, որ այս սպանությունը չէր լինի, եթե արագ բացահայտված լիներ Խորխոռունու սպանությունը»։

Դիակի զննություն և կասկածելի հանգամանքներ

Մարգարյանի ընկերը՝ Մեղրու ՆԳ շրջանային վարչության նախկին պետ Դավիթ Մաթևոսյանը, Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու նիստի ընթացքում ամբիոնից սուր քննադատական ելույթ էր ունեցել Արծրուն Մարգարյանի սպանության դեպքի առնչությամբ դատախազության գործողությունների վերաբերյալ։

«Հանգամանքների բերումով մասնակցում էի որոնումների աշխատանքներին, եղել եմ դեպքի վայրում, ականատես եմ եղել դեպքի վայրի և դիակի զննությանը»,— ասել էր նա՝ հավելելով, որ դեպքի վայրի զննության ժամանակ ականատես եղավ, թե դատախազության աշխատակիցներն ինչքան անտրամաբանական մոտեցում ցուցաբերեցին դիակի զննության ընթացքում։ «Եթե հիշում եք՝ հատկապես կարևորագույն գործերով քննիչին, որը հպարտանում է, թե ինչպես է ինքը սպանված Արծրուն Մարգարյանի ձեռքից վերցրել ատրճանակը... Ես զարմացած ու ապշած էի»,— ասել էր նա՝ հավելելով, որ քննիչն այնքան էր ոգևորված ինքնասպանության վարկածը հաստատելու ուղղությամբ, որ շատ հանգամանքներ աչքաթող էին արել։

Ավելի ուշ Դավիթ Մաթևոսյանը պատմել է, թե ինչպես զննություն կատարող անձն անզեն ձեռքով, առանց ձեռնոցների, մահացած Մարգարյանի ձեռքից վերցրեց ատրճանակը։ «Երկու կրակոցի հետք կար մարմնին։ Մի վերքից երևում էր, որ փամփուշտն առջևից էր մտել, կրծքավանդակից ու երիկամից դուրս էր եկել, երկրորդը ծոծրակից էր մտել և դուրս էր եկել աչքից։ Երկու կրակոցներն էլ մահացու էին»,— նշել էր նա։

Եվս մեկ մեջբերում «Առավոտ» օրաթերթից.

«Բազմիցս նշվել է, թե 1999-ի փետրվարի 8-ին ինչպես էին զարգացել դեպքերը Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի եզրին։ Սակայն կարծեմ չի հրապարակվել, որ եթե սկզբում թիկնապահները նույնաբովանդակ ցուցմունքներ էին տվել, հետագայում Արմեն Խաչատրյանը նշել էր, թե իջնելով ավտոմեքենայից ու դիմելով փախուստի՝ վազել ու թաքնվել էր շուրջ 50 մետր հեռավորության վրա գտնվող մի փոսում։ 10 րոպե հետո լսել էր երկու կրակոցի ձայն, որից 5 րոպե հետո նոր էր միայն հայտնվել Արսեն Խաչատրյանը։ Իսկ վերջինս ցուցմունք էր տվել, թե փախուստի էր դիմել, թաքնվել մի փոսի մեջ, բայց Արծրուն Մարգարյանն ատրճանակը ձեռքին հետապնդել էր իրեն։ Եվ երբ նա մոտեցել էր իր թաքստոցին՝ Արսեն Խաչատրյանն առաջ նետվելով բռնել էր նրա ձեռքերից, և այդ պահին քաշքշոցի ժամանակ հնչել էր առաջին կրակոցը։ Հետո խլելով ատրճանակը՝ դրանով հարվածել էր նրա կրծքավանդակին, որի հետևանքով արձակվել էր 2-րդ կրակոցը։ Իսկ երրորդն արդեն կրակել էր ինքը՝ Արծրուն Մարգարյանի ընկած դիրքում ու գլխի վրա։ Ապա ինքնասպանության պատկեր ստեղծելու նպատակով լիցքաթափել էր ատրճանակը և այն դրել Արծրուն Մարգարյանի ձեռքի մեջ՝ սեղմելով դաստակն ու մատները, և վերադարձել էր Արմեն Խաչատրյանի մոտ։

Տեղն է հիշել, որ այս գործով շուրջ 50 փորձաքննություն է անցկացվել։ Եվ դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ ատրճանակը հետագայում դնելու, դաստակն ու մատները սեղմելու բնորոշ նշաններ, հետքեր չկան։ Դատաձգաբանական և հետքաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ չկան նաև ինքնապաշտպանությանը բնորոշ նշաններ, հետքեր։ Մինչդեռ Արծրուն Մարգարյանի մարմինը մեկ օր անց հայտնաբերած նրա ընկերները պնդում էին, թե նրա ձախ ձեռքն ամբողջությամբ այտուցված էր (կա ապացույց), և դա կարող է ինքնապաշտպանության բնորոշ նշան դիտվել։

Հողագիտական փորձաքննության համաձայն՝ Արծրուն Մարգարյանի կոշիկների վրա եղած հողն ունի «ընդհանուր սեռային պատկանելիություն» դիակի հայտնաբերման տեղից վերցված նմուշի հետ, որպիսիք բացակայում էին թիկնապահներ Արմեն և Արսեն Խաչատրյանների կոշիկների վրա։ Ընդդիմախոսները հիշեցին, որ թիկնապահները երկու անգամ տուն էին այցելել. «Գուցե կոշիկները լվացե՞լ կամ փոխե՞լ էին»։

Չնայած դեպքի վայրում առկա 3 պարկուճներին՝ Արմեն և Արսեն Խաչատրյանները նշել էին, թե լսել էին միայն 2 կրակոցի ձայն, թեև կատարված փորձարարությամբ պարզվել էր, որ նրանց գտնվելու վայրից «ակնհայտ լսելի են դիակի ընկած տեղից արձակված բոլոր կրակոցներն էլ»։ Թիկնապահները նաև ցուցմունք էին տվել, թե կրակոցների պահին գեներալը հաստատապես արդեն ավտոմեքենայի մոտ չէր։ Մինչդեռ, ականատեսների վկայությամբ, Խաչատրյանները մինչև ձերբակալվելը՝ Հայկ Հարությունյանի աշխատասենյակում պատմել էին, թե կրակոցներ լսելով (մեքենայից 20-25 մետր հեռավորության վրա գտնվելու պահին) շրջվել և տեսել էին մեքենայի մոտ գլխիկոր կանգնած Արծրուն Մարգարյանին։

Ինչևէ, հետագայում Արսեն Խաչատրյանը հրաժարվել էր իր խոստովանական ցուցմունքներից։ Դրանց շարժառիթը, ըստ որոշ լուրերի, ֆիզիկական ու բարոյական ճնշումներն էին (նրա խուց նաև ինչ-որ մեկին էին նստեցրել, որը համոզել էր իր վրա վերցնել սպանությունը)։ Սակայն նախաքննությունը, թիկնապահի այս շարժառիթներն արդարացի համարելով հանդերձ, ասենք, Արսեն Խաչատրյանին ծեծի ենթարկած որևէ մեկի դեմ գործ չէր հարուցել։ Բայց դրդապատճառները մի կողմ. Արսեն Խաչատրյանը տեղատեսության ժամանակ ճիշտ չէր ներկայացրել դիակի ընկած տեղը, առաջին և երկրորդ կրակոցների միջև 15-30 րոպե տևողության հանգամանքը չէր ներկայացրել և այլն։

Տեղն է նշել, որ դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ կրծքավանդակին արձակված առաջին կրակոցից 15-30 րոպե անց էր եղել երկրորդ կրակոցը գլխին։ Ըստ այդ եզրակացության՝ կրծքավանդակին կրակոցից հետո Արծրուն Մարգարյանը դեռ կարող էր 15-30 րոպե քայլել, շարժվել, ատրճանակը հանել, գործածության մեջ դնել և այլն։ Ընդդիմախոսները որպես միայն ենթադրություն որակեցին փորձաքննության նաև այս եզրակացությունը. «Հաշվի առնելով վնասվածքների տեղակայումն ու բնույթը՝ չի բացառվում, որ տուժողն ինքն իրեն պատճառեր նշված հրազենային վնասվածքները»» (Մեջբերումը՝ ըստ «Առավոտ»-ի 2000 թ. փետրվարի 8-ի հրապարակման):

Անպատասխան հարցեր

Ի վերջո, ինչո՞ւ տեղի ունեցավ Արծրուն Մարգարյանի սպանությունը, ո՞վ էր շահագրգռված, ինչո՞ւ սպանությունը որակվեց ինքնասպանություն, ինչպե՞ս կարող էր մարդը սկզբում իրեն կրակել կրծքավանդակի շրջանում, ապա՝ գլխից, որքանո՞վ էր այս վարկածը հավանական, ո՞ւմ հետքն էին փորձում թաքցնել ինքնասպանության վարկածը առաջ քաշելով, արդյո՞ք հենց թիկնապահներն են նրան կրակել, եթե այո՝ ապա ինչո՞ւ։ Իսկ միգուցե 1997թ. վերջից արդեն Մարգարյանը որոշ տեղեկությունների էր տիրապետում, այդ թվում՝ ներպալատական հեղաշրջման մասին, իսկ միգուցե գիտեր ավելին՝ ինչ տեղի ունեցավ հեղաշրջումից հետո, ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ նա այնուամենայնիվ, ինչ-որ նամակ էր թողել՝ ուղղված Վազգեն Սարգսյանին, բայց դա հայտնվեց նախագահականում՝ Ալեքսան Հարությունյանի մոտ, միգուցե դա էլ արագացրեց կատարվածը։ Ընդհանրապես, ի՞նչ ինֆորմացիայի կրող էր նա, ի՞նչ գիտեր, ինչո՞ւ էր վերջին մեկ տարում, բայց վերջին ամիսներին հատկապես առավել քան մտահոգ, անտրամադիր։

Կատարվածից 27 տարի անց հնարավոր կլինի՞ ամբողջությամբ բացահայտել սպանություն, որը քաղաքական լուրջ շարժառիթներ ուներ, թ՞ե ոչ։ ՈՒ ընդհանրապես, թե ինչ ընթացք կստանա նոր բացված քրեական վարույթը, և արդյոք իրականությունը կպարզվի, ցույց կտա ժամանակը։

Նմանատիպ այլ նորություններ