Պատմական Մուսալեռի Վաքըֆլի հայկական գյուղում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին մասամբ վնասվել է Մարաշում տեղի ունեցած երկու երկրաշարժերից: Փետրվարի 20-ի երեկոյան տեղի ունեցած 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, որի էպիկենտրոնը գտնվել է Հաթայի շրջանում, եկեղեցու շենքում վնասի չափերն աճել են։
Ներկայումս Վաքըֆը բաղկացած է 35 տներից, որոնցում ընդհանուր առմամբ ապրում է 130 մարդ։ Տարերային աղետի ժամանակ բնակչության շրջանում տուժածներ չկան, սակայն որոշ շենքեր լուրջ վնասներ են կրել։
Վաքըֆլի շրջանի ղեկավարը «Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ փետրվարի 6-ի երկրաշարժից անմիջապես հետո եկեղեցին փակվել է պաշտամունքի համար։
«Մի փոքր վնասված տներ նույնպես ամբողջովին անօգտագործելի են դարձել։ Հիմա չարժե այս տները մտնել։ Ամենուր ճաքեր են: Մենք հիմա դատապարտված ենք ապրելու վրաններում։ Եվ այնուամենայնիվ, մենք երախտապարտ ենք: Մենք մեզ մխիթարում ենք նրանով, որ զոհեր չունենք»,- ասել է թաղամասի ղեկավարը։
Թուրքիայի միակ հայկական Վագըֆ գյուղը գտնվում է Հաթայի (Անտիոք) նահանգում, Մուսա լեռան ստորոտում` թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա: Վագըֆում, որի բոլոր բնակիչները ծագումով հայեր են, գյուղացիները պահպանում են իրենց ազգային եւ կրոնական բոլոր ավանդույթները: Գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին հիմնանորոգվել է 1997 թվականին: Եկեղեցում հաճախ պատարագ է մատուցվում: Ամեն տարի Վագըֆ գյուղում նշվում են Սուրբ ծննդյան եւ Սուրբ հարության տոները:
![]()

