259դիտումների քանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն (ՈւԱԿ) և ներկա գտնվել նոր՝ Պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, Աժ պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Նարեկ Զեյնալյանը, ՀՀ բժշկական կենտրոնների տնօրեններ, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Վրաստանից ժամանած գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք։

Վարչապետ Փաշինյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել նորաբաց կլինիկայում, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին։ Պատասխանատուները Կառավարության ղեկավարին ներկայացրել են կլինիկայի գործունեության ուղղություններն ու ծրագրերը. զեկուցվել է, որ ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած Պալիատիվ ծառայության կլինիկան համապատասխանում է հիվանդանոցաշինության միջազգային չափանիշներին և պատրաստ է մատուցել որակյալ ու հասանելի բժշկական ծառայություններ: Նշվել է, որ հիմնական մասնաշենքի արդիականացման նպատակով իրականացվել են մեծածավալ շինարարական և տեխնիկական վերազինման աշխատանքներ, մատուցվելու են նոր ծառայություններ, որոնց մի մասը բացառիկ է Հայաստանի համար:

Պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ, աշխատակազմը ներառում է 45 հաստիք: Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմում է 306 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի խնայողությունների հաշվին:

Վարչապետը նաև այցելել է ՈւԱԿ-ի նոր տեխնոլոգիական մասնաշենքի շինհրապարակ, ծանոթացել կառուցապատման ընթացքին։ Նիկոլ Փաշինյանին մանրամասներ են ներկայացվել ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքում կատարված աշխատանքների վերաբերյալ։

Կառավարության ղեկավարի ներկայությամբ հանդիսավորությամբ բացվել է նաև ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճը։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի տիկին նախարար,

Հարգելի հյուրեր,

Հարգելի ներկաներ,

Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Վ.Ա Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի 75-ամյակի առիթով և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ընթացքում անձնվիրաբար աշխատել են և իրենց ներդրումն են ունեցել Հայաստանում ոլորտի զարգացմանը։ Այս ներդրման հայտնի հեղինակներից մեկն այստեղ ներկա է, և ուրախ եմ, ողջունում եմ, որ ահա այս հոբելյանի առիթով մենք ունենք նաև այսպիսի դահլիճ։

Ճիշտն ասած, այսօրվա այս այցը ինձ համար շատ կարևոր է, որովհետև երբ աշխատասենյակներում այս հարցերի վերաբերյալ քննարկումներ ենք ունենում, շատ կարևոր է հետո գալ, տեսնել, թե դրանք ինչի են բերել և հանգեցրել։ Նույնիսկ ինձ համար հաճելիորեն անսպասելի էր, որ մենք պետական առողջապահական հիմնարկ ասելով այլևս կարող ենք հասկանալ նման ենթակառուցվածք և երևույթ, և իհարկե, մեր պատկերացումն այն է, որ մենք պետք է հավասարաբար աջակցենք և’ պետական, և’ մասնավոր հատվածին, որպեսզի նաև ինչ-որ առումով մրցակցություն հարուցենք, որպեսզի նրանց ճիշտ, ազնիվ, արդար մրցակցության պայմաններում կարողանանք ոլորտի զարգացում ունենալ։ Ուրախ եմ, որ ահա այսպիսի օրինակներով տեսնում ենք, որ այդ քաղաքականությունը կարող է բերել արդյունքների։

Ուրախությամբ եմ նշում, որ առողջապահության ոլորտի և’ պետական, և’ մասնավոր ընկերությունները, կազմակերպությունները նաև խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվում, ինչը չափազանց կարևոր է, որովհետև այդ բյուջետային մուտքերը նաև այդ թվում ծառայում են առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, իհարկե, մեր երկրի կարևորագույն առողջապահական ինստիտուտներից, հաստատություններից է, և մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ իսկապես ուռուցք ունենալը դատավճիռ չէ, և մանավանդ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման այս տեմպի մեջ քաղցկեղն արդեն իսկ դասվել է սովորական հիվանդությունների շարքին։ Ուրախ եմ, որ կարողանում ենք քայլ-քայլ գնալ մի իրավիճակի, երբ այդ ընկալումն ամբողջությամբ կհաստատվի նաև Հայաստանի Հանրապետությունում։

Եվ, իհարկե, մեզ համար ամենակարևորը՝ ամեն ինչ անել, որպեսզի ոչ թե ստիպված լինենք հիվանդություններ բուժել, այլ կարողանանք այնպիսի քաղաքականություն և միջավայր ստեղծել, որ նախ, հիվանությունները նախականխվեն, կանխվեն, վաղ ախտորոշվեն, և գործողությունների այս շղթայի գործարկման պարագայում, իհարկե բնականոն կամ պոզիտիվ ելքն ավելի հավանական կդառնա։

news-pic
news-pic
news-pic
news-pic
news-pic
news-pic
news-pic

Նմանատիպ այլ նորություններ