730դիտումների քանակը

Հայկական լեռնաշխարհի կրոնական, կրթական և մշակութային կարևորագույն կենտրոն հանդիսացող Վարագավանքը գտնվում է Վան քաղաքից հարավ-արևելք՝ Վարագ լեռան արևմտյան լանջերին:

Ըստ ավանդության՝ Հռիփսիմյան կույսերից Հռիփսիմեն Վաղարշապատ ուղևորվելիս այդտեղ է թաքցրել իր պարանոցին կրած ս. Նշանը՝ Խաչափայտի մասունքով սուրբ Խաչը: Երբ 653 թվականին հայտնի է դարձել Վարագա Սուրբ Խաչի (ս. Նշանի) տեղը, կաթողիկոս Ներսես Գ Տայեցին Վարագ լեռան վրա կառուցել է Ս. Նշան եկեղեցին և հաստատել Վարագա Սուրբ Խաչի տոնը: 870 թվականին արաբները գրավել են Վարագավանքը, սակայն շատ չանցած իշխան Աշոտ Արծրունին ազատագրել է այն: Վարագավանքը ծաղկում է ապրել 10-րդ դարի սկզբին Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հովանավորությամբ, որի կինը՝ Մլքեն, վանքին է նվիրել հայկական ամենանշանավոր ձեռագրերից մեկը՝ Մլքե թագուհու ավետարանը: 946 թվականին Վանի առաջնորդ Անանիա եպիսկոպոսն ընտրվել է Հայոց կաթողիկոս (Անանիա Ա Մոկացի): 975 թվականին վանքի միաբանությունը բանադրել է Աբլղարիբ իշխանին, որի մատնությամբ արաբները գերել են Վասպուրականի Դերենիկ թագավորին:

981 թվականին, ըստ շինարարական մի արձանագրության, Վասպուրականի Սենեքերիմ թագավորի կինը՝ գագիկ Բագրատունու դուստր Խուշուշը, կառուցել է Վարագավանքի Սուրբ Սոփիա եկեղեցին (ուշ միջնադարում ամրոցի վերածվելու պատճառով կոչվել է նաև Բերդավոր): Եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի խորանը լուսավորվում է զույգ պատուհաններով (այժմ պահպանվել է եկեղեցու միայն արևելյան մասը): Հյուսիսից նրան կից է Սուրբ Հովհաննես (կամ Քառասուն աբեղա) եկեղեցին (10-րդ դար), որը եռախորան է, գմբեթավոր, երկայնական պատերում խորշեր ունեցող խաչաթևով: Պատերը շարված են սրբատաշ քարով, իսկ ծածկը և գմբեթը՝ աղյուսով: 2.5 մ դեպի հյուսիս կանգուն է Վարագավանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին (11-րդ դար), որն ունի Հռիփսիմեատիպ կառույցների հորինվածք՝ քառախորան, գմբեթավոր, ¾ շրջանի հատակագծով խորշերով, արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ ներառված ավանդատներով, որոնցից արևմտյանները մուտք ունեն արևմտյան խորանից: Եկեղեցու պատերը քարից են, իսկ ծածկը և գմբեթը՝ աղյուսից (այժմ՝ քանդված): Սուրբ Աստվածածին եկեղեցուն հյուսիսից կից է գմբեթավոր դահլիճի հորինվածքով Սուրբ Նշան եկեղեցին (11-րդ դար):

1021 թվականին Վասպուրականը Բյուզանդիային բռնակցելուց հետո Սենեքերիմ- Հովհաննես թագավորը Վարագա սուրբ Խաչը տարել է Սեբաստիա, որտեղ նրա որդի Ատոմը 1022 թվականին հիմնել է Սեբաստիայի Սուրբ Նշան վանքը: 1025 թվականին, Սենեքերիմ-Հովհաննեսի վախճանվելուց հետո, որդիներն աճյունը Սեբաստիայից վերաթաղել են Վարագավանքում՝ միաժամանակ վանքին վերադարձնելով Վարագա սուրբ Խաչը:

1085 թվականին Անտիոքի Փիլարտոս Վարաժնունի իշխանի ճնշմամբ Վարագավանքի վանահայր Պողոս վարդապետը Մարաշում հռչակվել է Հայոց կաթողիկոս, սակայն վեց ամիս անց հրաժարվելով գահից՝ վերադարձել է Վարագավանք:

1237 թվականին Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալեդդինի ասպատակություններից խուսափելով, Վարագա սուրբ Խաչը տարել է Նոր Բերդի Կյուրիկյան իշխանության Անապատ վանք, որը վերանվանվել է Նոր Վարագավանք:

1318 թվականին թաթար-մոնղոլները ներխուժել են վանք, կողոպտել, ավերել շենքերը (բացառությամբ Սուրբ Հովհաննես եկեղեցու, որի երկաթե դուռը ներսից փակել էին այնտեղ ապաստանած միաբանները): 1320-50-ական թթ. Վարագավանքը հիմնովին նորոգվել է: 14-16-րդ դդ. Այդտեղ արգասաբեր գործել է գրչության կենտրոն: 1441 թվականին Վարագավանքի վանահայր Հովհաննեսը մասնակցել է Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովին:

1534 թվականին Պարսից շահ Թահմազը կողոպտել է Վարգավանքը: 1648 թվականին, ի շարս Վասպուրականի շատ վանքերի, Վարագավանքը ավերվել է երկրաշարժից: Վանահայր Կիրակոսն անմիջապես սկսել է Վարագավանքի նորոգումը, որին իրենց նպաստն են բերել Վանի մեծահարուստները: Ըստ 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու՝ խոջա Ամրխանը նորոգել է Սուրբ Խաչ, Մարխաս Չելեբին՝ Սուրբ Աստվածածին, խոջա Դիլանշին՝ Սուրբ Սիոն, իսկ խոջա Հովհաննեսը՝ Սուրբ Նշան եկեղեցին: 1648 թվականին ճարտարապետ Տիրատուրը Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևմուտքին կից կառուցել է քառակուսի հատակագծով, չորս սյուներով կենտրոնակազմ գավիթ (19-րդ դ. օգտագործվել է որպես եկեղեցի և կոչվել Սուրբ Գևորգ): Գավթին արևմուտքին կից է եռակամար բաց նախասրահը (17-րդ դ.), հյուսիսից Սուրբ Խաչ թաղածածկ եկեղեցին, իսկ հարավից՝ Սուրբ Սիոն եկեղեցին (17-րդ դ.): Որպես Եկեղեցիների արևմտյան մուտքերի բարավոր օգտագործվել են սեպագիր արձանագրություններով ուրարտական կոթողներ (այժմ գտնվում են Վանի թանգարանում): Վարագավանքը երկար ժամանակ եղել է եպիսկոպոսանիստ, և նրա վանահայրերը համարվել են Վանի ու շրջակայքի առաջնորդ: Վանքում զարգացել են գրչագրությունը, մանրանկարչությունը, մատենագրությունը, տաղասածությունը ևն: 17-րդ դ. 1-ին կեսին գրիչներ Զաքարիան և Սահակը այստեղ բազմաթիվ ձեռագրեր են ընդօրինակել: Եղել է նշանավոր ուխտավայր. վանքի տոնի օրը փետրվարի 28-ն է:

1651 թվականին Խոշաբի բերդակալ Սուլեյման բեկի հրոսակները ներխուժել են Վարագավանք, կողոպտել սպասքը, ձեռագրերը, սրբությունները, այդ թվում՝ Վարագա սուրբ Խաչը, որը հետո վանեցիները փրկագնել են և զետեղել (1655) Վանի Սուրբ Տիրամայր եկեղեցում: 17-րդ դ. վերջին վանքն անկում է ապրել, 1679 թվականին տնտեսական դժվարությունների պատճառով վաճառվել են գանձերը: 1724 թվականին վանահայր Բարդուղիմեոս եպիսկոպոս Շուշանցին նորոգել է վանքը: 1759-ին վանքի Սուրբ տիրամայր եկեղեցուց քաղաքի Սուրբ Էջմիածին եկեղեցի են տեղափոխել Վարագա սուրբ Խաչը, որն այդուհետ կոչվել է սուրբ Նշան:

1779 թվականին վանահայր Բաղդասար վարդապետը Վարագավանքի գավթի ներսը զարդարել է Աբգար թագավորին, Թեոդոս կայսրին , Գայանեին, Հռիփսիմեին, Խոսրովիդուխտին, Գաբրիել հրեշտակապետին պատկերող որմնանկարներով, որտեղ նկարիչը չի կաշտկանդվել պատկերագրական ընդունված կանոններով, ինչպես նաև ներդաշնակորեն զուգակցել է հայկական, պարսկական և արևմտաեվրոպական արվեստին բնորոշ ոճական առանձնահատկությունները: 1803 թվականին կառուցվել են վանքի պարիսպը, առաջնորդարանը, խեցերի երկհարկանի շենքը, բաղնիքը ևն: 1817 թվականին վանահայր Գալուստ եպիսկոպոսը հիմնովին վերակառուցել է Վարագավանքի Սուրբ Խաչ եկեղեցին և վերածել մատենադարանի: 1832 թվականին Վանի Թամուր փաշան խեղդամահ է արել Վարագավանքի վանահայր Մկրտիչ վարդապետ Գաղատացուն և հափշտակել վանքի ունեցվածքը: 1849 թվականին Գաբրիել վարդապետ Շիրոյանը վերակառուցել է երկրաշարժից ավերված Սուրբ Սիոն եկեղեցին և դարձրել ցորենի շտեմարան:

1857 թվականին Վարագավանքի վանահայր է կարգվել Խրիմյան Հայրիկը (Մկրտիչ Ա Վանեցի), որը մեծ ջանքերով վանքը հանել է Վանի առաջնորդների իրավասությունից և դարձրել անկախ (միայն Կ. Պոլսի հայոց պատրիարքին ենթակա)՝ ազատելով այն Վանի իշխանությունների շահատակություններից: Խրիմյան Հայրիկը Վարագավանքում բացել է տպարան և շարունակել Արծվի Վասպուրական շաբաթաթերթի հրատարակությունը (1858-64 թթ.), հիմնել է ժառանգավորաց դպրոց, որտեղ դասավանդել են եվրոպական կրթություն ստացած ուսուցիչներ: Ժառանգավորացը եղել է նոր տիպի դպրոց, որտեղ վերացվել են աշակերտների մարմնական պատիժները, ներդրվել մանկավարժության առաջադիմական ձևեր ու մեթոդներ: Դասավանդվել են կրոնի պատմություն, աստվածաբանություն, երաժշտություն, ճարտարապետություն, քերականություն, աշխարհագրություն, հայոց պատմություն և հայրենագիտություն (առաջին անգամ Վասպուրականում): Դպրոցում որոշ ժամանակ ուսուցիչ է եղել Րաֆֆին: 1862 թվականին դպրոցը տվել է շրջանավարտներ, որոնցից են Գ, Սրվանձտյանցը, Ա. Թոխմախյանը, Հ. Սևիկյանը, Ա. Փոխանյանը և այլք:

1896 թվականին Վարագավանքը կողոպտվել է, վարժարանի ուսուցիչների և աշակերտների մի մասը սպանվել: 1915 թվականին Վարագավանքը լքվել է: Ներկայումս ամբողջովին ավերակ է:

Երևանի Մատենադարանում են պահվում Վարագավանքում ընդօրինակված տասնյակ ձեռագրեր, որոնց թվում՝ մանրանկարներով 1293 թվականի Ավետարան (գրիչ՝ Վարդան), Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգության-ը (1369, գրիչ՝ Ստեփանոս), Գրիգոր Տաթևացու Քարոզգիրքը (1418, գրիչ՝ Նիկողոս), չորս ավետարանիչների մանրանկարներով Ավետարան (1505, գրիչ՝ Հովհաննես Մանգասարենց), Սահակ աբեղայի օրինակած սրբանկարներով Ժողովածու (1627), Սաղմոսարան (1628), Մաշտոց ձեռաց (1631) ևն:

Տևկանց Երեմիա: Ճանապարհորդություն Բարձր Հայք և Վասպուրական 1872-1873 թթ.: -Եր., Հայաստանի ԳԱԱ պատմ ինստ., 1991:

Լալայան Երվանդ: Վասպուրական. նշանավոր վանքերը: Թիֆլիս, 1912:

Ոսկյան Համազասպ: Վասպուրական-Վանի վանքերը: 1-ին հտ.: Վիեննա, 1940:

Նմանատիպ այլ նորություններ