949դիտումների քանակը

Գիշերը 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու Քահրամանմարաշ նահանգում (պատմական Մարաշ)։ Բավականին տուժել են նաև պատմական Այնթափ քաղաքն (ներկայումս Գազիանթեփ) ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Այնթափի ամրոցը:

Պատմական ակնարկ

Մարաշ–Հալեպ ուղեգծի վրա, Եփրատի վտակ Սաջուր գետի ափին, դաշտաձև, բարձրադիր հովտում: Այնթապը եղել է հին բնակավայր, սակայն, պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 12-րդ դարից։ 12-րդ դարի սկզբին Այնթապը գրավել են խաչակիրները, որոնք էլ կառուցել են Այնթապի բերդը և այն դարձրել իրենց ռազմական հենակետը: Այնուհետև Այնթապը մտել է Եդեսիայի կոմսության կազմի մեջ։ 1266 թվականին Կիլիկյան Հայաստանի արքա Հեթում I-ը (1226–1270 թթ.) երկու անգամ արշավել է Այնթապի վրա, բայց չի կարողացել գրավել այն։ 14–15-րդ դարերում Այնթապը գտնվել է Եգիպտոսի սուլթանության գերիշխանության տակ։ 1404 թվականին Այնթապը ավերել են Լենկ Թեմուրի զորքերը։ 1516 թվականին Այնթապը գրավել են օսմանյան թուրքերը։ 18-րդ դարում Այնթապի շուրջը գտնվող հարյուրից ավելի գյուղեր ամբողջովին հայաբնակ են եղել։ Հետագայում Օսմանյան կայսրությունը այստեղ բնակեցրել է քրդերի, իսկ տեղի հայերին բռնի կերպով դարձրել թրքախոս։ Այնուհանդերձ, 20-րդ դարի սկզբին Այնթապն ուներ 50 հազար բնակիչ, որից մոտ 20 հազարը հայեր էին։

1915 թվականին թուրք ջարդարարները տեղահանեցին Այնթապի բազմահազար հայերին և քշեցին Դեր Էլ-Զորի անապատը։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914–1918 թթ.) Թուրքիայի կրած պարտությունից հետո տեղահանված հայերի բեկորները վերադարձել են հայրենի քաղաք։ Սակայն, 1920 թվականի ապրիլի 1-ին թուրքերը նորից են հարձակվել Այնթապի վրա։ 1920 թվականի ապրիլի 1-ից մինչև 1921 թվականի փետրվարի 8-ը հայերը 314 օր շարունակ հերոսական ինքնապաշտպանական կռիվներ են մղել թուրք ջարդարարների դեմ։ Սակայն, տեղի ֆրանսիական իշխանությունները, որոնք ի պաշտոնե պարտավոր էին պաշտպանել հայերին, լքել են նրանց և հեռացել Կիլիկիայից։ Վախենալով թուրքերի հետագա վրեժխնդրությունից՝ Այնթապի հայերը տարագրվել և բնակություն են հաստատվել Սիրիայում, Լիբանանում, ԱՄՆ-ում։

Տարագիր այնթապցիների մի մասը հետագայում հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության 1970 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով Այնթապ է վերանվանվել ՀԽՍՀ Մասիսի շրջանի Թազագյուղ գյուղը։

Նմանատիպ այլ նորություններ