Մուշ քաղաքը գտնվում էր Մշո դաշտի հարավ-արևմտյան մասում՝ Սիմ կամ Կուրտիկ լեռնագագաթի (2729մ) հյուսիսային լանջերի դարավանդներով իջնող Երաշխավորի (Սբ Աստվածածնի) կամ Գառնենի և Մշո գետակների միջնահովիտներում փռված գոգավորությունում: Քաղաքից շուրջ 6 կմ հյուսիս հոսում է Մեղրագետը: Շրջակա տեղանքի շնորհիվ Մուշն ուներ յուրատեսակ բնական սահմաններ: Հարավից քաղաքը եզերում էին Էրուխաչի, Կորեկաղբրան և Սիմի (Կուրտիկ) բարձունքները՝ շրջապատված Արջգլորի, Երաշխավորի (Սբ Աստվածածին), Սաչքի և Տափքի սարավանդներով: Քաղաքի արևմուտքում ձգվում էին Գառնենի և Ջրիկի բլրաշարքերը, իսկ հյուսիսային և արևելյան հատվածներում արդեն Մշո դաշտն էր: Սանջակի կենտրոն լինելուց բացի՝ Մուշը նաև հայ եկեղեցու Տարոնի թեմի առաջնորդանիստն էր: 1914 թ. քաղաքի բնակչությունն անցնում էր 30000- ից, որից հայերի թիվը կազմում էր 12500-13000 մարդ (ի դեպ՝ գոյություն ունի նաև ավելի բարձր ցուցանիշ՝ 15000 մարդ): Մահմեդական բնակչության հիմնական մասը կազմում էին գերազանցապես քրդական ծագում ունեցող թուրքերը (շուրջ 18000 մարդ), որոնք բնակվում էին Բերդի, Դաշ, Դուզ, Խուրդենց, Մինարա, Ներքին և Քոթանենց կամ Քոթան թաղերում: Հայաբնակ էին քաղաքի հարավային և արևմտյան մասերը զբաղեցնող հետևյալ 5 թաղերը.
Վերին թաղ. եկեղեցին՝ Սուրբ Հարություն, ուր պահվող 14 ձեռագիր մատյաններից մեծ հռչակ էր վայելում սրբացված (ժողովրդի շրջանում «հրաշագործ» համբավով) «Սև Ավետարանը»: Թաղային դպրոցի աշակերտների թիվը 1914 թ. կազմում էր 170-200 երեխա: Վերին թաղում հայտնի էր «Խաթուն-Ջերմուկ» ուխտավայրը, ուր հաճախում էին հիմնականում տարեց կանայք:
Ձորի թաղ (Ձորոթաղ). եկեղեցին՝ Սուրբ Աստվածածին, ուր պահվող 8 ձեռագրերից նշանավոր էր դարձյալ «հրաշագործ» համարվող «Շեկ Ավետարանը»: Եկեղեցուն կից գտնվում էր դեռ 1880-ական թթ. Կ. Պոլսի Միացյալ ընկերության կողմից հիմնված երկհարկանի Կեդրոնական վարժարանը (1914 թ. շուրջ 250 աշակերտ): Բացի այդ՝ թաղային դպրոցում սովորում էր 180 երեխա: Ձորի թաղում հայտնի ուխտատեղի էր Սուրբ Աստվածածին մատուռը:
Սուրբ Մարինե (Մարիանե) կամ Չաղարթաղ. եկեղեցին՝ Սուրբ Մարինե (առաջնորդանիստ մայր եկեղեցի), ուր պահվում էր 7 ձեռագիր մատյան: Կից գտնվում էր Տարոնի առաջնորդարանի շենքը: Կար թաղային 2 դպրոց՝ տղաների (1914 թ. շուրջ 170 աշակերտ) և աղջիկների կամ օրիորդաց վարժարան (1914 թ. 250 աշակերտուհի): Սուրբ Մարինեում էր գտնվում նաև Տարոնի հայ կաթողիկե համայնքի կենտրոնը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կից դպրոցով (1914 թ.` 80 աշակերտ):
Բրուտի կամ Բրտի թաղ. եկեղեցին՝ Սուրբ Սարգիս, ուր պահվող ձեռագրերի թիվը 10 էր: Եկեղեցուն կից պահպանվել էր գետնափոր մատուռ՝ հնագույն խաչքարերով: Թաղային դպրոցում 1914 թ. սովորում էր 80 աշակերտ: ե) Ջիգրաշեն. եկեղեցին՝ Սուրբ Կիրակոս, ուր պահվում էր 8 ձեռագիր մատյան: Թաղային դպրոցում սովորող աշակերտների թիվը 1914 թ. հասնում էր 60-ի:
Մուշում առանձին դպրոց ուներ նաև փոքրաթիվ հայ բողոքական համայնքը՝ 1914 թ. շուրջ 60 աշակերտներով: Փաստորեն քաղաքում գործում էին հայկական 6 եկեղեցի և 9 դպրոց (ընդհանուր՝ ավելի քան 1300 աշակերտ): Քաղաքի եկեղեցիներում պահվող հայերեն ձեռագրերի թիվը 47 էր: Հայերը հիմնականում զբաղվում էին արհեստներով (բրուտագործություն, կոշկակարություն, վերջինիս մի տարատեսակը՝ կոնդուրաչիություն, դարբնություն, ներկարարություն, ոսկերչություն ևն), ինչպես նաև առևտրով: Բավական է նշել, որ շուկայի 800 խանութներից և կրպակներից 500-ը պատկանում էր հայերին: Մուշում և նրա անմիջական շրջակայքում պահպանվել էին մի շարք պատմական հուշարձաններ: Քաղաքի հարավում խոյացող բարձունքին երևում էր Մամիկոնյանների «ամառանոցային» կիսաքանդ հինավուրց ամրոցը, որը ժողովուրդը կոչում էր «Մուշեղի բերդ»: Բերդի թաղում պահպանվել էին Մշո բերդի ավերակները: Մուշի շուկային կից գտնվող Ուլուջամի մզկիթն ավանդաբար նույնացվում էր պատմիչ Թովմա Արծրունու կողմից հիշվող Սուրբ Փրկիչ եկեղեցու հետ, ուր 852 թ. խութեցի ապստամբները հաշվեհարդար տեսան Տարոնը պատուհասած արաբ զորավար Յուսուֆի (Յուսուփ) հետ: 1915 թ., չենթարկվելով թուրքական իշխանությունների բռնագաղթի հրամանին, Մուշ քաղաքի հայերը, որոնց միացել էին նաև հարևան գյուղերից տեղափոխված շուրջ 10000 հայրենակիցներ, փորձված հայդուկ Հակոբ Հաջի Կոտոյանի (Կոտոյի Հաջի) ղեկավարությամբ հունիսի 28-30-ին եռօրյա հերոսական գոյամարտ մղեցին ջարդարարների դեմ: Գերմանական հրետանավոր սպաների կողմից ուղղորդված հրետակոծությամբ քաղաքի հայկական թաղամասերը հիմնովին ավերվեցին, իսկ տների փլատակների տակ մնացին ինչպես պաշտպանները, այնպես էլ խաղաղ բնակչության մեծագույն մասը: Բացի այդ՝ Մուշի առանձին թաղերում թուրքերի ձեռքն ընկած մի քանի հազար կանայք և երեխաներ վայրագաբար ողջակիզվեցին: Քաղաքացի հայերից մազապուրծ փրկվեցին ընդամենը 600-700 մարդ: 1916 թ. փետրվարին, երբ ռուսական զորքերը գրավեցին Մուշը, վերապրած հայերի խլյակները սկսեցին աստիճանաբար հավաքվել ավերակույտերի վերածված քաղաքում: Սակայն 1918 թ. սկզբին օսմանյան բանակի վերսկսած հարձակումը ստիպեց մշեցի հայերին իրենց գավառացի հայրենակիցերի հետ նորանոր կորուստներով հեռանալ բնօրրանից:
Աղբյուրը՝
Բադալյան Գ.:
Արևմտյան Հայաստանի պատմաժողովրդագրական նկարագիրը Մեծ Եղեռնի նախօրեին: Մաս հիգերորդ: Բիթլիս նահանգի Մշո գավառը // Վէմ.- 2016.- Թ. 2 (54):
