538դիտումների քանակը

Դաշտային Կիլիկիայի նշանավոր ամենից ակնառու ու անաղարտ մնացած բերդերից մեկն է Լևոնի բերդը:

Ադանա տանող ճանապարհի ձախակողմյան հատվածում՝ բարձր բլրի վրա վեր խոյացող բերդը ըստ Սմբատ Գունդստաբլի կառուցել է Հայոց Կիլիկիո հզորագույն արքա Լևոն Մեծագործը 12-րդ դարավերջին:

Առանձնացված դիրքով, նախկին տեսքը պահպանած եզակի ամրոցը տեղաբնակները «Օձերի բերդ» են անվանել: Որի հետ կապված մի քանի առասպելական բացատրություններ կան. ըստ դրանցից մեկի թշնամու կողմից բերդի վրա հարձակման ժամանակ այդտեղից դուրս են եկել օձեր և պաշտպանել այն: Ալիշանը սակայն իր Սիսուան աշխատությունում՝ երկար խոսելով ամրոցի մասին, վերջինիս ներկայացնում է Շահի Մարան կամ Շեհխի Մարան ձևով, բայց ոչ Լևոնի բերդ: Հետաքրքիր մի հանգամանք՝ Կիլիկիո պատմիչները, նույնիսկ Սմբատ Սպարապետը, չեն հիշատակում ամրոցն անգամ Լևոնի թագադրության հանդեսի առթիվ: Հայ բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան Միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը, սակայն, 1806 թվականին Վենետիկում տպագրած իր Նոր Հայաստան աշխատության 366-րդ էջում գրում է՝ Բերդ ի գլուխ լերին…թափուր է ամենևին ի բնակչաց և մերձենալ իսկ անդ ոչ ոք իշխե բնավ սակս բազմութեան օձից որք որջացեալ ունին ի նմա…

Մասնագիտական գրականության մեջ նշվում է, որ բերդը կառուցվել է բարենպաստ վայրում, որտեղից հսկվել է մոտակայքով անցնող Մետաքսի ճանապարհը: Ըստ պատմական որոշ աղբյուրների՝ Լևոն արքան այն կառուցել է իր համար որպես արքունի ամառանոց ու եկել է այստեղ հանգստանալու և ժամանակ անցկացնելու:

Պարիսպներն ունեցել են 700 մետր երկարություն և 2 մետր հաստություն, իսկ ահա աշտարակների թիվը հասել է 10-ի, որոնց մեծ մասը կանգուն են ցայսօր: Բերդի ներսում ժամանակին կառուցվել են ջրհորներ, պահեստներ: Այստեղ եղել է նաև եկեղեցի: Հատկանշական է հատուկ ձեռագիր մատյանների համար նախատեսված գրապահոցների առկայությունը, որ բացառիկ երևույթ էր այն ժամանակ վա համար: Սա խոսում է Կիլիկյան Հայաստանում գիտությանն ու կրթությանը կարևոր տեղ տալու մասին:

16-րդ դարում բերդը պատկանել է Մայսենց իշխաններին, իսկ 18-րդ դարում արդեն այստեղ է գտնվել Սսի կաթողիկոսների ամառանոցը, որտեղ եղել են ընկուզենու և խաղողի այգի-պուրակներ: 19-րդ դարից սկսած Լևոնկլան դադարել է բնակելի լինելուց: Ամրոցի վերականգնողական վերջին աշխատանքները կատարվել են 2014 թվականին:

Տավրոսյան լեռնաշղթայի ստորոտում անհողդողդ կաղնու պես կանգնած Լևոնի բերդը մինչև այսօր էլ կարծես հսկում է տեղանքը՝ մնալով Հայոց Կիլիկիո պատմության անքակտելի վկաներից մեկը:

Նմանատիպ այլ նորություններ