202դիտումների քանակը

Երևանի պետական համալսարանում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «ԱՐՓԱ» հիմնադրամի հայտարարած ամենամյա «Նորարարության մրցույթ»-ի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Բացման խոսքով հանդես է եկել «ԱՐՓԱ» հիմնադրամի տնօրեն Հակոբ Փանոսյանը։ Նա ներկայացրել է հիմնադրամի հիմնական նպատակները, որոնք ուղղված են զարգացնելու գիտությունը, կրթությունը, առողջապահությունն ու տեխնոլոգիաները։

Մրցույթի մասնակիցներին և հյուրերին ողջունել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Դավիթ Սահակյանը շնորհակալություն է հայտնել «ԱՐՓԱ» հիմնադրամին՝ նորարարական գաղափարներ ունեցող երիտասարդ գիտնականներին աջակցելու համար: Նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին, որտեղ հատկապես կարևորվում է գիտական ու նորարարական գաղափարների առկայությունը, ինչպես նաև ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական կրթությանն ուղղված ծրագրերը:

«Մենք խրախուսում և աջակցում ենք այն ընկերություններին, որոնք ստեղծում են այնպիսի նորարար լուծումներ և ծառայություններ, որոնց հիմքում գիտությունն է», - ասել է Դավիթ Սահակյանը։

Ելույթներից հետո մրցույթի բոլոր մասնակիցները ստացել են վկայականներ, այնուհետև ներկայացրել են իրենց աշխատանքների թեմաներն ու նորարարական գաղափարները։

Հիմնադրամի կողմից սահմանված մրցանակներին՝ 1-ին տեղի համար 5000, 2-րդ տեղի համար 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, համապատասխանաբար արժանացել են Նարինե Ամիրխանյանը (ՀՀ ԳԱԱ քիմիայի ինստիտուտ) և Սվետլանա Հովհաննիսյանը (ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոն)։

Նմանատիպ այլ նորություններ