Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը աշխարհի սակավաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է մանուկներին ու պատանիներին սպասարկելու համար: Շուրջ 90 ամյա պատմություն, հարուստ հավաքածու և կենսագրություն ունեցող գրադարանը հիմնադրվել է 1933թ: Ստեղծման ժամանակվանից ցայսօր այն իրականացնում է գրադարանագիտական, տեղեկատու-մատենագիտական, մեթոդական, մշակութային և կրթադաստիարակչական գործունեություն:
1935 թ-ից կրում է մանկագիր Խնկո Ապոր անունը: 1962 թ-ից, ստանալով հանրապետականի կարգավիճակ, դառնում է հանրապետության մանուկներին ու պատանիներին սպասարկող մանկական և դպրոցական գրադարանների մեթոդական կենտրոնը:
1980 թ-ից գործում է գրադարանի համար նախագծված նոր շենքում (ճարտարապետներ՝ Լևոն Ղալումյան, Ռուզան Ալավերդյան)՝ Տերյան 42/1 հասցեում: 2003թ. ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմավորվում է որպես ազգային մանկական գրադարան:
Որպես մանկապատանեկան գրքի ազգային պահոց՝ հավաքում, պահպանում և ընթերցողներին է տրամադրում հայատառ տպագիր արտադրանքի առավել լիակատար հավաքածու:
Գործունեությունն իրականացվում է սպասարկման սրահների (ըստ տարիքային և բաժնային շերտավորման) և գիտական բաժինների միջոցով: Այսօրվա դրությամբ հավաքածուն կազմում է 542869 պահպանության միավոր՝ գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության ժամանակակից միջոցներ (հայերեն, ռուսերեն և մի քանի տասնյակ օտար լեզուներով): Սպասարկում է 3-18 տարեկան ընթերցողների՝ մանուկներ, պատանիներ, ուսանողներ, մանկապատանեկան գրականության ընթերցանությունը կազմակերպողներ (գրադարանավար, մանկավարժ) և ծնողներ:
Սպասարկումն իրականացվում է տարբերակված՝ ըստ տարիքային խմբերի շերտավորված սրահների առձեռն հավաքածուների միջոցով: Ընթերցասրահը սպասարկում է տարբեր տարիքային խմբերի: Այստեղ կարելի է օգտվել օրվա մամուլից, տեղեկատու-հանրագիտարանային հարուստ հավաքածուից, արվեստի և գիտության բազմաճյուղ գրականությունից, ամսագրերից, ալբոմներից: Ձայնադարանում խմբային կամ անհատական եղանակով կարելի է ունկնդրել տարբեր ժանրերի երաժշտություն:
Գրադարանային հավաքածուից տարվա ընթացքում օգտվում է շուրջ 19.000 ընթերցող, սպասարկվում է մոտ 500.000 միավոր գրականություն: 1963 թ-ից գրադարանն իրականացնում է հրատարակչական աշխատանքներ. հրատարակվել են մեթոդական ձեռնարկներ, տեղեկատու-հանձնարարական ցանկեր, մատենագիտություններ, կենսամատենագիտություններ, Հիշարժան տարեթվեր օրացույցը, ալբոմներ, ամսագրեր և այլն:
2006 թ. ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և Իրանի մշակույթի զարգացման մանկական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ գործում է Իրանական ընթերցասրահը:
1991թ.-ից գրադարանը համագործակցում է ԱՄՆ կոնգրեսի, Իրանի ազգային, Ռուսաստանի մանկական, Լեհաստանի ազգային, Շտուտգարդի քաղաքային, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Բելառուսի ազգային գրադարանների, Կրասնոդարի մարզի պատանեկան և այլ գրադարանների հետ՝ իրականացնելով գրքափոխանակություն: Համագործակցում է ՀՀ-ում գործող դեսպանատների, բազմաթիվ տեղական և միջազգային մանկապատանեկան կազմակերպությունների և գրադարանների հետ, իրականացնում միասնական ծրագրեր: Սերտ կապեր ունի սփյուռքի մտավորականության հետ: Գրադարանն անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների՝ Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին (IBBY), Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիային (IAML), Գրադարանների միջազգային ասոցիացիային (IFLA): Պարգևատրվել է շնորհակալագրերով, պատվոգրերով, մեդալներով:
Ընդհանուր առմամբ, 9 տասնամյակ շարունակ, որպես ազգային նշանակության մանկական գրադարան՝ նպաստում է հանրապետությունում գրադարանային գործի զարգացմանը, գրադարանագիտության առաջընթացին, մշտապես կատարելագործում է աշխատանքային մեթոդները՝ ձգտելով համապատասխանել միջազգային չափանիշներին:
