290դիտումների քանակը

Այսօր ՀՀ կառավարությունը նիստի ժամանակ հաստատեց հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը:

Ըստ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ նոր ձևաչափով առաջարկված նախագիծը ուղղված է ուսուցիչների մանկավարժական հմտությունների զարգացմանը: Այս մեխանիզմը գործել է դեռևս 2012 թվականից, սակայն շուրջ 10 տարիների ընթացքում այս մեխանիզմով անցել են ուսուցիչների ընդամենը շուրջ 6.2 տոկոսը:

«Այսինքն՝ համակարգը չի եղել արդյունավետ մի քանի պատճառով, որովհետև ներկայացված բնութագրերը, որոնց համապատասխանելու դեպքում ուսուցիչները կարող էին ստանալ 10-50 տոկոս հավելավճար, ավելի շատ բնութագրում էին ոչ թե ուսուցչի առօրյա գործունեությունը, այլ վերաբերում էին այլ ցուցանիշների, ինչպես, օրինակ, ուսուցիչների կողմից հոդվածների հրապարակումը, նրա աշակերտների կողմից օլիմպիադաներում տեղ զբաղեցնելը: Սրանք կարևոր ցուցանիշներ են, բայց չեն կարող ասել, որ ուսուցչի ամենօրյա դասի պլանավորման և վարման հետ ուղիղ կապ ունեն»,- փոխնախարարը։

Նոր կարգով՝ տարակարգերի մեխանիզմը փոխկապակցվել է ուսուցիչների մասնագիտական ստանդարտներին կամ չափանիշներին: Ուսուցիչը հնարավորություն կստանա10-50 տոկոս հավելավճար ստանալ 5 տարի ժամկետով: «Ժամկետը դրվել է, որովհետև կարևոր ենք համարում, որ ուսուցիչը շարունակի իր վրա աշխատել և կարողանա անընդհատ ապահովել մասնագիտական զարգացումը»,- հավելեց Անդրեասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման գործընթացը շարունակվելու է: Կառավարությունը 2019 թվականին արդեն համատարած 10 տոկոսով բարձրացրել է ուսուցիչների աշխատավարձը, սակայն այս որոշումից բավարարված չեն։

«Համատարած նույն չափով բոլորի աշխատավարձի բարձրացումն ավելի ջանասեր աշխատող մարդկանց մոտիվացիան թուլացնում է: Եվ մենք ստեղծեցինք համակարգ: Մենք մտադրված ենք բոլոր ոլորտներում հնարավորինս արագ անցնել այդ համակարգին, աշխատավարձերի էական՝ անգամներով բարձրացում, բայց զուգահեռ որակի հավաստագրմամբ»,- ասաց վարչապետը:

Առաջիկայում ոստիկանության ոլորտում բարեփոխումներ են իրականացնելու, ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն: Փաշինյանը կարևորեց, որ ՆԳՆ-ի ստեղծմանը զուգընթաց համակարգում աշխատավարձերի էական բարձրացումներ տեղի ունենան:

«Իհարկե, հիմա պարեկային ոստիկանությունն էականորեն ավելի բարձր աշխատավարձ է ստանում, սակայն մեր ընկալումն այն է, որ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձերը պետք է էականորեն, շոշափելի, անգամներով բարձրանան, բայց զուգահեռ պետք է որակի հավաստագրում ունենանք: Մենք պետք է համոզված լինենք, որ կրկնակի ավել աշխատավարձը, որ վճարվում է, դրա դիմաց աշխատողից կարող ենք ակնկալել համապատասխան որակի աշխատանք»,-ասաց վարչապետը:

Ըստ Կառավարության ղեկավարի՝ Հայաստանի կառավարությունը մտադրված է բոլոր ոլորտներում աշխատավարձերի էական՝ անգամներով բարձրացում անել, սակայն զուգահեռ պահանջելու է որակի հավաստագրում:

Նմանատիպ այլ նորություններ