Կառավարությունն իր այսօրվա նիտում հավանություն արժանացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
Նախագծով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 75 հազար դրամ և, ըստ այդմ, սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր:
Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75,000 դրամ սահմանելու դեպքում՝ աշխատաշուկայում պետական հատվածի 28.7%-ի (77,483 աշխատողի) և մասնավոր հատվածի 31.5%-ի (209,723 աշխատողի) մոտ կավելանա աշխատանքի վարձատրությունը։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ կավելանա աշխատողների 30.7%-ի (665,546 աշխատողի) վարձատրությունը։
Պետական բյուջեում էլ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամով, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 94.2 մլրդ դրամով։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 109.5 մլրդ դրամով։
Նախագծով ակնկալվում է նպաստել՝ աղքատության կրճատմանը, նվազագույն և միջին աշխատավարձերի միջև հարաբերակցության նվազմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:
Նշենք, որ տվյալ նախագիծը ներառված է Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում:
