ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում ազդարարվել է «Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի մեկնարկը և բացվել ցուցահանդեսը:
«Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ և անցկացվում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում:
Բացման արարողությանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։
««Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի նպատակն է հայ արվեստասեր հանրությանը ծանոթացնել թատերական պաստառների արդի միջազգային միտումներին, նպաստել պաստառների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, երկխոսության կամուրջ դառնալ հայ և արտերկրի արվեստագետների միջև»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նշենք, որ փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 29 երկրի 177 հեղինակ՝ 406 աշխատանքով։ Նախազատման արդյունքում մրցութային փուլ են անցել 21 երկրի 70 հեղինակի 95 աշխատանք:
Փառատոն-մրցույթի արդյունքներն ամփոփվելու են սեպտեմբերի 30-ին՝ ժամը 19։00-ին:
