Այսօր Թալին համայնքում տոն է՝ ն՛վում է Թալինի օրը: Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը այդ առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ մասնավորապես ասվում է՝
Սիրելի՛ թալինցիներ, աշխարհի որևէ կետում ապրող թալինցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս՝ մեր սիրելի բնօրրանի, մեր Թալին քաղաքի օրվա առթիվ։
Այսօր բոլորիս սրտերը լցված են ջերմությամբ և սիրով, քանզի միասին տոնում ենք մեր սրտի քաղաքի, մեր կյանքի մշտական ուղեկցի, մեր տան՝ Թալինի, օրը։
Թալինն իսկապես տուն է մեզ համար, թալինցին՝ այդ տանն ապրող ու արարող, արդարամիտ ու աշխատասեր տան անդամ, ով իր ամենօրյա աշխատանքով ծաղկեցնում ու ապրեցնում է Թալինը, որպես մի ժառանգություն, որն իրեն են թողել դեռ շատ վաղուց՝ այն սերունդներն, ովքեր Թալինն ընտրեցին որպես իրենց օջախ, ու ամուր պահելով այսօր հանձնել են մեզ։
Այսօրվա խորհուրդը Թալինի, թալինցու, մեր մշակույթի, ավանդույթների, մեր ժողովրդի նիստուկացի, պատմության, Թալինի ու իր բնակիչների ամուր կապի, մեծ սիրո և նվիրումի մասին է։
Թալինը սիրում են յուրաքանչյուրը, թե՛ Թալինում ապրող թալինցին, թե՛ ամբողջ աշխարհով սփռված թալինցիները, այս տոնը բոլորինս է, և որտեղ էլ որ գտնվեք, հիշե՛ք, որ Թալինը սիրում ու սպասում է ձեզ, ինչպես մայրը՝ որդուն։ Օրերի, ամիսների և տարիների ընթացքում Թալինը տուն է դարձել նաև այլ տեղերից եկած բնակիչների համար, այդ թվում Արցախից տեղահանված մեր հայրենակիցների, ովքեր արդեն բավականին ժամանակ ապրում են Թալինում ու մեր մեծ տան լիիրավ անդամ են, այս օրը նաև ձե՛րն է։
Սիրելի՛ թալինցիներ, Թալինի հանդեպ սերն է, որ ուղղորդում է մեզ՝ ամեն օր մի քար ավել դնելու, Թալինը շենացնելու, բարեկարգելու, ավելի լավը դարձնելու ճանապարհին։ Մեր քաղաքի հանդեպ սերը պետք է սերմանել յուրաքանչյուրի մեջ՝ փոքրից մինչև մեծ, որովհետև առանց հոգատարության ու նվիրվածության՝ հնարավոր չէ կերտել բարեկեցիկ ու զարգացած քաղաք։ Հենց այս առաքելությունն է դրված մեր ամենօրյա աշխատանքի առանցքում, հենց այս նպատակով ու դրանից բխող սիրով ենք մենք կատարում մեր ամենօրյա նվիրված աշխատանքը՝ հանուն Թալինի և Թալինի համար։ Եվ այսօր, հպարտորեն կարող եմ փաստել, որ Թալինը տարբեր ոլորտներում և ուղղություններով գրանցում է հաջողություններ, օր-օրի զարգանում ու բարեկարգվում է, ներկայանում աշխարհին առավել լավը։
Վստահ եմ`որ տարիներ անց,
մենք ունենալու ենք ավելի զարգացած, գեղեցիկ, հարմարավետ ու բարեկեցիկ քաղաք, այդ քայլերի մեկնարկն արդեն տրվել է և շարունակվելու է նույն կերպ։ Այս ճանապարհը մենք պետք է անցնենք միասին՝ ձեռք-ձեռքի տված, մեկս մյուսի թիկունքին։ Միայն միասնականությամբ, մեկ գաղափարով ու անսպառ սիրով կարող ենք Թալինը դարձնել մեր երազանքների քաղաքը։
Թող մեր քաղաքի յուրաքանչյուր տնից լսվեն ուրախության ձայներ, յուրաքանչյուր թալինցու մաղթում եմ առողջություն, ուժ և քաղաքը շենացնելու անսպառ ցանկություն։ Մեր սիրելի Թալինին մաղթում եմ բազմադարյա հարատևություն ու կայունություն։ Թող յուրաքանչյուր թալինցի հպարտ ու շնորհակալ լինի իր ով ու որտեղից լինելու համար։
Շնորհավոր տոնդ Թալի՛ն՝ մեր սիրո, ուժի, հավատարմության և նվիրվածության քաղաք։
Շնորհավոր տոնդ Թալինցի՛։
Թալին համայնքի ղեկավար՝ Տավրոս Սափեյան
