ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր աշխատանքային այցով Թալին համայնքում էր։
Թալին համայնքի ղեկավարի, համայնքապետարանի աշխատակիցների և Աշնակի վարչական ղեկավարի ուղեկցությամբ փոխնախարարն այսօր առավոտյան եղավ Աշնակ բնակավայրում, որտեղ արժանացավ բնակիչների ջերմ ընդունելությանը՝ ավանդական երգ ու պարի ուղեկցությամբ։
Աշնակում Դանիել Դանիելյանն այցելեց Աշնակի մշակույթի կենտրոն, տեղում ծանոթացավ կենտրոնի շենքային պայմաններին, զրուցեց պատասխանատուի հետ, հետաքրքրվեց խմբակների առկայությամբ։ Փոխնախարարը ուշադրության արժանացրեց նաև առկա կարիքները, երկկողմ քննարկվեցին այն հնարավոր միջոցառումները որոնք կարող են անցկացվել մշակույթի կենտրոնում՝ բնակավայրում մշակութային կյանքն ակտիվացնելու, նոր խմբակներ ձևավորելու և մշակույթին առավել մոտ լինելու համար։
Հաջորդիվ պաշտոնատար անձինք այցելեցին Թալինի մշակութային կենտրոն, որտեղ ևս փոխնախարարը ծանոթացավ շենքային պայմաններին, տարվող աշխատանքներին և զրուցեց աշխատակիցների հետ։ Պարոն Դանիելյանին ներկայացվեցին կենտրոնում անցկացվող խմբակների, երեխաների հաճախումների, վերջին ընթացքում անցկացված միջոցառումների և համայնքում մշակութային կյանքին վերաբերող այլ մանրամասների մասին։
Այցերի վերջին կանգառը Դաշտադեմ բնակավայրն էր, որտեղ փոխնախարարը համայնքի ղեկավարի, Դաշտադեմի վարչական ղեկավարի և Թալինի համայնքապետարանի աշխատակիցների ուղեկցությամբ շրջեց Դաշտադեմի (Քաղենիի) ամրոցում, ուսումնասիրեց տարածքային պայմանները։
Փոխնախարար Դանիելյանը այցի ընթացքում բարձր գնահատեց համայնքի մշակութային ներուժը, համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ քննարկեց հնարավոր մշակութային զարգացումները, ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության հեռանկարները և թեմայից բխող ուշագրավ այլ հարցեր։
