Պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի հին բնակավայրերից է Աշնակը: Ներկայումս գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում:
Աշնակը հիշատակվում է Եղիշեի, Սեբեոսի, Սամուել Անեցու և ուրիշ պատմիչների կողմից: Աշնակը եղել է Արշակունի թագավորների ձմեռանոց-զորակայանը: Դա են հաստատում գյուղի շրջակայքում գտնվող 4 ամրոցները: Առաջին ամրոցը գյուղի կենտրոնական մասում է, բայց նրա տարածքի մեծ մասը խաթարված է բնակելի տներով։ Ամրոցը կառուցվել է հարթ տեղանքում և ապավինել է արհեստական պաշտպանական կառույցներին։ Այն թվագրվում է մեր թվարկության 1-ին դարում։
Աշնակից 3 կմ հարավ-արևելք գտնվում է Ք. ա. 2-րդից-1-ին հազարամյակի երկրորդ ամրոցը։ Պահպանված են պարիսպները։ Ներսում նշմարվում են ուղղանկյուն հատակագծով բնակարանների հետքեր։ Մուտքը հարավային կողմում է, որտեղ ճանապարհի մի մասը դեպի ձորն իջնող գետնուղի է։
Երրորդ ամրոցը գյուղի արևելյան հատվածում է, ունի կես հեկտար տարածք և քառակուսի հատակագիծ։ Այն թվագրվում է վաղ միջնադարով, հիմնապատերը պահպանված են։
Չորրորդ ամրոցի պատերը պահպանված են մինչև 1 մետր բարձրությամբ և թվագրվում է վաղ միջնադարով։ Այս ամրոցների առկայությունը վկայում է, որ վաղ միջնադարում Աշնակը եղել է ռազմական և վարչական կարևորագույն կենտրոն և մեծապես հոգ է տարվել նրա պաշտպանունակության համար։
Հետագայում Արշակունիները Աշնակը շնորհել են Առավեղյան նախարարական տոհմին:
Բագրատունյաց թագավորության շրջանում արդեն Աշնակը շարունակել է պահպանել իր ռազմական, վարչական և տնտեսական կարևոր նշանակությունը: Այն եղել է նաև խաղողագործության և գինեգործության կենտրոններից մեկը հին ժամանակներում։ Դա են վկայում Բագնայրի մի շարք վիմագրերում Աշնակից այգիներ նվիրաբերելու փաստերը:
11-րդ դարի կեսերին Աշնակ ավանը հանդիսացել է Պետրոս Գետադարձ կաթողիկոսի սեփականությունը: Իսկ 12-րդ դարի երկրորդ կեսին գրավվել է սելջուկ-թուրքերի կողմից՝ ընդգրկվելով Անիի Շադդադյան ամիրայության կազմում: Սելջուկյան շրջանից Աշնակ գյուղում հայտնաբերվել է 6 ոսկյա և 30 արծաթյա մետաղադրամ, որոնք 1936 թ, հանձնվել են Հայաստանի պատմության թանգարան:
Ըստ Սամուել Անեցու` 1162թ. Ատրպատականի ամիրա Ելտկուզը, գրավելով Արագածոտնը, Աշնակ ավանում ողջակիզել է հինգ հազար մարդու:
12-րդ դարի վերջին Զաքարյան իշխաններն Աշնակն ազատագրում են սելջուկյան տիրապետությունից: Դրանից հետո՝ ըստ Բագնայրի 1262 թվականի մի արձանագրության, Ամիր Քուրդ Արծրունի Մահկանաբերդցու եղբորորդի Խաւրաս իշխանը, որը հանդիսանում էր Հայոց և Վրաց ամիրսպասալարն ու Զաքարե Զաքարյանի դաստիարակը, մեծն զորավարից գնում է Աշնակ գյուղը:
Ուշագրավ է, որ Բագնայրի մեկ այլ արձանագրությունում հիշատակվում է ոմն Վարդաշահ Աշնակեցի, որն իր հայրենի այգին նվիրաբերել է Բագնայրի նշանավոր Ս. Աստվածածնի վանքին: Այդ և մի շարք այլ արձանագրություններից ենթադրելի է, որ Զաքարյան իշխանապետության շրջանում Արագածոտնի Աշնակ գյուղն ի հոգևորս ենթարկվել է Շիրակի Բագնայրի հանրահայտ Սուրբ Աստվածածնի ուխտին:
Գյուղում կա 5-րդ դարի եկեղեցի` Սուրբ Աստվածածին` վերանորոգված 2013 թվականին։ Նրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն Փարպիի և Աշտարակի Ծիրանավոր եկեղեցիների նման Զաքարյանների հաղթարշավի ժամանակ սելջուկների կողմից պաշտպանական նպատակով ներառվել է բազալտե քարերով կրկնապատի մեջ` վերածվելով ամրոցի: Սուրբ Աստվածածինը հայտնաբերվել է 1894 թվականին Ռուսաստանի կայսերական հնագիտական ժողովի անդամ, Կերչի հնագիտության թանգարանի տնօրեն Կարլ Դումբերգի` Աշնակում կատարած պեղումների արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք Թիֆլիսում հրատարակված «Մշակ» թերթի մի հրապարակումից, որտեղ մասնավորապես նշվում է, որ Աշնակ գյուղի բնակիչները, փորելով տեղանքը, կոփածո քարեր են հանել: Տեղական ոստիկանության պետը, իմանալով այդ մասին, հայտնել է Պետերբուրգի կայսերական հնագիտական հանձնաժողովին: Հանձնաժողովը անմիջապես հանձնարարել է Կերչի հնագիտական թանգարանի տնօրեն Կարլ Դումբերգին` մեկնելու Աշնակ: Վերջինս Կերչից հասել է Էջմիածին, ապա ուղևորվել Աշնակ` պեղումներ կատարելու: Ավելի ուշ նրան է միացել հոգևորական, հասարակական գործիչ Մեսրոպ վարդապետ Տեր-Մովսիսյանը: Պեղումները տևել են երեք շաբաթ: Ի վերջո, ուսումնասիրությունները տվել են իրենց արդյունքը: Հայտնաբերվել է մի հին հայկական եկեղեցի, որը բերդի է վերածված եղել: Բացի այդ, գտնվել են թվով հինգ կոտրտված, անթվակիր արձանագրություններ: Դրանցից մեկին գրված է եղել Խաչիկ կաթողիկոս, որն հավանաբար 10-րդ դարի է եղել, իսկ մեկ այլ արձանագրությունում կարդացվել են Սմբատ, Աշոտ, Աբաս, Գրիգոր անձնանունները: Սա նշանակում է, որ արձանագրությունը վերաբերել է Բագրատունյաց Հայաստանին: Կարլ Դումբերգն ու Մեսրոպ վարդապետ Տեր Մովսիսյանը վերադարձել են Էջմիածին՝ իրենց հետ տանելով նաև բեկորային արձանագրությունները:
Շինարարական վերջին շրջանում կառույցը հզորացվել է բազալտե տաշված քարերից կազմված հզոր պատով, որով եկեղեցին վերածվել է երկհարկանի դղյակի։ Պահպանվել է երկրորդ հարկի պատերի մի մասը, դրանք ունեն ուղղանկյուն աշտարակների տեսք։ Եկեղեցին տուժել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից, իսկ վերակառուցման ժամանակ պատերը իջեցվել են, որ եկեղեցին երևա։
Աշնակում է գտնվում նաև հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի Գևորգ Չաուշի անունը կրող թանգարանը։ Թանգարանի կառուցումը սկսվել է 1967 թ. Գևորգ Չաուշի զարմիկ, ԵՊՀ դոցենտ Գևորգ Մելքոնյանի նախաձեռնությամբ: Կառույցը նախագծել է անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, իսկ արձանի հեղինակը քանդակագործ Օնիկ Հովհաննիսյանն է: Կառույցի համար Գևորգ Մելքոնյանը ստացել է տնային կալանք: Իսկ 1978թ. սրտի կաթվածի հետևանքով կնքել է իր մահկանացուն: Թանգարանի գործը հետագայում շարունակել են հարազատները: 1989 թ. մայիսի 27-ին Սիլվա Կապուտիկյանը թանգարանի բացմանը կառույցն անվանել է «Ֆիդայատուն»: Հետ այդու, մայիսի 27-ը Աշնակում նշվում է որպես հերոս ֆիդայինների ոգեկոչման օր: Քանի որ Գևորգ Մելքոնյանի երազանքն էր կառույցի աշտարակին տեսնել ճախրանքի պատրաստ արծվին՝ հայացքը դեպի Սասուն աշխարհ, այն իրականացվել է 2014 թ. Տարոն Մարգարյանի կողմից: Հայոց արծվի քանդակի հեղինակն է ճարտարապետ Լևոն Մկրտչյանը:
Աշնակի արևելյան մասում՝ գեղատեսիլ ձորակում է գտնվում 19-րդ դարի ջրաղացը: Այն ծառայել է գյուղին տարիներ շարունակ: 20-րդ դարասկզբին ջրաղացպանն է եղել Ստեփան Դավթյանը՝ Բորեն: Ներկայումս ջրաղացը վերականգնվում է, և ստանալու է իր նախքին տեսքը՝ հանդիսանալով որպես 19-րդ դարի հայկական ջրաղացի տիպիկ օրինակ:
Հեղինակ՝ Մարի Հովհաննիսյան
