Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մարտի 22-ին անցկացվեց «Իմ ընկեր Թումանյանը» (՛՛Mon ami Toumanian՛՛) խորագրով ֆրանսերեն նախագիծ-միջոցառումը` նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ծննդյան 155-ամյակին։ Նախագծի հեղինակն է գրադարանի Օտարալեզու հավաքածուի սպասարկման բաժնի աշխատակից Անի Աղասյանը: Միջոցառման շրջանակներում խոսվեց Ֆրանկոֆոնիայի գործունեության մասին, ապա ֆրանսերեն լեզվով ներկայացվեցին Ամենայն հայոց բանաստեղծի գործերը, այդ թվում՝ «Կիկոսի մահը» հեքիաթի բեմականացումը:
«Հայ-ֆրանսիական բարեկամությունը ամուր հիմքերի վրա է։ Ֆրանսիական մշակույթում հայերի դերն ու բացառիկ գործունեությունը` անհերքելի փաստ։ Ֆրանսերենի հետ իմ անսահման սերը և ամենասիրելի բանաստեղծ Թումանյանի հոբելյանը թելադրեցին ստեղծել մի նախագիծ, որը կմիավորի աշխարհի երկու ամենաերգեցիկ ու չքնաղ լեզուները`հայերենն ու ֆրանսերենը։
Չափազանց կարևորում եմ այս նախագծի ողջ կայացման գործընթացում դպրոցականների ներգրավածությունը:
Մասնակից երեխաները գեղեցիկ խաղ ցուցադրեցին` ֆրանսերեն ներկայացնելով «Կիկոսի մահը» հեքիաթը։
Այդ առթիվ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Երևանի հ. 31 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին, դասղեկ Լ. Աբրահամյանին և դպրոցի տնօրեն տիկին Թադևոսյանին:
Կարծում եմ՝ գաղափարը հաջողեց, երեխաները ոչ միայն պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրը, այլև իրենք էլ մեծ բավականություն ստացան»,- Նռնակ լրատվականի հետ զրույցում նշեց նախագծի հեղինակ Անի Աղասյանը:
