Երևանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում օրերս «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացման հայաստանյան առաջնախաղն էր՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 ամյակին: Երկու օր (մարտի 15, 16) դահլիճում չէին դադարում ծափողջույնները, արվեստասեր աշխարհը չէր դադարում գրել ու խոսել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից ոգեշնչված այս ներկայացման մասին:
Նշենք՝ դեռ 2024 թվականի հունվարին ներկայացման առաջնախաղն էր Ֆրանսիայի «Տոբոգան», այնուհետև՝ «Գասկոն» թատրոններում։
Նախագիծն իրականացնում են Ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միությունը, «Պոլ ան Սցեն» կազմակերպությունը՝ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի և Ֆրանսիայի դեսպանատան, ինչպես նաեւ Օվերն – Ռոն – Ալպեր տարածաշրջանի, ՀԲԸՄ– ի ֆրանսիական մասնաճյուղի, Դեսինի «Տոբոգան» և Մոն դը Մարսանի «Գասկոն» թատրոնների աջակցությամբ։
Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։ Բեմադրության երաժշտությունը գրել է «Հող արթուն» խումբը, իսկ բեմական հագուստների ձևավորումն իրականացրել է Էդգար Մանուկյանը։ Ներկայացմանը ներգրավված յոթ պարողներից երկուսը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունից։
Այս առթիվ Մարի Հովհաննիսյանը զրուցել է գաղափարի հեղինակ Սաթե Խաչատրյանի հետ
Սկսենք Ձեզանից և Ձեր ստեղծագործական մոտեցումներից
Հայրական կողմը Հին Բայազետից է: 19-րդ դարի վերջին, ենթարկվելով ջարդերի, գալիս են Արևելյան Հայաստան և հիմնում են Նոր Բայազետը: Իսկ մայրական կողմը Դաշքեսանից է, որ մենք անվանում ենք նաև Դաշտային Ղարաբաղ:
Կարծում եմ, որ գենետիկ հիշողությունը ամենաուժեղն է, որովհետև բաներ կան, որոնց անմիջական կրողը չենք մենք, բայց ինչ-որ առումով դառնում ենք դրա ներկայությունը: Եթե թողնենք հիշողությունը մեզ կրծի, կդառնանք հիշողության գերին, բայց երբ փորձենք մեր դեպքում շատ ծանր հիշողությունը, վերածել ուժի, խթանի, այդ պարագայում կարող ենք լավ բաներ ստեղծել, որոնք ոչ թե մահվան հիմնն են, այլ մահից կյանք անցնելու բանաձև, որը մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալու: Եվ եթե մենք այսօր կանք, ուրեմն չենք ցեղասպանվել. կյանքը հաղթել է մահվանը: Ես ավելի շատ այս բանաձևի կրողն եմ, ու դա ինձ հնարավորություն է տալիս առաջ գնալու, ցավն ու կորուստը վերածելու այլ ուժի, որն իսկապես ինչ-որ բան ստեղծելու խթան է հանդիսանում: Ցավալի իրողությունների հետ հարաբերություններից են ծնվել իմ ստեղծագործությունները: Փարաջանովի դեպքում՝ ավելի շուտ գաղափարը առաջացել է այն ցանկությունից, որ հայ ժողովուրդը դադարի ընկալվել իբրև ցեղասպանված ազգ, և հայկական մշակույթը աղերսներ ունենա բացառապես պատմական այլ իրադարձությունների հետ: Մենք նաև ծնել ենք կյանքը գովերգող ստեղծագործություններ, և ինձ համար Ցեղասպանությունը ոչ թե վերջն էր, այլ մի նոր բանի սկիզբը՝ հաղթական սկիզբը այն առումով, որ ի վերջո մենք կանք: Եվ երբ մենք հայկական մշակույթը ներկայացնող որևէ ստեղծագործություն ենք ցուցադրում, ապա դա կյանքի հաղթանակն է մահվան նկատմամբ: Անդրադառնալ հայկական մշակույթին Ֆրանսիայում՝ ունի մի շատ հստակ և կարևոր նպատակ՝ որ մեզ ճանաչեն ոչ թե պատմության այդ էտապով, այլ առհասարակ իբրև մի ժողովրդի, որն ի զորու է ծնել բացառիկ արժեքներ: Նաև, որ մեզ ընկալեն որպես համաշխարհային մշակութային ներկապնակի մի անբաժանելի մասնիկ:
Փարաջանովյան թեման բարդ է, շատերին՝ անհասկանալի, շատերին՝ անհասանելի: Չի եղե՞լ վախ՝ ճիշտ կընդունվի՞ արդյոք հանդիսատեսի կողմից
Ես կարծում եմ՝ արվեստագետը եթե ազնիվ է ինքն իր հետ, իր ցանկության հետ և եթե պրոֆեսիոնալ է, ապա կարող է ունենալ մտավախություններ, որոնք պատասխանատվության աստիճանն են բարձրացնում: Իսկ եթե դու պատրաստ ես դրան անդրադառնալու, նշանակում է դու կարող ես: Իսկ վախ և Փարաջանով բառերն իրար հետ անհամատեղելի են: Փարաջանովի հետ ասոցացվող բառերն են՝ ազատությունը, համարձակությունը, երկխոսությունը: Ինձ համար եթե երեք բառ կա, որ կարող են բնորոշել Փարաջանովին՝ սրանք են: Եվ մենք ինչ ստեղծել են, եղել է այս երեք բառերի համադրությամբ: Գիտե՞ք՝ ամենևին ցանկություն չենք ունեցել վերարտադրելու փարաջանովյան արվեստը, սովորեցնելու թե ինչպիսին պետք է լինի այն: Եվ որքան էլ բացառիկ կինոգետ, նկարիչ կամ փարաջանովագետ լինի, ինքը չի կարող մինչև վերջ մեկնաբանել Փարաջանովին: Կան արվեստագետներ, որոնք անմեկնելի են: Մենք կարող ենք պարզապես Փարաջանովին մեկնաբանել մեր տեսանկյունից՝ վերցնելով պատկերները, սեփական աշխարհընկալումների խողովակով հասցնելով հանդիսատեսին:
Այս ներկայացման բեմադրիչը Մուրադ Մերզուկին է, իմը՝ գաղափարն է: Ինձ համար գերնպատակ է եղել բացառիկ արվեստագետի աչքերով ներկայացնել Փարաջանովին իր 100 ամյակին ընդառաջ՝ Ֆրանսիայի՝ հնարավորինս լայն լսարաններին ճանաչելի դարձնելով այդ անունը: Եվ մենք գտել ենք այդ բացառիկ արվեստագետին՝ Մուրադ Մերզուկին է: Այս ներկայացումը երկու հզոր արտիստների երկխոսություն է իրականում: Եվ նրանց միջոցով երկխոսում են մշակույթներն ու արվեստի տարբեր ճյուղերը:
Հայ-ֆրանիսական համագործակցությունը տվե՞ց իր արդյունքը այս պարագայում
Նպատակ չկար անելու մի ներկայացում, որը պիտի կրկնօրինակեր Փարաջանովին: Այդ դեպքում չէր լինի այն ազատությունը, որի հետևից գնացել է հենց ինքը՝ Փարաջանովը: Ամենայն հարգանք ունենալով երկու մշակույթների նկատմամբ՝ Մուրադ Մերզուկին փորձել է շատ ճիշտ չափաբաժնով ամեն մեկին ներկայացնել, որպեսզի մենք չընկնենք ֆոլկլորի մեջ: Անկեղծ ասաց՝ ինձ համար ամենակարևոր կետերից մեկը այս ներկայացման ստեղծման մեջ եղել է այն, որ տեսել եմ, թե ինչպես հայկական մշակույթի հետ ընդհանրապես առնչություն չունեցող մեկը ճիշտ ընկալում այն և մեկնաբանում իր ապրումներով: Հայ հանդիսատեսը այս ներկայացմամբ նորովի է բացահայտելու իր սեփական մշակույթը, իսկ ֆրանսիացի հանդիսատեսը պարզապես բացահայտելու է հայկական մշակույթը:
Եթե ունենայիք հնարավորություն հանդիպելու Փարաջանովին իրականում, ի՞նչ կասեիք նրան
Օ՜, ես ուղղակի կզրուցեի իր հետ: Շատ եմ նայել նրա հարցազրույցները ու շատ եմ սիրում իր հումորի զգացումը: Ես որևէ հարց չէի տա, ուղղակի կլսեի նրան ու պարզապես կզրուցեի. սիրում եմ երկխոսությունները մարդկանց հետ: Եթե ժամանակի մեջ ճամփորդելու հնարավորություն ունենայի, ուղղակի կուզեի, որ Փարաջանովը անպայման նայեր ներկայացումը:
Առաջիկայում ի՞նչ ճամփորդական ուղի է գծելու «Նռան գույն» ներկայացումը
Երեք անգամ Ֆրանսիայում ցուցադրվեց, հիմա երևանյան հյուրախաղերն են, վաղը մեկնելու ենք Թբիլիսի: 2025 թվականի համար մենք արդեն ունենք գրեթե քսան ներկայացման ամսաթվեր տարբեր թատրոններում:
Իսկ հնարավո՞ր է՝ Պոլսի հանդիսատեսը երբևէ տեսնի այս ներկայացումը
Մենք սիրով կսպասենք առաջարկի, որպեսզի կարողանանք ներկայացումը նաև Ստամբուլում խաղալ: Գիտե՞ք՝ մի լավ խոսք կա, որտեղ ասվում է՝ այն, ինչ քաղաքագետները պատռում են, արվեստագետները գալիս են կարկատելու արվեստի միջոցով: Ես վստահում եմ թե՛ այդ եզրույթին, թե՛ արվեստի ուժին՝ իբև երկխոսության միջոցով խաղաղություն բերելու գործիքի: Այնպես որ՝ որքան էլ քաղաքական գործիչները շարունակեն պատռել ժողովուրդների միջև բարեկամությունը, միևնույն է՝ ես հավատում եմ ազգերի մտքի ու հոգու խելացիությանը, որի շնորհիվ նրանք կկարողանան կարկատել այդ պատռած անջրպետը: Հավատում եմ նաև արվեստի ուժին:
