289դիտումների քանակը

Միջնադարյան հայկական ճարտարապետության տարբեր հորինվածքների մեջ նրա ամենայուրօրինակ հատվածը բաղկացած է բազմաբսիդ հուշարձաններից։ Հայ իրականության մեջ առաջին ութապսիդ երկու կառույցներից մեկը վեր է խոյանում Արագածի արևմտահայաց լանջի Իրինդ գյուղի կենտրոնական մասում:

7-րդ դարով թվագրվող միջնադարյան Հայաստանի կենտրոնագմբեթ այս հրաշքը ճարտարապետական այն օրինակն է, որի վերամշակումով ստեղծվել են Х-ХШ բազմախորան եկեղեցիները: Հետագա դարերի համաշխարհային ճարտարապետության մեջ բազմաբսիդ կառույցները լայնորեն չեն կիրառվում իսկ հայկական ճարտարապետության մեջ դրանք շարունակում են կառուցվել մինչև 13-րդ դարը և հասնում են մեծ բազմազանության։

Կառույցի ծավալատարածական ձևերն ու չափերը միմյանց բավական մոտ են: Եկեղեցու յոթ խորանները, այդ թվում և արևելյանը, միաչափ են և միանման, արևմտյան խորանը, որի վրա բացվում է տաճարի միակ շքամուտքը: Այստեղ արևելյան խորանի երկու կողմերում առկա են քառակուսի հատակաձևով ավանդատներ, որոնցով էլ պայմանավորված է բազմանիստ տաճարի արևելյան հատվածի արտաքին ուղղանկյուն հորինվածքը: Իրինդի բազմաբսիդի գմբեթը բարձրանում են թմբուկի վրա, որն իր տրամագծով զգալիորեն փոքր է ստորին ռոտոնդայի չափից և դրանով իսկ արտաքին եզրագծի կազմը բաժանում է երկու աստիճանի։ Նման հորինվածք ունի նաև Ռավեննայի Սբ. Վիտալի տաճարը (6-րդ դար):

Իրինդավանքում սյուներ կան շքամուտքի երկու կողմերի խորշերում միայն, մյուս չորս խորշերում չկան, դրանց փոխարեն զույգ կիսասյուներ կան խորշերի արտաքին անկյուններում: Գմբեթաթմբուկը ունի ութ նիստ և նույնքան եռանկյունի խորշեր նիստերի հանդիպումներում: Նիստերից յուրաքանչյուրի վրա կոր բարավորով, առանց կամարաղեղի մեծ չափերի մեկ պատուհան կա: Այստեղ նույնպես շինության բոլոր պատերն ու ծածկերը իրականացված են սրբատաշ տուֆի կանոնավոր շարվածքով:

Սուրբ Գևորգ եկեղեցու պատերին պահպանվել են սակավ արձանագրւթյուններ: Դրանցից երկուսը թողնվել են ներսում՝ բեմի հարավային պատին իրար տակ և այժմ խիստ քայքայված են: Ըստ վերին թվակիր արձանագրության՝ Նանիսեն թերևս Չաչիսեն զեղջում է իր տիրույթում գերեզմանի շարիաթը և 318 հայրապետների նզովքն է թափում խափանողների գլխին: Արձանագրությունը թվագրվում է 1286 թվականով և եզակի է այնտեղ հիշատակված «շարիատս գերեզմանի» հարկային տերմինով: Սա, ի դեպ, իր տեսակվ միակն է հայ իրականության մեջ:

Եկեղեցին վնասվել է տարբեր դարերում՝ հիմնավորապես երկրաշարժերից: Վերջին և ամբողջական վերանորոգումը սկսվել է 2005 թվականից, և ներկայումս գրեթե ավարտված է:

Իրինդավանքի ստեղծողները եղել են բարձրաճաշակ, մասշտաբի և համաչափության նուրբ զգացումով օժտված ճարտարապետներ, որոնց մասին ցավոք որևէ հիշատակություն մեզ չի հասել: Նրանք նաև ի հայտ են բերել մեծ հմտություն երկրաշարժերով հարուստ հողի վրա ճարտարագիտության պահանջներին համապատասխան շինության հատակաձևի և ծավալատարածական հորինվածքի ստեղծման գործում:

Նմանատիպ այլ նորություններ