Հեղինակ՝ Մարի Հովհաննիսյան
ԱՊՀ որոշ ներկայացուցիչներ այդ թվում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, այսօր Թեհրանի Միլադում հանդիպել են «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչների հետ:

Հեղինակավոր միջոցառման 9-րդ օրվա հանդիպման սկզբում յոթ երկրների ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները:

Հանդիպմանը ներկա են գտնվել «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի ղեկավար Ռաեդ Ֆարիդզադեն, Իրանի կինոյի և տեսալսողական հարցերի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Խազաին, Ֆարաբի կինոհիմնադրամի գործադիր տնօրեն Մաջիդ Զեյնոլաբեդինը։

Ապա փառատոնի օտարերկրյա հրավիրյալներն ու մի շարք դեսպաններ, որոնց թվում է նաև Հայստանի պատվիրակությունը, հանդիպել են Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլիի հետ:

Նշենք, որ այս տարի 42-րդ փառատոնի միջազգային բաժնում մրցելու են 621 ֆիլմ 87 երկրից՝ Հայաստան, ԱՄՆ-ն, Մյանմարը, Մալայզիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Թուրքիան, Իտալիան, Եմենը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մոլդովան, Լիտվան, Արգենտինան, Իսպանիան, Գերմանիան, Մեքսիկան, Ալբանիան, Չինաստանը, Բրիտանիան եւ այլն:

Ի դեպ, Հայաստանը մասնակցում է այդ փառատոնին սկսած 1990-ական թվականներից, երբ հետխորհրդային նորանկախ հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իրանի հետ, իսկ այնուհետեւ՝ կողմերը կազմեցին մշակութային համագործակցության օրակարգը:

«Ֆաջր» թատերական փառատոնին Հայաստանը հանդես է գալիս երեք ներկայացումներով, որոնցից առաջինը «Համլետն» է, որի բեմադրող ռեժիսորն է Հայկ Իսրայելյանը: Այս ներկայացումը 55 րոպե տեւողությամբ բեմադրվել է Թեհրանի «Թաթրե Շահր» թատերական համալիրի «Չահարսու» դահլիճում երկու անգամ:

Հավելենք՝ «Ֆաջր»-ը ամենահեղինակավոր մշակութային միջոցառումն է, որն ամեն տարի անցկացվում է Իրանում փետրվարին՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:

