Արագածոտն մարզի Թալինի տարածաշրջանում՝ Արագած գյուղից 5 կմ դեպի արևմուտք՝ Ախուրյան գետի ձախ` արևելյան ափին, վեր է խոյանում վաղմիջնադարյան Հայաստանի փոքր կենտրոնագմբեթ պաշտամունքային կառույցներից մեկը՝ Գրիգորաշեն վեցախորան եկեղեցին:
Այն կառուցված է դեղնավուն սրբատաշ քարից և գտնվում է կիրճի զառիթափ եզրին, այն դիրքով, որ տեսանելի լինի գետի աջ ափից, հավանաբար, այժմ չպահպանված երբեմնի բնակատեղիից:
Մեզ ցավոք չի հասել շինարարական արձանագրություն կամ կառուցման ժամանակի մասին որևէ մատենագրական վկայություն, սակայն մասնագետները, հաշվի առնելով մի շարք ճարտարապետական առանձնահատկություններ, կառույցը թվագրում են 6-րդ դարի առաջին կեսով: Ժամանակագրական բնութագիր պարունակող հատկանիշներից առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել քառաստիճան որմնախարսխին, որը հանդիպում է միայն վաղ միջնադարում և հիմնականում մինչև 7-րդ դարը: Այդ հարյուրամյակում արդեն նման որմնախարիսխներ այլևս չեն հայտնաբերվել։
Գրիգորաշենը պատկանում է փոքր կենտրոնագմբեթ, բազմախորան եկեղեցիների տեսակին, և հայ իրականության մեջ մեզ հայտնի 13 վեցախորան եկեղեցիներից միակն է, որ այսօր կանգուն է: Այն համեմատաբար լավ է պահպանվել, եթե հաշվի առնենք կառուցման ժամանակը: Չափերն այնքան էլ մեծ չեն՝ հիմքից մինչև գմբեթի գագաթ եղած բարձրությունը 12 մետր է, սակայն բացառիկ է իր ճարտարապետությամբ:
Ունի արտաքուստ բազմանիստ 6 պայտաձև խորաններ, որոնց միջև եռանկյունաձև, կամարակապ որմնախորշերն են: Դրանցից մեկի խորքում փորագրված է վարպետի տառային նշան` գեղագիր «Կ»: Դրանից ենթադրելի է, որ բոլոր վեց որմնախորշերի հեղինակը «Կ» սկզբնատառով անվամբ (Կարապե՞տ, Կիրակո՞ս) վարպետն է: Կառուցվածքային տեսակետից ամենաուշագրավն ու հետաքրքրականը քառակուսի վեցանիստ թմբուկով գմբեթն է։ Նրա վերին մասը պսակված է երկշարք քիվով։ Նիստերի վրա բացված են լուսամուտներ: Չորս ավելի լայն լուսամուտներ ունեն վեց խորաններից չորսը` բացառությամբ արևելյանի և հյուսիսարևելյանի: Հարավային թևին բարձրուստ փորագրված է արևային ժամացույց: Եկեղեցու միակ մուտքը հարավարևմտյան կողմից է:
Կառույցի թմբուկի հյուսիսային պատուհանի պսակին փորագրված է Գրիգոր, որն, ըստ վիմագրագետ, արվեստաբան Ալեքսանդր Մանուչարյանի, եկեղեցու ճարտարապետի անունն է: Դա հիմք է ընձեռել եկեղեցին կոչելու Գրիգորաշեն: Ի դեպ, սա կառուցող ճարտարապետի մասին ամենահին հիշատակություններից մեկն է մեր իրականության մեջ:
Պատրաստեց՝ Մարի Հովհաննիսյանը
