Խորհրդարանում շարունակվում են 2023-ի պետբյուջեի նախագծի քննարկումները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ասել է, որ Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հուլիսից նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամի: Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ 2023 թվականի կանխատեսումներում հաշվի են առնվել կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնական ցուցանիշների, 2022 թվականին սեպտեմբերի 1-ից բարձրացված չափերը և դրանց՝ 2023 թվականի ընթացքում նախատեսվող բարձրացումների ու Կենսաթոշակային օրենսդրության մեջ կատարվող ռեֆորմները:
«Մասնավորապես, կանխատեսումներում հիմք են ընդունվել հետևյալ ցուցանիշները՝ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 31 հազար դրամ՝ մինչև 2022 թ սեպտեմբերի 1-ը գործող 28 հազար 600 դրամի փոխարեն: Իսկ 2023 թվականին հուլիսից նախատեսվում է նվազագույն կենսաթոշակը հասցնել 36 հազար դրամի: Աշխատանքային կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ 2022 թվականի հուլիսին նախատեսվում է հիմնական կենսաթոշակի չափը հասցնել 36 հազար դրամի՝ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը 2022-ի հուլիսից սահմանվելով 525 դրամ՝ ներկայիս 500 դրամի փոխարեն»,- նշել է Մկրտչյանը:
