
Միքայել Գյուրջյանի և Արման Նշանյանի «Ամերիկացին» առաջին ֆիլմն է Հայաստանից, որն ընդգրկվել է «Օսկար» մրցանակաբաշխության լավագույն միջազգային ֆիլմերի կարճ ցուցակում: Սա մի հրաշալի պատմություն է Հայոց Ցեղասպանության, Խորհրդային դաժան կարգերի և բանտային կյանքի միջով անցած հայի մասին, ով անդունդում գտնում է լույսի շողը, որը նրանում հայի ինքնաճանաչում է արթնացնում:
Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թ. մարտի 10-ին, իսկ անվանակարգերը կհայտարարվեն նույն թվականի հունվարի 23-ին:
Այս հրաշալի առիթով զրուցել ենք ֆիլմի պրոդյուսեր արման Նշանյանի հետ՝
Սպասելի Էր այսօրվա արդյունքը
Այնքան դժվար քայլ է հասնել այնտեղ, որտեղ մեր ֆիլմն է հասել: Մի թեթև որպես երազանք ես նայում դրան, բայց գիտե՞ք՝ կան երազանքներ, որոնք դու զգում ես ինչ-ինչ պատճառներով, որ իրականի մեջ են: Այս ֆիլմի սցենարը, բովանդակությունը և նկարահանված արդյունքը այնքան էլ երազանք չէր և չի: Սա կարող էր նկարահանված լիներ Լեհաստանի կողմից օրինակ կամ Չինաստանի, Գերմանիայի կողմից և շատ իրական դիտվեր: Ինձ համար անսպասելի, մի քիչ էլ՝ զարմանալի էր, որովհետև այնքան քաղաքականություն, գումար ու աշխատանք է հարկավոր այս քայլին հասնելու համար: Դա էր մի քիչ ինձ մտահոգում: Բայց ես իմ հոգու խորքում զգում էի, որ սա լինելու է: Էսպես բացատրեմ՝ ներքին ձայնը, որ շշուկով է խոսում, շատ հանգիստ էր իմ մեջ
Չէի՞ք վախենում, որ ֆիլմում եղած քաղաքական երանգը կխանգարի «Օսկար»-ում հաջողություն գրանցելու հարցում
Գիտեք՝ միշտ էլ վտանգավոր է, երբ որ նման թեմաներ է շոշափվում ֆիլմում, և այնպիսի լայն հարթակի վրա, ինչպիսին է «Օսկար»ը, բայց մեզ մոտ շատ նրբորեն է դա մատուցվում և անցողիկ, նույնիսկ: Ասեմ նաև՝ ես՝ որպես արվեստագետ, հասկացել եմ, որ այդ նուրբ ակնարկներն ու սիմվոլիկան շատ ավելի բան են ասում, քան այն, ինչ շատ հաճախ կոպիտ է հնչում: Ցանկացած երաժշտության մեջ, ֆիլմում, թատրոնում, կերպարվեստում միշտ նուրբը ավելի մտածելու տեղ է տալիս և անգամ աննկատ է մտնում մարդու անգիտակցություն: Ես կարծում եմ, որ տիեզերքը գնում է դեպի բարելավման , չնայած այս վատ իրադարձություններին, որ, օրինակ, մեզ հետ է կատարվել կամ, օրինակ՝ Ռուսաստանում, Ուկրաինաում: Բայց ասեմ՝ մարդկայնությունը, գոնե մի մասը մարդկայնության, փորձում է գնալ դեպի լուսավորություն, լուսավոր կետ: Դրա համար կարծում եմ, որ ճիշտը մնում է ճիշտ՝ նույնիսկ հզոր պետությունների ազդեցությունը հաշվի առնելով:
Ինչո՞ւ «Ամերիկացին»
Վերնագիրը նակարահանումների ընթացքում շատ պատահական եկավ: Մինչև այդ «Նոր հայը»-ն էր, բայց գիտեինք, որ պետք է փոխվի: Երբ տեսնեք ֆիլմը, կհասկանաք, թե ինչո՞ւ «Ամերիկացին»: Քանի որ դեռ չեք տեսել, ասեմ, որ գլխավոր հերոսը ամերիկահայ է, որին Ցեղասպանության ընթացքում փախցնում են ու տանում Նյու Յորք: այստեղ էլ մեծանում է: Հետո 1947 թ. վերադառնում է կոչով, որ երկիրը կառուցի: Եվ բոլորը, իրան ծաղրելով, ասում են. «ամերիկացին…ամերիկացին»: Այսպես՝ ֆիլմում անընդհատ հնչում է այդ ամերիկացին: Մի օր էլ ազգությամբ իրանցի մեր երկրորդ օպերատորը ասեց. «ամերիկացի», ու էդպես բոլորս հավանեցինք, և մնաց վերնագիրը «Ամերիկացին»:
Ինչպե՞ս ստեղծվեց ֆիլմի այս սյուժեի գաղափարը
Ֆիլմի սյուժեն և մտահաղացումը ամերիկահայ սցենարիստ, ռեժիսոր Մայքլ Գյուրջյանինն էր, ով անգամ հայերեն չի խոսում: Նրա հայրն է ամերիկացի: Ինձ ուղարկեց սցենարը չորս տարի առաջ: Երբ կարդացի, հասկացա, որ այն համամարդկային ասելիքը, ինչի մասին խոսում էի՝ մարդկությանը ուղեկցել դեպի լույսը, հույսը, հավատքը, կար սցենարի մեջ, և դա ինձ միանգամից գրավեց: Քանի որ ես ինքս թատրոնից եմ, իմ սկզբունքները ևս թատրոնից են, մշտապես կարդացել եմ պիեսներ, որոնք՝ որպես կանոն, հիմնականում լինում են հանճարեղ, հատկապես երբ գրած են լինում դասական: Եվ հազվադեպ եմ կարդացել ֆիլմի սցենար, որ ինձ էսպես տպավորել է: Նկարահանումները ամբողջովին տեղի են ունեցել Հյաստանում և ՀՀ մասնագետների կողմից: Շատ-շատ տարիների եռանդ, քրտինք, դժվարություն: Ազգային Կինոկետրոնն է աջակցել ԿԳՄՍՆ գլխավորությամբ: Այնպես որ, սա կարելի է համարել ազգային ֆիլմ:
Ֆիլմը ե՞րբ կտեսնենք Հայաստանում
Հուսով ենք՝ այս ամիսներին՝ հունվար, փետրվար, կբարձրանա մեծ էկրան:
Հաջողություն ենք մաղթում՝ հայի աղոթքով
Շնորհակալություն
Զրուցեց՝ Մ.Հովհաննիսյանը
ՌԵԺԻՍՈՐ(ՆԵՐ)՝ Միքայել Ա. Գուրջյան
ՍՑԵՆԱՐԻՍՏ(ՆԵՐ)՝ Միքայել Ա. Գուրջյան
ՕՊԵՐԱՏՈՐ(ՆԵՐ)՝ Ղասեմ Էբրահիմյան
ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ 2022
ԴԵՐԱՍԱՆ(ՆԵՐ)՝ Հովիկ Քէուչկերեան, Միխայիլ Տրուխին, Նելլի Ուվարովա, Նարինե Գրիգորյան, Ժան - Պիեր Նշանյան
ՊՐՈԴՅՈՒՍԵՐ(ՆԵՐ)՝ Արման Նշանյան, Սոլ Տրիոն, Պատրիկ Մալխասյան, Անի Որսկանյան
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ(ՆԵՐ)՝ PEOPLE OF AR Productions
Ֆիլմի սյուժեն
Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման: Իրավիճակի ամբողջ լրջությունն ու սարսափը գիտակցելու հետ մեկտեղ՝ Չարլին պատահմամբ հայտնաբերում է, որ իր բանտախցի արտաքին պատը վնասվել է երկրաշարժի հետևանքով՝ առաջացնելով մի ճեղք, որի միջով նա կարողանում է տեսնել մոտակա շենքի բնակարաններից մեկը, որտեղ ապրում էր մի ամուսնական զույգ՝ Տիգրանն ու Ռուզանը: Նրանք էլ դառնում են Չարլիին արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը: Չարլին սկսում է հետևել ամուսնական զույգի կյանքին, ճաշել, ուրախանալ, տխրել, երգել ու պարել նրանց հետ միաժամանակ, փորձում ճանաչել հայկական մշակույթը, որը մինչ այդ անծանոթ էր իրեն:



