725դիտումների քանակը

Արագածոտն գավառի արևմտյան մասերում, մասնավորապես Մաստարայի կողմերում, 4-րդ դարակեսից տեսնում ենք Գնունիներին: Փաստը վիմագրագիտական ատաղձով բացահայտվում է 7-րդ դարի կեսով. Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցու հարավային խաչաթևի պատուհանի վերևում արձանագրված է. ՅԱՄՍ îÜ ԹԵՈԴՈՐՈՍԻ/ ԳԸՆՈՒՆԵԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ/ ՇԻՆԵՑԱՒ (իմա՝ վերաշինեցաւ) ²ÌëԱԻûՆ ՏՈՒՆՍ…: Այս Թեոդորոս Գնունյաց եպիսկոպոսի անունը նշվում է Դվինի 645 թ. 4-րդ եկեղեցական ժողովին մասնակից բարձրաստիճան հոգևորականների շարքում: Իսկ վերոհիշյալ վիմագիր հիշատակությունը հուշում է, որ տարածքի ավատատերերը Գնունյաց նախարարական տան պայազատներն էին. հնում չէր կարող որևէ տիրույթի աշխարհիկ տերը լինել մի գլխավոր իշխանական տոհմի ներկայացուցիչ, իսկ հոգևորը՝ ուրիշ:

Հիրավի զարմանք են հարուցում Մաստարայում Գնունիների անհերքելի գոյությունն ու գործունեությունը, այն էլ բեղուն, մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ տարածաշրջանում տոն տվողները, ինչը փաստում են մատենագրական ու վիմագրական բազմաթիվ սկզբնաղբյուրների անվիճարկելի վկայությունները, Շիրակի ու Արշարունիքի տեր Կամսարականներն էին, որոնք իշխում էին նաև Թալինում: Ինչ վերաբերում է սահակյան §Գահնամակ»-ում 17-րդ պատվավոր դիրքը զբաղեցնող ու արքունական տակառապետի (գլխավոր մատռվակի) պաշտոնը վարող Գնունիների բուն տիրույթներին, ապա հայտնի է, որ դրանք ի սկզբանե գտնվել են Վանա լճի հյուսիսային առափնյա շրջաններում և ընդգրկել են Տուրուբերան նահանգի Աղիովիտ, Վասպուրական աշխարհի Առբերանի, Արճիշակովիտ գավառներն իրենց Արճեշ, Ամյուկ անառիկ ամրոցներով: Բայց Ղ. Ինճիճյանը 10-րդ դ. մատենագիր Մեսրոպ Երեց Վայոցձորեցու մի հիշատակությամբ պարզել է, որ այդ իշխանատոհմը կալվածքներ է ունեցել նաև Շիրակ գավառում:

Գնունիների մի ճյուղի տեղաշարժը դեպի հյուսիս և հաստատվելն Արագածոտն գավառի շիրակամերձ Մաստարա բնակավայրում եղել են նախքան Հայաստանի չարաբաստիկ առաջին բաժանումը՝ 387 թվականը. վերոհիշյալ ճգնակյաց Պարգևը Ներսես Ա Մեծ կաթողիկոսի (353-373) ժամանակակիցն է: Մեսրոպ Երեցը հիշատակում է այդ շրջանի ևս մի տոհմակից նախարարի՝ «զիշխանն Գնունեաց Մանէճ», ով 353 թ. Կեսարիա հայրապետական ձեռնադրության մեկնող Ներսես Պարթևին ուղեկցող մեծամեծներից էր:

Գնունիներն Արագածոտնում հաստատվել են այն բանից հետո, երբ Արշակ Բ թագավորը նրանց է վստահել արքունական առանցքային գործակալություններից մեկի՝ հազարապետության բարձր պաշտոնի գլխավորումը. «Եվ սկիզբն գործակալութեանն հազարապետութեանն աշխարհատեսն խնամակալութեանն, շինականաշէն ազգն Գնունեաց՝ հազարապետն ամենայն երկրին»:

Արքայի ընտրությունը պատահական չէր. Արշակունիներն ու Գնունիները միմյանց ճանաչում էին հրաշալի, քանի որ հարևանությամբ ապրում էին Աղիովիտ, Առբերանի գավառներում: 387 թ. բաժանումից հետո Արշակ Գ Արշակունի (378-389) թագավորի հետ մեր երկծվենված հայրենիքի բյուզանդական մաս հեռացան հայոց հազարապետի գործակալությունը վարող Գնունի իշխանատոհմի ոչ բոլոր ներկայացուցիչները: Գնունիների մի հատվածը մնաց Արևելյան Հայաստանում: Դրանց թվում էին նաև Մաստարայի նրանց ազգակիցները, որոնց բարեպաշտ սերունդներն էլ 479 թ. կառուցեցին տեղի Ս. Հովհաննես հրաշազան եկեղեցին: Ցավոք, պատմությունը լռության է մատնել այդ հրաշակերտ հուշարձանը հիմնարկող իշխանազունի անունը: Բարեբախտաբար, Ղազար Փարպեցի պատմիչը հայտնում է ճիշտ նույն ժամանակի Գնունիների անուններ, երբ քաջազուն Վահան Մամիկոնյանի զինակիցների շարքում հիշատակում է իշխան Ատոմին ու նրա եղբայր Առաստոմին, որոնք Ակոռիի 482 թ. հաղթական ճակատամարտում որպես զորապետներ գլխավորել են հայոց ուխտապահ զորքի աջակողմը:

Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցու արևելյան արտաքին պատին՝ պատուհանի պսակի վերևում՝ կամարաձև զարդաքանդակի մեջ, փորագրված է՝ ԳՆՈéՒՆԻù / ԱՆԱՍՏԱՍ29 : Գիրը 7-րդ դարի է և կարող է վերաբերել տեղի՝ Տեր Թեոդորոս Գնունյաց եպիսկոպոսի օրերի աշխարհիկ իշխանավորին: Ժամանակը Գնունյաց նախարարական տան համար բավականին նպաստավոր էր. բյուզանդական մասի Հայաստանի կառավարիչն էր հայոց իշխանը՝ այդ տոհմի ներկայացուցիչ Մժեժը (629- 635 )՝ Խաչափայտի ազատարար Հերակլ կայսրի (610-641) նիզակակից բարեկամը:

Նմանատիպ այլ նորություններ