77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահե Շահվերդյանը։ Այս մասին տեղեկանում ենք նրա որդու՝ Սուրեն շահվերդյանի ֆեյսբուքյան էջից:
Նա հոր հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով.
«Կներես, որ այս կյանքում չհասցրի խոսել քեզ հետ, այնքան, որքան պիտի խոսեի։
Կներես, որ չհասցրի ասել այն, ինչ պիտի ասեի :
Կներես, չկարողացա վերադարձնել քեզանից ստացած ուշադրության և սիրո գոնե կեսը:
Կներես, որ չկարողացանք այս անգամ կյանքդ փրկել:
Կհանդիպենք երկնքում, ու ես կրկին այսպես պինդ կգրկեմ քեզ»:
Վահե Շահվերդյանը 1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։ 1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոն գեղարվեստական ղեկավար։ 1992 թվականից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1994-1998 թվականներին՝ ռեկտոր, 2003 թվականից պրոֆեսոր, 1996-2008 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։ ՀՀ Աժ պատգամավոր՝ 1995-1999 թվականներին։ 2008 թվականից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Աշխատել է ԵԹԿՊԻ-ում, ինչպես նաև ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում։
Նա ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Լիտվա, Լատվիա, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Կոլումբիա, Լեհաստան, Չեխիա, Թուրքիա, Պարսկաստան։ Շահվերդյանի լավագույն ներկայացումը համարվում է Ա. Չեխովի «Երեք քույր» ներկայացումը, ինքնատիպ աշխատանք է համարվում նաև Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի աղջիկները» դրաման, որտեղ անսամբլային դերակատարման շնորհիվ ներկայացումը հաջողություն գրանցեց։
