Պատմական Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի հնագույն բնակատեղիներից է Թալինը: Ըստ Ղևոնդ Ալիշանի, քրիստոնեական 2-րդ դարում այս տեղը ծանոթ է եղել հույն աշխարհագիր Պտղոմեսոսին՝ Թալինա անունով¹: Թալինի մասին տեղեկատվություն ստանում ենք միջնադարյան Հայաստանի պատմիչներ Թովմա Արծրունու, Մխիթար Այրիվանեցու, Ստեփանոս Տարոնացու, Ղևոնդ Պատմիչի և այլոց աշխատություններից: 4-րդ դարում այն Արաշակունիների կողմից որպես նվիրատվություն փոխանցվել է Կամսարականներին: Իսկ 7-րդ դարում արդեն, ըստ Թորամանայանի, այս շրջանը ոչ միայն շեն է եղել, այլ նաև Կամսարական տոհմի բնակավայրը²:
Հարուստ նախարարական տան առկայությունն ու Հայաստանի մայրաքաղաքներին, հոգևոր կենտրոններին մոտ լինելու հանգամանքը խթանել են, որ տարածաշրջանում ստեղծվեն այնպիսի ճարտարապետական կոթողներ, ինչպիսիք են Թալինի Մեծ ու Փոքր տաճարները, Իրինդի, Մաստարայի, Գառնահովիտի և այլ եկեղեցիներ:
Թալինի Մեծ եկեղեցին միջնադարյան Հայաստանի ճարտարապետության եզակի հուշարձաններից է և պատկանում է եռանավ, գմբեթավոր, արևմուտքից արևելք ձգված, խաչաձև հատակագծով, եռախորան բազիլիկ կոչված տիպին: Խորանները արտաքուստ հնգանիստ են: Ավագ խորանի հյուսիսային և հարավային կողմերում կառուցված են ավանդատներ, որոնց վերին հարկերը ծառայել են որպես գաղտնարաններ և ունեցել են հակասեյսմիկ նշանակություն: Աղոթասրահը երկու շարք մույթերի և որմնամույթերի միջոցով բաժանված է կենտրոնական՝ բարձր ու լայն նավի և երկու կողային թաղածածկ նավերի: Անցումը գմբեթատակ քառակուսուց դեպի թմբուկը իրականացվել է չորս առագաստների, իսկ թմբուկից դեպի գմբեթը՝ փոքր տրոմպների միջոցով: Ունի հինգ մուտք՝ երկուսը հյուսիսից, երկուսը հարավից, գլխավոր շքամուտքը եղել է արևմուտքից: Լուսամուտների թիվը հասել է 5 տասնյակի: Սա, իհարկե, կառույցի ներքին լուսավորությանը առատություն հաղորդելու ճարտարապետական միտում է:
Տաճարը կառուցվել է սև և կարմիր սրբատաշ տուֆով: Կաթողիկեն առանձնանում է հատկապես իր արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով՝ լուսամուտների քանդակազարդ պսակներով, քիվերով և արևմտյան ճակատի ինքնատիպ լուծումով:
Ցավոք մեզ չի հասել շինարարական, մատենագրական, վիմագրական որևէ արձանագրություն, որ կփաստի կառուցման ստույգ ժամանակը: Մասնագետները այն թվագրել են 7-րդ դարով ճարտարապետական մի շարք արտահայտչամիջոցներից ու առանձնահատկություններից ելնելով: Տաճարի կառուցումը վերագրել են Ներսեհ Կամսարականին, ով այդ ժամանակաշրջանում «Հայոց Իշխան» տիտղոսն է կրել և հայտնի է եղել՝ որպես «Եկեղեցիներ կառուցող» 4:
Կաթողիկեի պատերին եղած արձանագրություններից ամենահինը պատկանում է 783 թ-ին, որում հիշատակվում են Ուխտատուր վանականն ու իր եղբայր Տոտլը, որոնք Սարակապանի դաշտից ջուր են բերել Թալին: Իսկ ահա տաճարի հյուսիսային պատի արևմտյան կողմում եղած նորահայտ երկտողանի արձանագրությանը (+ ԵՍ՝ ՔՈՒՐԴ, ՀԱԶԱՐԱ/ՊԵՏ ԱՇՈՏԻ՝ ՇԱՀԱՆՇԱՀԻ, Ի ԱՆYԱՅ ) անդրադառնալիս՝ Աշոտ Մանուչարյանը՝ իր ուշագրավ և ծավալուն հոդվածում նկատում է, որ ոչ դասական բոլորաձև երկաթագրով, բայց 10-րդ դարին բնորոշ տառաձևերով փորագրված Քուրդ հազարապետի այս անթվագիր արձանագրությունը պայմանավորված է եղել արքունական գործակալի Թալին այցելությամբ և 970-973 թթ-ի կործանիչ երկրաշարժից տուժած կառույցի վերականգնմանը՝ արքայից արքա Աշոտ Գ Ողորմածի հանձնարարականով սատարելու հետ: Ըստ այդմ, Քուրդ հազարապետի հիշատակությունը ավելի է որոշակիանում՝ 970-977 թթ-ի հատվածում:
Կաթողիկեն արտաքին ծավալապաշտական գրավչությունից զատ ունեցել է նաև ընդարձակ ու հանդիսավոր, սակայն գմբեթավոր մույթերով մասնատված ներքին տարածություն՝ վայելչական զարդարանքով: Պալատական կառույց հիշեցնող այս փառահեղ տաճարը ներսից ամբողջությամբ որմնանկարազարդ է եղել: Այս մասին են վկայում պատերին պահպանված կրաշաղախի բարակ շերտերն ու որմնանկարների՝ դեռ նշմարվող պատառիկները, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել 7-րդ դարի հայ որմնանկարչական արվեստի բարձրաճաշակության ու փառահեղության մասին:
Պետք է ցավոք նկատենք՝ մինչ տաճարին պատուհասած ավերիչ երկրաշարժերը և դրանցից հետո որմնանկարների մասին որևէ նկարագրություն մեզ չի հասել: Միայն Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը 1842 թվականին վկայել է՝ նշմարին հետք նկարուց և տերունի պատկերաց: Իսկ ահա ձախ ավանդատան մուտքի վերևի հատվածում դեռ նկատվող ուշագրավ մի արձանագրության մասին առաջին անգամ խոսել է Գարեքին Վարդապետ Հովսեփյանն իր «Գրչության Արուեստը հին հայոց մեջ» աշխատության Գ հատորում: Ըստ հեղինակի՝ Թալինի Մայր եկեղեցու ձախ ավանդատան պատին եղել է երկու արձանագրություն՝ որմնանկարների մասին: Տարաբախտաբար, մեկը բոլորովին փչացած է, իսկ մյուսը՝ կիսով չափ: Այստեղից պարզ է դարձել, որ տաճարի որմնանկարների պատվիրողը Մովսես Եկեղեցապանն է եղել: Եվ ըստ Կարեն Մաթևոսյանի դրանք կարող էին նկարված լինել շինարարական աշխատանքների անմիջական ավարտից հետո, ոչ ուշ քան 7-րդ դարի 80-90-ական թթ-ը, որովհետև դրանից հետո սկսված քաղաքական խառնակ վիճակն ու խալիֆաթի բռնի քաղաքականությունը բավական երկար ժամանակ կասեցրել են արվեստի զարգացումը հայոց մեջ:
Թալինի այս հոյակերտ հուշարձանը կիսավեր է դարձել 1840 և 1931 թթ. երկրաշարժերի հետևանքով: Մասնակիորեն ամրացվել է 1947-ին և զգալիորեն վերականգնվել 1972-1976թթ.: Ի ուրախություն մեզ՝ 2023 թ. սկզբներին սկսվել են հիմնանորոգման աշխատանքները:
Իր ծավալապաշտական շքեղ հորինվածքով Կաթողիկեն այսօր էլ շարունակում է մնալ 7-րդ դարի հայկական ճարտարապետության փառահեղ վկան:
Մ. Հովհաննիսյան

