847դիտումների քանակը

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ Նարինե Շահբազյանի հոդվածում ներկայացված է հայ առաջի տպագրիչ Հակոբ Մեղապարտի կողմից 1513թ. տպագրված «Տաղարանում» Հովհաննես Թլկուրանցու տաղերը: «Տաղարանը» կարևորվում է նրանով, որ Թլկուրանցու սիրո տաղերը առաջին անգամ տպագրվել են այդտեղ: Փաստորեն, Հակոբ Մեղապարտը դրանք դրել է ավելի լայն առումով գիտական շրջանառության մեջ՝ համապատասխանեցնելով իտալական Մեծ Վերածննդին: Եվ հոդվածում էլ առջին անգամ անդրադարձ է կատարվում հենց այդ տաղերին, ուր միջնադարյան սիրերգուն արժևորում է երկրային կյանքը, նկարագրում կանացի գեղեցկությունը և սերը:

Մարդկության պատմության ընթացքում ստեղծված խոշորագույն գեղարվեստական արժեքներից է միջնադարի հայ պոեզիան, որ Գրիգոր Նարեկացուց սկսած ունեցել է խորախորհուրդ խոսքի վարպետներ: Խորն են միջնադարյան հայ բանաստեղծության ակունքները: Միջնադարյան քնարերգությունը հայի ոգին է, հայի ինքնությունը, այն հայկական ոգու իսկական հաղթանակն է համաշխարհային պատմության մեջ, այսպիսին է Վ.Բրյուսովի գնահատականը միջնադարյան քնարերգությանը: Միջնադարյան գրողները կրոնական քողի տակ արծարծել են աշխարհիկ թեմաներ, անդրադարձել մարդուն, նրա զգացմունքներին: Աշխարհիկ և հոգևոր երգերի անդրանիկ «Տաղարանում» ամբարված են նաև միջնադարյան բանաստեղծ Հովհաննես Թլկուրանցու տաղերը, ուր կինը դարձել է ներշնչարան ստեղծագործողի համար՝ հանդես գալով որպես աստվածային պարգև: Այս «Տաղարանը» կարևոր է նրանով, որ Թլկուրանցու սիրո տաղերը տպագրվում են առաջին անգամ: Փաստորեն, Հակոբ Մեղապարտը դրանք դնում է ավելի լայն առումով գիտական շրջանառության մեջ: Չմոռանանք այն, որ 1513 թվականը համընկնում է Իտալական Մեծ Վերածննդի հետ, երբ հոգին և մարմինը հանդես են գալիս միասին: Եվ պատահական չէ այն, որ իր «Տաղարանի» խորագիրը Հ.Մեղապարտը դրել է «սա տաղարան է հոգու և մարմնի»:

Միջնադարի մեր սիրերգուն իր աշխարհիկ տաղերի բովանդակության մեջ առանձնապես արժևորում է երկրավոր կյանքը: Իրական աշխարհի պաշտամունքը բանաստեղծորեն մարմնավորվում են կանացի գեղեցկության և սիրո, նրանց թողած տպավորության ու ներգործության ուժի գովերգությամբ: Թլկուրանցին մղում է մարդուն կյանքը սիրելուն, նա կնոջ և սիրո միջոցով մի նոր կենսասիրություն է նվիրում: Թլկուրանցու սիրով լի տաղերը գտնում ենք մեսրոպատառ առաջին գրքերի տպագրիչ Հակոբ Մեղապարտի հոգու և մարմնի «Տաղարանում», ուր ամեն մի տաղ այսօր էլ հուզում է ու գեղագիտական հաճույք պատճառում: Տաղարանում նեռարված Թլկուրանցու սիրո տաղերում նրբագեղություն և հոզականություն կա, հուզիչ է ամեն պատկեր, ամեն մի խոսք, որ սիրերգուն նվիրում է կնոջը: Թլկուրանցին մեծարում է կնոջը, նշում անգամ այն մասին, որ կինը սիրելի է նույնիսկ Աստծու կողմից, այսպես է գրում սիրերգուն «Հազար ուսուֆ է քեզ ծառայ» սկսվածքով տաղում.

Շուշան, ըռէհան ու մանուշակ ու նօնօֆար, ւ, ի ծոցն վարդ,

Անմահ խնձոր ու սերկևիլ, նուռն ու նարինջ ու կարմիր վարդ:

Ծոցդ է դըրախտ անմահութեան, անմահական պըտղով դըրախտ.

Դու օրինակ ես աղէկուն, զքեզ սիրէ աստուած և մարդ:

Տաղարանը մեզ համար ճանաչողական արժեք է, այստեղ ներառված Թլկուրանցու տաղերը բացահայտում են մարդկային զգացմունքներ, ապրումներ, ընդհանրացնում սիրո հոգեբանության բազմաթիվ գծեր: Սիրո մեծ երգչի տաղերով հայելային է դառնում սիրող մարդու անսահման հարուստ հոգեկան աշխարհը և այդ աշխարհը գունավորող, սիրով լցնող կինը: Անսահման նրբագեղություն ու հուզական հագեցվածություն կա օրինակ «Արևնըման շողշող կըտան» տաղում: Այստեղ հանդիպող կինն օրինակելի է «աղեկներուն», նա գեղեցիկ է և հմայում է բանաստեղծին, ստիպում տարվել տիեզերական խորախորհուրդ վեհ գաղափարներով: Բանաստեղծը մեկ զմայլվում է կնոջ գեղեցկությամբ, մեկ հայացք ուղղում դեպի երկինք՝ հասկանալու համար հողից ստեղծված էակի հմայելու, դյութելու առեղծվածը: Սիրերգուն և´ մեղա է գալիս, և´ ձուլվում է տիեղերքի անմահ էության հետ, այն տիեզերքի, ուր ընդունելի և օրհնյալ է սիրո գոյությունը.

Դու օրինակ ես աղէկնուն, այլ մայրն չէ բերեր զէտ զքեզ.

Սպիտակ ճակատ ու սև աչեր, լութֆ ու քարամով լուսերես:

Լար շրթընովդ վարդ թափես, ճօճան վզովդ բերդեր քակես.

Ամէն անձամբդ ես գեղեցիկ, քաւէլ թէ քեզ նըման դու ես:

Բայց ինչ անեմ ճարակ չըկայ, մահու մեղաց ներքև եմ ես,

Հայիմ ի քեզ, հայիմ ի նայ, որ ի հողոյ ստեղծեր է զքեզ:

Սիրերգու Թլկուրանցին երգում է կնոջ գեղեցկությունը ազատ և անկաշկանդ, ավելին նա պնդում է, որ Աստված կնոջը ստեղծել է սիրո համար, ուրեմն սերը աստվածատուր է, այն հատուկ է նույնիսկ Աստծուն: Աստվածապարգև կնոջը սիրում է և´ մարդ, և´ Աստված: Մարդու էության մեջ սեր է դրված և կինն էլ Աստծո կողմից արարված է սեր լինելու համար: Ահա այսպիսի տողերում ենք գտնում սիրո քնարերգության իրավունքի հիմնավորումը սիրերգու կողմից.

Դու օրինակ ես աղեկնուն, զքեզ սիրէ աստուած և մարդ:

«Տաղարանում» ներառված Թլկուրանցու ամեն մի տաղ սիրո տոն է նվիրում, ամեն մի տող ցույց է տալիս, թե որքան կատարյալ է գեղեցիկի զգացողությունը ու պատկերումը սիրերգուի մոտ: Ինչը կարող է ավելի զմայլելի և թովիչ լինել քան արևը գարնանային, լուսինը պայծառ աշնան, ծաղիները ամենաբույր, որ բուրելի են քան խնկենին: Նման համեմատությունները սիրերգուի տաղերում անսպառ են, դրանք ստեղծում են կանացի գեղեցկության տպավորիչ պատկերներ, ինչպես նաև արտահայտում են սիրահար սրտերի զգացմունքների ու ապրումների երջանկավետ քնքշանքն ու ներդաշնակությունը: Թլկուրանցու տաղերում կինը նվիրում է կյանք, նրա ծոցը դրախտ է անմահության, նրա տեսքը բժշկում է հիվանդներին, նրա կողքին մարդ ոչ կմեռնի, ոչ էլ կծերանա: «Արեկ, արեկ, իմ խուպ սուրաթ» տաղը միջնադարի հայ աշխարհիկ գրականության գեղարվեստական արժեքներից է, ուր մեծարվում և փառաբանվում է կինը, արժևորվում նրա դեր.

Արեկ, արեկ, իմ խուպ սուրաթ, փառք ու պատիվ քո ստեղծողին,

Եդեմական դրախտէն կու գաս, օրհնեալ անուն քո նախշողին:

Արեկ արև գարնանային, արեկ աշնան պայծառ լուսին,

Տեսըդ բժիշկ է հիւանդին, առողջութիւն ջերմընոտին.

Ծոցդ է դրախտ անմահութեան, ի յետ դարձնէ զելած հոգին,

Ոչ մեռանի, ոչ ծերանայ, ոչ երեսվին դառնայ դեղին:

Թլկուրանցու տաղերում իրար են հաջորդում սիրո վայելչության ու բերկրանքի, լուսավոր թախծի ու տանջանքի, երջանկության ու կարոտի հոգեկան հարուստ իրավիճակները: Նրա տաղերը զգացմունքների գեղեցիկ ու պոետիկ պատկերներով հիացմունք են առաջացնում: Սիրերգուի տաղերում ճանաչում են մարդկային հոգին, ներաշխարհը, ապրումները: Կինն իր ողջ էությամբ մի գիրք դարձած տող առ տող ընթեռնելի է դառնում, ըմբռնելի ընթերցողին իր բազմերանգությամբ: Տեսողական պատկեր ստեղծելու մեծ վարվետ Թլկուրանցին ամեն մի տաղում կնոջը յուրովի է ներկայացնում, լինի դա հոգեվիճակի, թե ֆիզիկական գեղեցկության նկարագիր: Նա զարմանալի նրբանկատությամբ ընկալում է շարժվող մարմնի գեղեցիկ ու տպավորիչ գծերը, ստեղծում համեմատություն ու տալիս այնպիսի պատկեր, ուր կինն իր գեղեցկությամբ գեղարվեստական հզոր ներգործուն ուժ է ձեռք բերում:

Սիրերգակ Թլկուրանցին գեղեցիկ խոսքեր է նվիրում բոլոր կանանց, այս է վկայում նրա «Ես ձեզ տեսայ սիրով նստած» տաղը, որ ասես հետագայում ներշնչարան է դարձել Նաղաշ Հովնաթանի համար, երբ երգում է «Վրաստանա գոզալները».

Ես ձեզ տեսայ նման լուսոյ, զէտ զարեգակն որ նոր կելնու,

Սիրտս այրեցաւ բարկ կրակով, ես մնացի խև կապելու:

Պատկեր ստեղծելու այս սկզբունքով գեղարվեստական ներգործուն արժեքներ է ստեղծել Հովհաննես Թլկուրանցին՝ արծարծելով բնության, սիրո, խոհափիլիսոփայական թեմաներ: Նա ոչ միայն հեղինակել է դրանք, այլև գրել է երաժշտություն՝ հանդես գալով որպես եղանակահան: Նա եղել է երգիչ-երգող, որ նշանակել է բանաստեղծ երաժիշտ, ինչպիսին էր Ներսես Շնորհալին: Հարկ է նշել, որ մեծ սիրերգուն իրեն անվանում է ասող, որ նշանակում է հորինող և միաժամանակ բարձր ձայնով արտասանող: Նրա տաղերի վերջին քառատողերում հաճախ ենք հանդիպում այսպիսի ավարտուն տողեր « Խև Յովհաննէս Թուրկուրանցի, զօրն ի բուն այլ կասես», երբ սիրերգուն հիշատակում է իր անունը և իրեն անվանում է ասող:

Երգող-երգիչ Հովհաննես Թլկուրանցին երգում է կնոջն ու սերը, նա երգում է պապակած սիրահարի պես, գովերգում սիրած կնոջը շռայլությամբ. «կրակի պես վառ», «կարմիր վարդի թերթ», «լուսնի նման քնքուշ», «արեգակի պես ջերմ», «ոսկու նման դեղծամ» և ապա նշում, որ սերը արարչագործության ժամանակներից գոյություն ունեցող մի զգացմունք է, որի զորեղ ուժին անզոր է դիմանալ վարդապետն անգամ.

Աչեր ունիք զէտ ըզծովեր, ուներ ունիք քան զթուխ ամպեր,

Շողայր կըլափն ու լար շըրթունք ու մարգարտէշար ատամունք:

Թէ վարդապետն ըզձեզ տեսնու, մոռանա զուսումն ու շատ գրունք,

Ամէն անձամբն ի դող ելնու, անցնէ զամառըն ձմեռունք:

Միջին հայերենով գրված Թլկուրանցու տաղերը սկզբնավորեցին միջնադարյան գրականության այնպիսի սիրային տաղերգություն, որը զուրկ էր այլաբանական նկարագրություններից: Թլկուրանցին այս տաղերով արտահայտեց իր խոհերն ու զգացմունքները, իր ապրումներն ու տպավորությունները: Քնարական այս բանաստեղծությունները հուզական վերաբերմունք արտահայտող խոսքեր չեն միայն, սրանք բացահայտում են Թլկուրանցուն և նրա հուզաշխարհը: Դառնալով խոհերի ու տրամադրությունների անմիջական արտահայտիչներ՝ քնարական այս տաղերը հանդես են գալիս իբրև միջնադարյան բանաստեղծի խոստովանություն: Սիրերգուն իր տաղերում գրեթե միշտ խոսում է իր զգայական աշխարհի մասին, իր ապրումների, իր խոհերի, իրեն տանջող ցավի մասին: Սակայն այս ամենով հանդերձ նա արտահայտիչն է իր ժամանակի ապրող մարդու զգայական աշխարհի: Նրա տաղը հասարակական ամբողջ շերտերի ապրումների արտահայտությունն է: Նրա երգերի մեջ կա կյանքի և սիրո կարոտ, նրա հույզերը արժեքավոր են, քանի որ արտահայտիչն են համամարդկային վեհ ու վսեմ զգացողությունների, սրանով է նաև հանճարեղ տաղերգակ Թլկուրանցին: Մեծ պոետը խոսելով իր մասին, իր եսի մասին խոսում է ընդհանուրի, մարդկության մասին, որովհետև նրա խառնվածքի մեջ կա այն ամենը, ինչով ապրում է մարդկությունը: Եվ դրա համար էլ նրա տխրության մեջ ամեն ոք կճանաչի իր տխրությունը, նրա հոգու մեջ ամեն ոք կճանաչի իր հոգին և նրա մեջ կտեսնի ոչ միայն պոետին, այլև մարդուն, մարդկությանը,- Բելինսկին ահա այսպես է բնութագրում համամարդկային ապրումներ ու զգացողությունների արտահայտիչ պոետին: Թլկուրանցին երգում է սերը, նրա բերած հրճվանքը և սեր նվիրող կնոջը: Նրա տաղերում գտնում ենք գեղուհու պատկեր, ով հմայում է և օժտված է այնպիսի զորությամբ, որ «հրով այրէ զերկիր ամէն», «սիրով քակէ բարձր բերթեր»: Կինը բարկ կրակով սրտիկն է այրում բանաստեղծի, հոգին մարմնից զատում է, միտքը տանում է, այրում ու մոծիր դարձնում, բայց և «անուշ հոտով արբեցնում», մեկ հայացքով կենդանացնում ու երջանկացնում: «Տաղարանում» Թլկուրանցու ամեն մի տաղ սիրո առաջացրած քաղցրության երգ է, երգ այն սիրո, որը մարդուն ծաղկեցնում է «քան զծառըն խնկենին», երգ այն կնոջ մասին, որ դեղ է ուրախության, դեղ անմահության և դրա համար էլ սիրատոչոր սիրերգուն երգում է.

Ով զքեզ սիրէ ո՞նց մեռանի, կամ երեսվին դառնայ դեղին.

Պարծանք ու վա՜շ քո ծընողին, փառք ու պատիվ քո արարչին:

Աղբյուրը՝ https://7universum.com/ru/philology/archive/item/12767

Նմանատիպ այլ նորություններ