896դիտումների քանակը

Որոշ պատերազմներում ամերիկյան ԶՈՒ–ն սկսեց կիրառել ԱԹՍ– ներ, որոնք սկզբում ներգրավված էին հիմնականում հետախուզական թռիչքներում: Վիետնամական պատերազմի ընթացքում ամերիկյան օդային հետախուզության մոտավորապես 80 տոկոսը կատարել էր «AQM–34 Firebee»–ն: 1964 թ. մինչև 1975 թ. նման սարքերը, չունենալով անգամ 10 տոկոս կորուստ, կատարել են մարտական ավելի քան 3.400 թռիչք և դրանց խոցման ժամանակ մարդկային կորուստներ չեն գրանցվել: Հետագայում նման սարքերը կիրառվեցին մարտական ապահովման այլ խնդիրներում ևս: Ինչպես միշտ, մեծ հաջողություններ էր արձանագրում հատկապես Իսրայելը, որն այսօր նման սարքերի ստեղծմամբ և արտահանմամբ ԱՄՆ–ից հետո աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը:

1973 թ. «Դատաստանի օրվա» պատերազմում իսրայելցիներն անօդաչու սարքերի կիրառմամբ մեծ հաջողությունների հասան: Իսրայելական բանակը հիմնականում կիրառում էր «MQM–74 Chukar» և «AQM–34 Firebee» ամերիկյան ԱԹՍ–ներ, որոնց յուրաքանչյուր տարատեսակին իսրայելցիները տվել էին առանձին անուններ: Նման սարքերի կիրառմամբ իսրայելական բանակն զգալի հաջողություններ ունեցավ: Մինչև ԱԹՍ–ների կիրառումը հոկտեմբերին իսրայելական ՌՕՈՒ–ն կորցրել է որոշակի թվաքանակով ինքնաթիռներ: Իրենց համար անթույլատրելի թվաքանակի օդանավեր կորցնելով` իսրայելցիները հրաժարվեցին ինքնաթիռների մեծ խմբերով մարտական հարվածներ հասցնելու ավանդական դարձած մարտավարությունից և սկսեցին կիրառել հարվածային փոքր խմբեր: Նման փոքր խմբերով հարվածների համար անհրաժեշտ էին հետախուզական ավելի ստույգ տվյալներ, որոնք ապահովում էին ԱԹՍ–ները: Իսկ հարվածային խմբերին պաշտպանելու համար կրկին ԱԹՍ–ներն էին իրենց վրա վերցնում հակառակորդի կրակը: Հայտնի են դեպքեր, երբ մեկ սարքի ուղղությամբ արաբներն արձակել են մինչև 30 հրթիռ: Անգամ տասնյակ հրթիռների արձակումներից հետո շատ ԱԹՍ–ներ վերադառնում էին: Արդյունքում արաբական ԶՀՀ–ները, ծախսելով մեծաքանակ հրթիռներ, խոցում էին մի քանի ԱԹՍ:

Իսրայելական ՌՕՈՒ–ի Խացերիմ թանգարանում ներկայումս պահվում է «Floger» մականվամբ «Mabat» ԱԹՍ (Իսրայելում այսպես էին կոչվում ամերիկյան «AQM–34 Firebee»–ները), որը կատարել է մարտական 9 թռիչք: 1973 թ. պատերազմում իսրայելցիները ԱԹՍ–ների կիրառության մեծ փորձ ձեռք բերեցին, ինչը նրանց շատ օգնեց հետագայում: Ըստ իսրայելական տվյալների` 1981 թ. մայիսի 14–ին «Scout» ԱԹՍ–ի և սիրիական «МиГ–21»–ի միջև նույնիսկ օդային մարտ է տեղի ունեցել, որի ժամանակ կործանիչի օդաչուն, հետապնդելով անօդաչու սարքին, վթարվել է` հարվածելով լեռանը: Արաբա–իսրայելական հաջորդ պատերազմում` 1982 թ. Բեքաայի հարթավայրում, իսրայելական ԱԹՍ– ները հայտնաբերում էին սիրիական զորքերի տեղակայումները: Մեկ այլ տեսակի ԱԹՍ–ները, լինելով որպես կեղծ թիրախներ, ստիպում էին միացնել սիրիական ՌՏԿ–ները` մատնելով դրանց դիրքերը: Հանգամանք, որն օգտագործում էին իսրայելական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները և հարվածային ինքնաթիռները: Առանց ժամանակ կորցնելու դրանք խլացնում կամ ոչնչացնում էին ՌՏԿ–ները: Հակառադիոլոկացիոն հրթիռների հիմնական աղբյուր ՌՏԿ–ի անջատման դեպքում ԱԹՍ–ները լազերային լույսով կրկին ուղղորդում էին ինքնաթիռներից արձակված հակառադիոլոկացիոն այլ տեսակի հրթիռները: 1982 թ. դեպքերը հիշարժան են նաև նրանով, որ պատերազմի ժամանակ առաջին անգամ հատուկ ՑԶ–ի համար կիրառվում էին ԱԹՍ–ներ: «Scout» և «Mastiff» ԱԹՍ–ները կատարում էին հետախուզություն 800–1000 մ բարձրության վրա: Հայտնաբերելով համապատասխան նշանակետեր` սարքը ղեկավարող վերգետնյա օպերատորը հնարավորություն ուներ մեծացնելու տվյալը ճշտելու համար հայտնաբերած ամենատարբեր թիրախների և անգամ մարդու պատկերը: Թիրախը ճանաչվում էր, առանց ժամանակ կորցնելու կոորդինատները հաղորդվում էին հրետանային միջոցներին: Դրանք էլ օպերատիվ հարված էին հասցնում թիրախին: Իսրայելցիները համապատասխան կերպով էին վարվում նաև 1983 թ. Բեյրութին հարվածներ հասցնելիս: Միևնույն ժամանակ ամերիկյան ՑԶ–ն և հատկապես ՌԾՈՒ–ն, գործելով առանց ԱԹՍ–ների հաղորդած հետախուզական տվյալների, զգալի կորուստներ ունեցան և կրակով վնասներ պատճառեցին խաղաղ բնակչությանը: Արդյունքում ԱՄՆ–ում որոշվեց հապճեպ ձեռք բերել հետախուզական փոքր ԱԹՍ–ներ: Իսրայելից գնվեցին մի քանի «Mastiff–3» և այլ ԱԹՍ–ներ: Բեյրութի դեպքերից շատ չանցած` 1987 թ. նոյեմբեր–դեկտեմբերին, ամերիկյան ՌԾՈՒ–ն` զինված նման ԱԹՍ– ներով, մարտական գործողություններ վարեց Հորմուզի նեղուցում: Օդում մնալով մոտավորապես 207 ժամ` ԱԹՍ–ներն աննկատ մնացին իրանական ՌՏԿ–ների համար:

Լիբանանյան վերը նշված պատերազմի ժամանակ սիրիական կողմը ևս կիրառեց խորհրդային արտադրության ԱԹՍ–ներ: Հաջողությունները նոր թափ հաղորդեցին անօդաչու սարքերի զարգացման ոլորտին: ԱԹՍ–ների մեծ զարգացումը բավական բարձր աստիճանի էր հատկապես ԱՄՆ–ում, որտեղ ստեղծվել էր նման սարքերի արտադրությամբ զբաղվող գերատեսչություն: 1991 թ. տեղի ունեցած «Փոթորիկ անապատում» գործողության ժամանակ դաշնակիցների հետախուզական ԱԹՍ–ները կատարել են օդային լուսանկարահանումների զգալի մասը, որի միջոցով հայտնաբերվել էին անապատում լավ թաքցված և քողարկված ռազմական բունկերներ, օդանավակայաններ և տարատեսակ այլ օբյեկտներ: Տարբեր տվյալներով` ամերիկյան զորքերը կիրառում էին տարատեսակ` հարյուրից ավելի ԱԹՍ–ներ, որոնք, հետախուզական թռիչքներ կատարելով, մինչև 160 կմ ներխուժում էին հակառակորդի օդային տարածք, ինչը մարտավարական մեծ խորություն է: Ներկայումս ԱԹՍ–ների կիրառությունը հետզհետե ավելի մեծ մասշտաբներ է ընդունում: Դրանց ստեղծմամբ ավելի ու ավելի շատ պետություններ են զբաղվում: Այստեղ ևս հետաքրքիր նրբություն կա: Ժամանակին, երբ ինքնաթիռաշինության տեխնոլոգիան բարդացավ, իսկ նյութական ներդրումները մեծացան, արդիական մարտական ինքնաթիռներ ստեղծող պետությունների թվաքանակն սկսեց պակասել` կես դարի ընթացքում մոտավորապես երկու տասնյակից հասնելով երեք– չորսի: ԱԹՍ–ների զարգացման պարագայում կատարվում է հակառակ միտումը: Այսօր ներգրավվում են ավելի ու ավելի շատ պետություններ: Փաստորեն, «մինի» ավիացիան ծաղկում է նաև տեխնոլոգիայի պարզության և ցածր արժեքի արդյունքում: Հայտնի է, որ 1990–ականների վերջին ավելի քան 75 պետությունում արտադրվել է ավելի քան 300 տեսակի ԱԹՍ: Ներկայումս այդ ցուցանիշը ևս գերազանցվել է:

Բազում տեսակներից լավ տվյալներով հատկապես աչքի են ընկնում ամերիկյան և իսրայելական արտադրության ԱԹՍ–ները: Տարեցտարի ամերիկյան զինվորականներն ավելի հաճախ են դիմում այս փոքր սարքերի օգնությանը: 2002 թ. տվյալներով` ամերիկյան ԶՈՒ–ի սպառազինության մեջ կար 95 տեսակի տարբեր ԱԹՍ–ներ: 2010 թ. ԱՄՆ–ի ԶՈՒ–ում կիրառվում էին ավելի քան 4.200 միավոր տարատեսակ ԱԹՍ–ներ, այսօր պատկերն ավելի մեծ է` մոտավորապես 40.000 ԱԹՍ: Միայն 2010 թ. հունվարին ամերիկյան ԱԹՍ–ները կատարել են ավելի քան 900.000–ժամյա թռիչքներ: Սա նշանակում է, որ 24 ժամ` ամեն վայրկյան, օդում եղել է ավելի քան 1200 նման սարք: Այսօր այդ ցուցանիշները մոտավորապես տասնապատկվել են: 2002 թ. նոյեմբերի 3–ին Յեմենի մայրաքաղաք Սանայից 160 կմ արևելյան հեռավորության վրա լեռներում միկրոավտոբուսի վրա կրակ բացեց ամերիկյան «MQ–1/RQ–1 Predator» ԱԹՍ–ն: Մեքենայի վրա արձակվեց երկու «AGM-114 Hellfire» ղեկավարվող հրթիռ: Բոլորը մահացան: Նրանց մեջ էր նաև հայտնի ահաբեկիչ Ալի Քայեդ ալ Հարեթին:

2004 թ. հոկտեմբերի 2–ին պաղեստինյան «Իսլամական Ջիհադ» գրոհայինների ուղղությամբ իսրայելական ԱԹՍ-ից արձակված հրթիռը սպանեց հինգ մարդու: 2007 թ. նոյեմբերի 7-ին ամերիկյան «MQ–9 Reaper» ԱԹՍ-ն, որը «MQ-1/RQ-1 Predator» շարքի հետագա զարգացումներից է, առաջին անգամ Աֆղանստանում կիրառեց գերճշգրիտ ռումբեր: Արձակած երկու «GBU–12 PAVEWAY II» ռումբերն էլ ճշգրտորեն հարվածել են թիրախներին: Նույն թվականի սեպտեմբերի 25-ից սկսված` նման սարքերի կիրառության դեպքերն Աֆղանստանում ներկայումս հասնում են մի քանի հարյուրի: Վերջին տվյալներով` այս շարքի «MQ-9 Reaper», «MQ-1/ RQ-1 Predator» ԱԹՍ-ները, որոնք պատկանում են ՌՕՈՒ-ին, ընդհանուր առմամբ, արդեն կատարել են ավելի քան 120.000 մարտական թռիչք` ավելի քան 2 մլն թռիչքաժամով: Այս տվյալները, ի դեպ, շատ արագ են փոխվում, ընդամենը կես տարվա ընթացքում դրանք արդեն կարող են համարվել հնացած: Դրանցից մեկ մեքենան` «Р107» կողային համարով «MQ–1/RQ–1 Predator»–ը, 2004 թ. մինչև 2013 թ. մայիսը կատարել էր ռեկորդային` 20.000 ժամ թռիչք: Ներկայումս ամերիկյան անօդաչուների մարտական հարվածները հնարավոր չէ հաշվել: Կան ԱԹՍ–ներ, որոնք մի քանի հարված են հասցրել առանց կորուստների: Եվս մեկ աղմկահարույց հարված մարտական ԱԹՍ–ները հասցրել են կրկին Եմենում` 2012 թ. հունվարի 31–ին, որի ժամանակ զոհվել է 11 ահաբեկիչ: Ամերիկյան ուժային կառույցները և հատկապես ԿՀՎ–ն արդեն լայնորեն աշխարհի ցանկացած կետում թաքուն կիրառում են այս գաղտնի հետախույզ մարդասպաններին: Դրանց օրինակները արդեն հասնում են հարյուրների և ոչ մեկին չեն զարմացնում: Վերջին տվյալներով հայտնի է դարձել, որ միայն Օբամայի նախագահության առաջին ժամկետում ամերիկյան ԱԹՍ–ներով Պակիստանի հյուսիսարևմտյան շրջաններում հասցվել է ավելի քան 250 օդային հարված: Ներկայումս այդ թիվը մոտավորապես կրկնապատկվել է: 2013 թ. փետրվարին Սենատում հնչած գնահատականներով` ԱԹՍ–ների կողմից հասցված հարվածներից մահացել է ավելի քան 4.700 մարդ: Հարվածային ԱԹՍ– ների դերն ու նշանակությունը ավելի արագ է աճում, քան մասնագետները հասցնում են դրանց ֆորմալ տեսք տալ: Նման սարքերի սովորական սպառազինությունը կազմում է չորս «AGM–114 Hellfire» հրթիռ և երկու «GBU–12 PAVEWAY II» ռումբ: Ներկայումս կարող են տեղադրվել նաև այլ հրթիռներ: Սրանք արդեն անօդաչու թռչող համալիրներ (այսուհետև` ԱԹՀ) են, որոնց վրա, բացի վերը նշված գերճշգրիտ սպառազինությունից, տեղադրվում են նաև բազում այլ գերժամանակակից սարքավորումներ: Այժմ էլ նման ԱԹՍ–ները գերճշգրիտ հարվածներ են հասցնում Իրաքում` ծայրահեղականների ուժերին, իսկ ԱՄՆ–ում ավելի շատ են խոսում հակաանօդաչուների շարժումների մասին: Դրանով, փաստորեն, հեղափոխություն է տեղի ունենում ոչ միայն ԹՍ–ների կիրառության, այլև այլ երկրների գործերին միջամտելու ասպարեզում, որն ավանդաբար ամերիկացիների համար կարևորվել է: Որոշ մասնագետներ պնդում են, որ ամերիկյան այս ամենաթողությունը շատ վտանգավոր է աշխարհի համար, մասնագիտական տեսանկյունից միայն կարող ենք ասել, որ այս սարքերի շնորհիվ նրանք ամեն ինչ անում են ավելի անվտանգ և ավելի մեծ մասշտաբներով: Վերջին ծրագրերի համաձայն` ԱՄՆ–ն իր ԶՈՒ–ի տարբեր զորատեսակների համար գնում է ավելի քան 100.000 ԱԹՍ: Իսկ 30 տարի անց կարող են գործարկվել արդեն արհեստական ուղեղով ԱԹՍ–ներ, որոնք կլինեն լիովին ինքնուրույն: Տարբեր հաշվարկներով` այդ 100.000–ից մոտավորապես 25–30 հազարը կլինեն հարվածային բազմանպատակ բարձրակարգ սարքեր: Ներկայումս ամերիկյան բանակում կիրառվում է մոտավորապես 50.000 տարատեսակ ԱԹՍ, որոնց թվաքանակը արագորեն աճում է: Դա նշանակում է, որ ամերիկյան ՌՕՈՒ–ն ավելի արագ է դառնում անօդաչու, քան կռահում էին բոլոր կանխատեսողները: Անգամ Ամերիկյան գեներալներն արդեն բողոքում են ԱԹՍ–ների այս մակարդակից` պահանջելով կրճատել դրանց թվաքանակը և մեծացնել հնարավորությունները` մասնավորապես մարտական ԱԹՍ–ների: Կարճ ժամանակ անց զարմանալի չեն լինի մարտական ԱԹՍ–ները, որոնք իրենց տվյալներով գրեթե լիովին փոխարինում են կործանիչներին: Փաստորեն, կարող է ստացվել այնպես, որ 6–րդ սերնդի կործանիչների անցումը լինի շատ սահուն և դրանք միաժամանակ հայտնվեն 5–րդ սերնդի հետ: Դրանցից է արդեն մի քանի թռիչք և վայրէջք կատարած, այդ թվում` ավիակիրների վրա, «X–47B» մարտական ԱԹՀ–ն, որն իր չափերով լիովին մոտ է մարտավարական կործանիչներին: Այս սարքն արդեն ունի արհեստական ուղեղ, կարող է մինչև 4.000 կմ հեռավորության վրա հարվածներ հասցնել 2000 կգ մարտական բեռով:

2002–2003 թթ. ԱՄՆ–ում ստեղծվել և ակտիվորեն փորձարկումներ էին անցնում «X–45» և «X–47» մարտական ԱԹՍ–ները, որոնք գրեթե լիարժեք անօդաչու կործանիչներ են: Նշված համալիրները կարող են մնալ որպես փորձնական, սակայն օժտված են լայն հնարավորություններով, կրում են առանձին սպառազինություն, ունեն գրեթե սովորական կործանիչների չափեր: «X–45» և «X–47B» ԱԹՍ–ներն ունեն նույնքան թռիչքային հեռավորություն, որքան մարտավարական կործանիչները: Այս մեքենաները յուրացնում են մարտավարական կործանիչների բոլոր գործառույթները, արդեն հասցրել են թռիչք ու վայրէջք կատարել ավիակիրների վրա, ռումբեր նետել ու հրթիռներ արձակել, իսկ 2015 թ. ապրիլի 23–ին նաև կատարեցին առաջին օդային լիցքավորումը` նոր էջ բացելով մարտական օդուժի պատմության մեջ: Այս ծրագիրը փակվեց, սակայն մշակված տեխնոլագիաները օգտագործվում են այլ նախագծերի համար: Նույն շարքից է նաև արդեն նշված «Predator C Avenger»–ը, որն ունի ավելի բարելավված որոշ տվյալներ: Նման ԱԹՍ–ների ստեղծման համար նկատառվում են նաև օդում վերալիցքավորվելու, կառուցվածքային մոդուլների միջոցով թռիչքային ժամանակի և կրվող սպառազինության թվաքանակի փոխհարաբերության արագ փոփոխման հնարավորությունները և այլն: Որոշ մասնագետների կարծիքով դրանք ապագայի մարտական օդային հարթակների (այսուհետև` ՕՀ) հիմնական տեսակներն են: Նման հարթակներն իրենք կարող են լինել ԱԹՍ–ների կրողներ, ավելին` հավանաբար հարթակների համար «երկար ձեռքը», առաջնային միջոցը հրթիռների հետ հավասար լինելու են փոքրիկ ԱԹՍ–ները: Բացառված չէ, որ նույնիսկ հիպերձայնային սարքերը լինեն ԱԹՀ–ներ: Ի դեպ, 2013 թ. իր հերթական հաջող փորձարկումն անցավ ամերիկյան փորձնական «X–51A» ԱԹՍ–ն, որի արագությունը 6.000 կմ/ժ ավելի է: ԱԹՍ–ների որոշ տեսակների չափերը չեն անցնում մի քանի սանտիմետրը, և քաշը չի գերազանցում մի քանի հարյուր գրամը, մյուս կողմից` վերը նշված «RQ–4 Global Hawk»–ը սովորական մարդատար ինքնաթիռի չափեր ունի: Անօդաչու սարքերի տենդագին զարգացումը պայմանավորված է բազում հանգամանքներով` օդաչուի կորստի բացառում, մարտական համակարգի շահագործման մեջ նրանց գործոնի կարևորություն և այլն: Իրոք, ԱԹՍ–ները, սովորական ինքնաթիռների և ուղղաթիռների համեմատ, ունեն որոշակի առավելություններ: Դրանք են`

  • անձնակազմի պատրաստության ցածր արժեք
  • անձնակազմի կորստի բացակայություն և մարտական տեխնիկայի սակավ կորուստ
  • օդանավակայանների և շատ այլ սպասարկման սարքավորումների անհրաժեշտության բացակայություն
  • սարքերի համեմատաբար ցածր գին և սպասարկում
  • սարքերի ընդհանուր փոքր չափեր և հետևաբար որոշ տվյալների բարելավում
  • հակառակորդի ՀՕՊ–ի համար ավելի դժվար հայտնաբերվող և խոցվող նշանակետեր:

ԱԹՍ–ների կողմից կատարվող մարտական խնդիրները մասնագետներն օրեցօր ընդլայնում են: Ստորև թվարկվող մարտական խնդիրները ԱԹՍ–ները լիովին կամ մասամբ արդեն կատարել են շոշափելի հուսալիությամբ`

  • հակառակորդի մասին ամենատարբեր տեղեկատվության հավաքում ժամանակի ընթացքում
  • հակառակորդի նշանակետերի վրա սեփական հրետանու, ավիացիայի և խոցման այլ միջոցների կրակի ուղղորդում, նշանառում
  • հակառակորդի ՀՕՊ միջոցների աշխատանքի խափանում` ռադիոպայքարի ազդեցության միջոցների օգնությամբ, օդային իրադրության բարդացում սովորական թռիչքներով և կեղծ թիրախի օգտագործում
  • հակառակորդի կապի խափանում
  • հակառակորդի որոշակի նշանակետերի ոչնչացում` ճշգրիտ հարվածներով
  • կապի փոխհեռարձակում:

Հատկապես հետաքրքիր է ռադիոէլեկտրոնային պայքարի համար ԱԹՍ–ների կիրառությունը, ինչը բոլորովին նոր որակ է ԱԹՍ–ների համար: Բանն այն է, որ նման սարքերը, լինելով ավանդական ԹՍ–ներից փոքր, ՌՏԿ–ների համար ավելի դժվար հայտնաբերվող են: Հետևաբար, ԱԹՍ–ներն ավելի շատ կարող են մոտենալ ՌՏԿ–ներին, դրանով ավելի շատ ազդել վերջիններիս վրա` ծախսելով ավելի քիչ էներգիա: ՌՏԿ– ներին մոտիկ գտնվելը հնարավորություն է տալիս նաև ավելի արագ գտնելու հեռարձակվող ամենաթույլ ալիքներն անգամ, որոնց վրա ազդելը հեռվից դժվար է: Ժամանակակից ԱԹՍ–ները բարձր տեխնոլոգիական, գերճշգրիտ և հուսալի համակարգեր են, որոնց հիմնական աշխատանքում մարդկային գործոնը հասցված է նվազագույնի, իսկ անհաջողության դեպքում մարդկային կորուստները գրեթե լիովին բացառված են: Հենց այս ամենն է երաշխավորում էլ ավելի բարձրացնել ընդհանուր ԹՍ–ների արդյունավետությունը: Վաղուց աշխատանքներ են կատարվում հակառադիոլոկացիոն ԱԹՍ–ների ստեղծման ուղղությամբ: Հատկապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում անօդաչու ուղղաթիռները, որոնք լայնորեն կարող են կիրառվել ծովում, լեռներում, քաղաքներում և այլն: Դրանց երկրաչափական չափերն այնքան էլ մեծ չեն: ԱՄՆ–ի ՌԾՈՒ–ն արդեն պատվիրել է 120 նման ուղղաթիռ, որոնք կոչվում են «RQ–8A Fire Scout»: Անօդաչու ուղղաթիռները 2005 թ. անցկացված բազում փորձարկումներից մեկի ժամանակ անգամ «օդ– երկիր» հրթիռով խոցել էին պայմանական թիրախները: Սարքն ունի մոտավորապես 1000 կգ քաշ, կարող է բարձրանալ մինչև 6 կմ և կատարել 5–ժամյա թռիչք` վերցնելով մինչև 120 կգ օգտակար բեռնվածություն: Այս սարքերն արդեն հասցրել են մարտական կիրառություն ունենալ: Ներկայումս ակտիվորեն փորձարկվող բազմազան ԱԹՍ–ների մեջ մեծ տեղ են զբաղեցնում նաև ուղղաթիռները: Ամերիկյան հայտնի ռազմական տեսաբան Ջոն Վերդերը կարծում էր, որ 2025 թ. Ամերիկյան ՌՕՈՒ–ի մոտավորապես 90 տոկոսը կկազմեն ԱԹՍ–ները: ԱՄՆ–ում ԱԹՍ–ների բնագավառի լայնածավալ աշխատանքները և դրամական միջոցների անխնա հատկացումները շատ են հետաքրքրում որոշ պետությունների: Մինչև Ջ. Վերդերի նշված ժամանակը ամերիկյան յուրաքանչյուր զինվոր կարող է ունենալ իր սեփական հետախուզական ԱԹՍ–ն: ԱՄՆ–ում հասել են այնպիսի արդյունքների, որ մեկ ԱԹՍ–ն, հետախուզելով տեղանքը, տվյալներ է հաղորդում մյուսին և ուղղորդում վերջինիս հարվածը, իսկ մարտական գործողությանը հետևող ու ղեկավարող օպերատորը գտնվում է ավելի քան 10.000 կմ հեռավորության վրա: ԱՄՆ–ում փորձարկվել են այնպիսի նորույթներ, ինչպիսիք են ԱԹՍ–ների ղեկավարումը սուզանավից` ստորջրյա իրադրությունից, լեզվակառավարման համակարգի ներդրումը անօդաչու սարքերի վրա, փորձարկվել է հակաուղղաթիռային «Helik» հատուկ ԱԹՍ–ն: 40 մմ–անոց հետախուզական նռնակը, որը ձեռքի նռնականետից վեր է կրակվում, իր մեջ ունի փոքրիկ տեսախցիկ. այն անկարգելով վայր է իջնում և մեկ– երկու րոպե տեղեկություններ է հաղորդում: Ամերիկյան «Lockheed» ընկերության «Skunk works» բաժինն ստեղծել է ԱԹՍ, որը կարձակվի սուզանավերից` ստորջրյա իրադրությունից: Իսրայելում ներկայումս ակտիվորեն աշխատում են ԱԹՍ–ների` օդում վերալիցքավորվելու հնարավորության ուղղությամբ: Կան ավելի մեծ ու հետաքրքիր նախագծեր ևս: Պենտագոնի անվտանգության ծառայության վերջերս հրապարակած հաշվետվությունում ընդգծվում է, որ դատելով գործունեության ինտենսիվությունից` քառակի աճել են արտասահմանյան հետախուզական գործակալությունների հետաքրքրությունները ԱԹՍ–ների ստեղծման գաղտնի տեղեկատվության նկատմամբ: Այնքան է ավելացել մարտական պայմաններում կիրառվող հիմնականում հետախուզական ԱԹՍ–ների թվաքանակը, որ զինվորականները երբեմն չեն հասցնում ճիշտ ժամանակին ամբողջացնել, վերլուծել և օգտագործել նրանց «մատակարարած» հետախուզական ահռելի տեղեկատվությունը: Լինում են նաև դեպքեր, երբ հակառակորդը տեխնիկական տարբեր հնարքներով օգտվում է ԱԹՍ– ների մատակարարած տեղեկատվությունից, այսպես ասած, գողանում այն և ըստ իրենց նպատակի օգտագործում: Նման դեպքեր գրանցվել են, օրինակ, Իրաքում: Այսօր ԱԹՍ–ները և թռչող տարբեր հարթակները մեծապես ինտեգրվում են ցանցակենտրոն պատերազմներում և հիմնականում պետք է կիրառվեն համակարգային ավելի կազմակերպված գործողություններով: Ամերիկյան ՌՕՈՒ–ի հրամանատարությունը և բանակի ղեկավարությունը մեծ տեղ են հատկացնում ԱԹՍ–ների և դրանց հիման վրա ստեղծված բազմազան ԹՍ–ների ու ՕՀ–ի գործունեությանը, որոնք անհատական և համակարգային կիրառության ժամանակ այսօր չափազանց բարդ ու կարևոր խնդիրներ են լուծում, և դրանց մեծ տեղ է հատկացվում ցանցակենտրոն պատերազմներում: Աշխարհի տարբեր հատվածներում ԱԹՍ–ներն առանձին օդային գերակայություն են ապահովում: Առաջիկայում դրանք կարող են ինքնուրույն օդային գերակայություն ապահովել: Տարբեր ՕՀ–ներից արձակված բազմաքանակ ԱԹՍ–ները կարող են խմբային ու առանձին խնդիրներ լուծել: Մի քանի նման ՕՀ–ները կարող են օպերատիվ գոտի մտնել և միասին մի քանի հարյուր մինի ու միկրո ԱԹՍ–ներ արձակել, որոնք ուղղակի կկուրացնեն և կխոցեն ցանկացած դասական ԶՀՀ կամ ՀՕՊ միջոց: Դրանց գործողության շառավիղն ու ինքնուրույնությունը չափազանց բարձր են: Դրանք միասին կարող են լուծել մեծ խնդիրներ, սակայն միաժամանակ ամեն մեկը ի վիճակի է կատարել նաև անհատական մարտական խնդիրներ, ընդհուպ մինչև ամեն մեկն առանձին թիրախների որոնում և ոչնչացում: Ամեն մեկն ի վիճակի է առանձին որս կազմակերպել առանձին տեխնիկաների, զինատեսակների և անձանց ուղղությամբ: Աշխարհի տարբեր հատվածներում ստեղծված և ստեղծվող ռազմաբազաները հնարավորություն են ընձեռում ԱԹՍ–ներ կիրառելու գրեթե ամենուր: ԱԹՍ–ի կիրառությունը վկայում է, որ այն նոր իրողություն մտցրեց օդային գերակայության ավանդական պատկերացումներում: Որպես օդային գերակայության առանձին արտահայտություն` այն դարձավ ամբողջ աշխարհի գործերին, այսպես ասած, ծածուկ խառնվելու միջոց: Մոլորակի երկրների գերակշիռ մասը չի կարող պայքարել դրա դեմ: Դրանց շնորհիվ ԱՄՆ–ն հնարավորություն ստացավ հսկողություն իրականացնելու և հարվածներ հասցնելու գրեթե ամենուր: Միաժամանակ դրանք, անհրաժեշտության դեպքում, ինտեգրված են ընդհանուր օդային գերակայությանը և կդառնան կործանիչների ու օդային ղեկավարման մեծ կետերի գործիքները: ԱԹՍ–ները նախևառաջ ստեղծում են տեղեկատվական լրացուցիչ հսկա ցանց, որի շնորհիվ լուծվում է օդային հիմնական և օժանդակ գերակայության հարցը: ԱԹՍ–ները կարողանում են աշխատել ինչպես առանձին, այնպես էլ արբանյակային ցանցի հետ: Ներկայումս կործանիչ ինքնաթիռից արձակվում են մի քանի տասնյակ փոքր ԱԹՍ–ներ, որոնք կարող են լուծել մարտավարական տիրույթի օդային գերակայության հիմնական հարցերը:

Նմանատիպ այլ նորություններ