Հատկապես վերջին տարիներին Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է տարբեր սպառազինությունների ներմուծման ծավալները, գնում է ամենատարբեր զենքեր` սկսած հին խորհրդայինից մինչև պակիստանյան և իսրայելյան նորագույն նմուշները: Ներկրված սպառազինությունները հիմնականում հարձակողական են: Հրադադարից հետո տարբեր երկրներից ներմուծվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, հրթիռներ` «Град» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (այսուհետ` ՀԿՌՀ) համար, ինչպես նաև «օդ-երկիր» դասի X-25 և X-29 հրթիռներ: Միայն 2007թ. Ուկրաինայից գնվել է 60 հաուբից, նրանց համար 13 հազար արկ, տարբեր հրթիռներ և բազում այլ սպառազինություն: 2009թ. հունիսին Իսրայելի նախագահ Շ.Պերեսի Բաքու կատարած այցի ժամանակ քննարկվել են Ադրբեջանում իսրայելական նորագույն «Նամեր» զրահամեքենաների համատեղ արտադրության հարցեր: Նշված զրահամեքենաները կարող են դիմանալ ռուսական «Метис», «Корнет» տեսակների հակատանկային հրթիռային համալիրների հարվածներին: 2008թ. հունիսի 26-ին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ ցուցադրվեց մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա և սպառազինություն: Մասնավորապես, որպես հարձակողական սպառազինություն հետաքրքրություն են ներկայացնում Ուկրաինայից գնված «МиГ-29» կործանիչները, մարտավարական հրթիռային «Точка-У (9К79-1)» համալիրները, «Смерч» (9К58) և «Linx» ՀԿՌՀ-ները: Դեռ Արցախյան գոյամարտի ժամանակ ադրբեջանական կողմից լայնամասշտաբ կիրառվում էին տարատեսակ օդային հարձակման միջոցները (ՕՀՄ) խաղաղ բնակչության նկատմամբ: Պատերազմի ժամանակ հատկապես շատ են կիրառվել և իրենց ավերածություններով աչքի ընկել «Град» ՀԿՌՀ-ները, 500 կգանոց և ավելի ծանր ամենատարբեր ավիացիոն ռումբեր և այլն: Միտումները նույնն են. նորից գնվում են հզոր ՕՀՄ-ները, որոնց դերակատարությունը տարբեր տեղային պատերազմներում զգալիորեն աճել է: Այսօր ասպարեզ են մտնում մեծ ՀԿՌՀ-ներն իրենց մի քանի հարյուր կգ հրթիռներով, որոնց մարտական մասերի քաշն անցնում է 100-150 կիլոգրամը և ունեն նաև կասետային մարտական մասեր: Ադրբեջանի սպառազինության մեջ կան նաև մարտավարական հրթիռներ, որոնց դիպուկությունը բարձր է, իսկ նրանց հետ պայքարի միջոցներ գրեթե չկան: Վերջերս գնված ավանդական հրետանային համալիրները և հրանոթները ևս աչքի են ընկնում իրենց հեռահարությամբ և հզորությամբ` մասնավորապես 203,2մմ տրամաչափի «2С7 Пион», 152 մմ տրամաչափի 2A36 «Гиацинт-Б» և 130մմ տրամաչափի «М46» հրետանային համալիրները: Այսինքն՝ նրանց մարտավարությունը նույնն է, ինչ նախորդ անգամ, այն տարբերությամբ, որ այս անգամ միջոցներն են ավելի հզոր: Ադրբեջանական հարձակողական սպառազինությունների մեջ հատկապես հետաքրքիր է ՌՕՈւ-ի և հրետանային հարձակման միջոցների հնարավորությունների վերլուծությունը:
