818դիտումների քանակը

Եզրակացություն

Ելնելով պետության ռազմատեխնիկական անկախությունից` նպատակահարմար է ԱԹՍ-ները, ինչպես և ցանկացած սպառազինություն, ստեղծել սեփական միջոցներով և չներկրել արտասահմանից: Հաստատապես անքննարկելի է այն, որ ՀՀ ԶՈւ-ին անհապաղ հարկավոր են ԱԹՍ-ներ, և ոչ մեկ-երկուսը: Մեր տարածաշրջանի համար առանձնահատուկ կարևորություն ունեն ԱԹՍ-ների որոշակի բնութագրեր: Օրինակ` հարկավոր է, որ ԱԹՍ-ն ունենա ոչ պակաս, քան 6 կմ թռիչքային բարձրություն, լինի կատապուլտային արձակմամբ, անկարգելով կամ հատուկ հարմարանքով վայրէջք կատարող: Սովորական թռիչքուղուց թռչող և նույն տեղում վայրէջք կատարող ԱԹՍ-ները մեզ մեծ ծառայություններ չեն կարող մատուցել: Մեզանում շատ կարևոր է զարգացնել նաև այլ տեսակի ԱԹՍ-ները, մասնավորապես՝ օդապարիկներ: Օդային սահմանի վերահսկողության, օդուժի կիրառության և անգամ խաղաղ թռիչքների կազմակերպման գործում այս սարքերի դերը շատ կարևոր է: Առանձնահատուկ նրբություններ շատ կան: Թեման առհասարակ պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում, հատկապես, երբ մեր հարևան երկրներն ակտիվորեն զարգացնում են այս տեխնոլոգիաները: Այսինքն` այստեղ կա նաև մրցակցության խնդիր:

Ժամանակակից ՕՀՄ-ների զանգվածային կիրառմամբ հենց մարտական գործողությունների սկզբից հնարավոր է հաղթանակ տանել: Կիրառության մասսայականությունն աննախադեպ է [5, с. 70]: Առաջին էշելոնի զորքերն այնքան արագ են շարքից դուրս գալիս, որ երկրորդ էշելոնը կամ ռեզերվը չի հասցնում միջամտել [14, с. 28]: Խրամատային ամուր, պասիվ պաշտպանությունը, որը կարծրատիպ է դարձել, արդեն չի կարող ապահովել հուսալի պաշտպանություն [15, с. 18-24]: Հարձակողական դատողությունը հակամարտության ժամանակ դառնում է գերակայող [16, с. 73-80]: Ամբողջ աշխարհն անցնում է հիմնական ստորաբաժանումների փոփոխման: ՕՀՄ-ների, ԹՍ-ների և այլ համակարգերի հագեցվածության շնորհիվ հիմնական դարձող բրիգադներն ավելի մեծ հարվածային և շարժունակության հնարավորություններ ունեն, քան նախկին դիվիզիաները:

Մարտական գործողությունների ծանրության կենտրոնը վաղուց գետնից շարժվում է դեպի երկինք:

Այս պարզ ճշմարտության ընկալումը կարող է հաղթանակներ ու գերակայություն ապահովել ապագայում և հակառակը` կորուստներ պատճառել այն չընդունելու պարագայում: Նման դառնություններ թույլ տալու հնարավորություն մենք չունենք: Մեզանում, որպես կանոն, ուշադրություն է դարձվում ցամաքային զինատեսակների և զորատեսակների զարգացմանը, իսկ ԹՍ-ների, ՕՀՄ-ների զարգացումը թերի է: Այդպիսի ուշադրությունն ՕՀՄ-ների նկատմամբ չի կարող լինել բավարար, քանզի այս զինատեսակները կարևոր են, և օրեցօր նրանց դերն ու նշանակությունն ավելի են մեծանում: Յուրաքանչյուր դարաշրջանում գերակայող մի զորատեսակ իր նշանակությամբ թելադրում է մարտավարության ձևաչափը: Փոփոխվում է պատերազմի վարման ավանդական պատկերացումը, գալիս են նոր գաղափարներ և մոտեցումներ: Հարկավոր է ճիշտ հասկանալ նրանց շունչը և ոչ թե սպասել այդ փոփոխություններին: ԱԹՍ-ները միայն նոր տեսակի ԹՍ-ներ չեն, դրանք գալիք պատերազմներում նոր տեսակի ավիացիա են, ցավոք, այս պարզ ճշմարտությունը մինչ օրս հասկացել են շատ քչերը:

Ժամանակակից ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական զարգացումները, սպառազինությունների զարգացման տեմպերը և ուղղվածությունները նոր մարտահրավերներ են նետում ցանկացած պետության առաջ, որոնք սուր են, խիստ և դաժան: Նման մարտահրավերները պետք է հասկանալ, ընդունել ճիշտ և ժամանակին: Մարտահրավերները պահանջում են համարժեք և կտրուկ պատասխաններ, որոնք պետք է դիտարկել համաշխարհային փորձի հետ համադրելով (թեկուզ անհրաժեշտության դեպքում բովանդակային փոփոխություն կատարել) և կիրառել մեր պայմաններում: Այս դինամիկ տեմպերից դուրս մնալով` մենք կարող ենք, ի վերջո, կորցնել պետության անվտանգության երաշխիքները:

Տարբեր ժամանակներում ստեղծված ամենամեծ և անհարմար դիրիժաբլները, բեռնատար, մարդատար ինքնաթիռները, տիեզերական կրող հրթիռներն անգամ` շատ չնչին տեխնիկական ձևափոխությունների արդյունքում, վերածվում էին հարվածային միջոցների, ռմբակոծիչի, հականավային ինքնաթիռի և այլն: Նշվածի լավագույն ապացույցն են գերմանական Ցեպպելին դիրիժաբլները, խորհրդային «Ռ-7» բալիստիկ հրթիռը, «Ալմազ» տիեզերակայանը, գերմանական «ՖՎ-200», ամերիկյան «Ց-130», «Բոինգ-747» և այլ ինքնաթիռները, չհաշված հարյուրավոր ուսումնական ԹՍ-ները, որոնք ներգրավվել են ամենատարբեր մարտական խնդիրների կատարման համար:

Նմանատիպ այլ նորություններ