XIX դ. երկրորդ կեսին արևմտահայությունը շարունակում էր տառապել սուլթանական Թուրքիայի լծի տակ: Իրենց տիրապետության հինգ դարերի ընթացքում թուրքական իշխանությունները քրիստոնյա հպատակների համար սահմանել էին օրենքներ, որոնք ամփոփված էին հատուկ գրքում, որը կոչվում էր «Կանունի րայա» (հպատակների վարքագծի կանոններ): Ըստ այդ օրենքների, հայերը թուրքերի հետ միևնույն թաղում ապրելու, թանկարժեք իրեր կրելու, գեղեցիկ հագնվելու, թամբած ձի հեծնելու և, որն ամենակարևորն է, զենք կրելու, անգամ սուր դանակ պահելու իրավունք չունեին: Ոչ միայն հայերը, այլ նաև բոլոր հպատակ քրիստոնյաները ինչպես զենք կրելու, այնպես էլ որպես զինվոր բանակում ծառայելու իրավունք չունեին: «Ոչ մահմեդականներեն զինվոր չառնվիլը ոչ թե անոնց օգտին է եղել, այլ ի վնաս անոնց: Զինվոր ըլլալու իրավունքը չունենալով` զենք կրելու իրավունքեն ալ զրկվեր է, և զենք կրելու իրավունքեն զրկվելով` ինքնապաշտպանությունը անոր համար հանցանք, ոճիր է համարվել…»: Զինվոր տալու փոխարեն, այլադավանները Թուրքիայում վճարում էին զինվորական տուրք (բեդել-ի ասկերիե), որը նրանց համար ամենածանրն ու ամենանվաստացուցիչն էր: Հայերը այդ հարկը տուգանք էին համարում: Արևմտահայերի զինվորագրման խնդիրը XIX դարում բազմիցս քննվել է հայկական մամուլում: Այս հարցում մեծ ակտիվություն էր հանդես բերում հատկապես Սվաճյանի «Մեղուն»: Սվաճյանը Ազգային ժողովում նույնպես բարձրացնում էր արևմտահայերի զինվորագրության պահանջը: Մտավորականներից շատերը, այդ թվում նաև Գր. Արծրունին, Րաֆֆին, պաշտպանելով Սվաճյանի տեսակետը, զինված ինքնապաշտպանությունը համարում էին ազգապահպանության միջոցներից մեկը: «Մեր ազգի պատմությունը մեզ սովորեցնում է,- գրում է Րաֆֆին, - երբ հայերը պարսիկների, մոնղոլների, արաբների և այլ տիրապետող ազգերի զորքի մեջ զինվորներ ունեին, նրանք քիչ չէին պաշտպանում իրենց հայրենիքը նույն ազգերի բարբարոսություններից, որոնց ծառայության մեջ էին: Այսպես էլ, հայը Տաճկաստանի զինվորության մեջ, եթե ուրիշ օգուտ չտար յուր հայրենիքին, գոնե այսք անը կսովորեր, թե բացի ստրկական խոնարհությունից կա և մի ուրիշ բան անձնապաշտպանության համար՝ զենքը»: Մի շարք առիթներով այս հարցը քննարկման առարկա էր դարձել նաև Յըլդըզում: Դեռ 1839 թ. Գյուլխանեի հաթթը շերիֆը (սուլթանի հրովարտակը) որոշում ընդունեց ոչ մահմեդականներին ևս բանակ զորակոչելու մասին: Սակայն այն միայն թղթի վրա մնաց: Ղրիմի պատերազմի ժամանակ (1853-1856 թթ.) Թուրքիայի համար ստեղծված ծանր պայմաններում Բ. Դռան հրովարտակն ավետեց. զինվորական հարկի վերաբերյալ կատարյալ հավասարություն մահմեդականների և հպատակ քրիստոնյաների միջև: «Այս հրովարտակն իմացրեց, որ քրիստոնեից միջեն նմանապես զորք պիտի առնվի…»: 1856 թ. փետրվարի 18-ի «Հաթթը հյումայունը» (սուլթանական հրովարտակը) 17-րդ հոդվածով հայտարարեց, որ վերջնականապես հաստատվում է քրիստոնյաների զինվորական ծառայության պարտքն ու իրավունքը: Առաջին տարում` 1857 թ., պետք է զորակոչվեր 3500 մարդ, իսկ հաջորդ տարիներին զորակոչիկների քանակը, իբրև թե, պետք է հասցվեր քսանհինգ հազարի: Իսկ իրականում թուրքական կառավարությունն ամենևին նպատակ չուներ «…քրիստոնյաները զինվորագրելով երկրի պաշտպանության գործը նրանց հետ բաժանել», իսկ հայերն էլ իրենց հերթին «…հաճություն չէին ցույց տալիս այս նոր միջոցին»: Դրա հետ մեկտեղ, սուլթանի հրովարտակը զայրույթ առաջ բերեց մոլեռանդ մահմեդականների շրջանում, որոնց համար մահացու վիրավորանք էր հավասարության նշան տեսնել իրենց և «անհավատների» միջև: Հիշյալ հրովարտակը նույնպես չիրագործվեց: Այդ ուղղությամբ հրատարակված և ոչ մի հրովարտակ Թուրքիայում, իհարկե, չէր կարող կենսագործվել, որովհետև գործնականում դա կնշանակեր Ղուրանը փոխարինել նոր` քաղաքացիական օրենսդրությամբ: Այլ խոսքով` դա կնշանակեր խորտակել թուրքական հասարակական կառուցվածքը և նրա փլատակների վրա ստեղծել նորը:
1877 թ. նոյեմբերին, ռուս–թուրքական պատերազմի ժամանակ, սուլթան Համիդի հրամանը զենքի կոչեց 17-45 տարեկան հպատակ քրիստոնյաներին: Պատերազմի սկզբին սադրազամը հրավիրեց Ներսես պատրիարքին և սուլթան Համիդի անունից հայտնեց, որ վերջինս շատ գոհ է հայերից և «վստահ լինելով իրենց հավատարմության վրա` ուզում է նրանց ևս մասնակից անել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին»: Իսկ մինչ այդ, սուլթանը պատրիարքին «Օսմանի» շքանշան էր տվել և հավաստիացրել. «…հավատը աստծուն է պատկանում: Ես տվեցի սահմանադրություն, որպեսզի ամենքը կարողանային եղբայրական հավասարություն վայելել»: Եվ, որպես դրա «ապացույց», հայերի զինվորական ծառայության հարցն էր բարձրացրել: Պաշտոնապես առաջարկվեց Կ.Պոլսի հայերից երկու գունդ ստեղծել, յուրաքանչյուրում` 100-200 զինվոր: Տեղին է հիշել եվրոպական լուսավորիչների այն հայտնի միտքը, թե` ժողովրդին հնարավոր չէ կաշառել, «… բայց նրան կարելի է խաբել և այն էլ միայն այն ժամանակ, երբ կարելի է մտածել, որ նա վատն է ուզում»: Հայոց հոգևոր հովվապետին արքունի բարձր շքանշան շնորհելով՝ սուլթանը արևմտահայերին բարոյապես կաշառելու միտում ուներ: Բայց արևմտահայերի տառապանքը փորձ ուներ, և նա ո´չ կաշառվեց և ո´չ էլ խաբվեց: Իսկ Խրիմյան Հայրիկը` «Ժողովրդի խիղճը», այսպես որակեց Համիդի վարքագիծը` «Ոչխարների ոսկորներից մանյակ շինեցին և հովվի վիզեն կախեցին»: Ներսես Վարժապետյանը զինվորագրության հարցը ներկայացրեց Ազգային ժողովի քննարկմանը, որն անցավ շատ բուռն ու կրքոտ վիճաբանություններով: Պատրիարքարանի բակում խռնված ժողովուրդն անհամբեր ու անհանգիստ սպասում էր որոշմանը: Ներսես պատրիարքը ժողովականներին տեղեկացրեց, որ ինքը Բ. Դռանը հայտնել է, թե «…մեր ազգը պատերազմի երթալե կը խրտչի, վասն զի այսքան տարիե ի վեր զենք առած և պատերազմի վարժված չէ: Բայց թե որ յուր տունն ու ընտանիքը և վերջապես յուր հայրենիքը պաշտպանելու համար իրեն զենք տրվի, չեմ կարծեր այս մասին ընդդիմություն ընե, քանզի քրդերուն բռնությանցը համար մեզի ալ զենք տրվիլը խնդրած ենք արդեն»: Սա նուրբ, դիվանագիտական պատասխան էր: Հայերը կողմ են զենք վերցնելու և զինվոր լինելու` սեփական տունն ու հայրենիքը պաշտպանելու համար: Իզմիրլյանը նույնպես կարևորեց դա և հայտարարեց, որ զինվորագրվելու «սկզբունքն պետք է որ ամենս ալ ընդունենք, վասն զի զինվորութենե խուսափողն ազգաց ցանկին մեջեն կջնջվի… բայց, - շարունակում է նա, - քրիստոնյաները մյուս բոլոր հարցերում նույնպիսի իրավունքներից պիտի օգտվին, ինչ որ մահմեդականները և այդ երաշխիքը պիտի տա Բ. Դուռը»: Եվ, որովհետև Թուրքիայում հպատակների և մահմեդականների միջև ամենաայլանդակ անհավասարություն է տիրում, ուստի, ըստ Իզմիրլյանի, պիտի մերժել սուլթանի հրամանը զինվորագրության վերաբերյալ: Երկար և տաք վիճաբանությունների արդյունքը եղավ այն, որ Ազգային Ժողովը մերժեց քրիստոնյաների զինվորագրման վերաբերյալ սուլթանի՝ 1877 թ. նոյեմբերի 15-ի հրամանը: Ներսես Վարժապետյանը դժգոհ մնաց որոշումից և հարցը տեղափոխեց կրոնական հանձնաժողով` եկեղեցու և կրոնի քողի տակ որոշում կայացնելու նպատակով: Կրոնական հանձնաժողովը նույնպես մերժեց սուլթանի հրամանը` եզրակացնելով. «…հայերի համար զինվորագրությունը ներկա պատերազմին` տարաժամ է»: Բազմաթիվ պատճառաբանություններ նշվեցին: Ամենից առաջ այն, որ ներկա «պատերազմին կրոնական կերպարանք է տրված և մեռնող տաճիկ զինվորները «մարտիրոս» (շեհիդ) են հռչակվել: Իսկ հայ եկեղեցին նզովում է այն հավատացյալներին, որոնք իրան հակառակ կրոնի պաշտպանության համար սուր կվերցնեն»: Մեկ անգամ ևս նշելով, որ ոչ մի հարցում իրավահավասարություն չկա, Ազգային ժողովը կարևորեց այն հանգամանքը, որ «վակուֆի» օրենքը տակավին հողի սեփականության իրավունք չի տալիս հային, հետևաբար, հայը իսկապես սեփական հայրենիք չունի: Ուրեմն նա պարտավոր էլ չէ զենք ի ձեռին հայրենիք պաշտպանելու»: Չնայած Ազգային ժողովը հայերի զինվորագրությունը մերժեց, բայց հարցը հասարակական մեծ հնչեղություն ստացավ: Հայատառ թուրքերեն «Մանզումեի էֆքյար» թերթն ու նրա խմբագիր Կ. Փանոսյանը դեմ դուրս եկան ռուս–թուրքական պատերազմում հայերի մասնակցությանը թուրքական կողմում: Սկզբունքորեն կողմ լինելով հայերի զենքի իրավունքին` «Մշակը» եզրակացրեց. «Մեզ համար վնասակար է այժմ զինվորագրությունը, մեր ազգային շահը կպահանջե Ռուսիայի դեմ զենք չբարձրացնել»: Այլ տեսակետ ուներ «Մեղու Հայաստանին»: Թերթը գտնում էր, որ դա հայերին զենքի է վարժեցնում, հետևաբար «բնավ վնասակար չէ, այլ օգտավետ է»: Նման փաստարկը մերժում է Արփիար Արփիարյանը` ելնելով ժամանակի որոշակի իրավիճակից: Այդ պայմաններում, ըստ նրա, բացառվում է հայերի զինվորագրվելը, թեև «Ո՞վ կարող է ուրանալ, որ եթե 10-20 տարի առաջ մեր ազգը վարժված լիներ զինվորագրության, այսօր մեր դրությունն այսպես չէր լիներ: Թուրքիայի հայեր այդ միտքը և այդ ցանկությունը հայտնած են միշտ Ազգային ժողովո ատյանին մեջ, «Մասիսի» և այլ լրագիրների միջոցով. բայց այն ժամանակ ուրիշ էր, իսկ այժմ ուրիշ… Թուրքիայի հայերը զինվորագրության սկզբունքին դեմ չեն, միայն թե ներկա պատերազմին մասնակցելու դեմ էին»: Նշենք, որ Ռուսաստանը նույնպես դեմ էր քրիստոնյաների զինվորագրմանը` հասկանալի պատճառով: Եթե թուրքական բանակում ծառայեին բուլղարները, հայերը, հույները, ապա Թուրքիայի դեմ պատերազմում Ռուսաստանը կզրկվեր այն մեծ աջակցությունից, որ ստանում էր քրիստոնյաներից: Հասկանալի է, որ զենքի չվարժված հայերի հետ ռազմական գործողությունների հաջողության հույսեր չէր կարող փայփայել սուլթանը: Արևմտահայերի` զինվորագրվելու համաձայնությունը նրա համար որոշակի քաղաքական նշանակություն ուներ: Դրանով սուլթան Համիդը փորձում էր Եվրոպային ցույց տալ, որ իր կայսրության արևելյան մասում ամեն ինչ խաղաղ ու հանգիստ է, և հայերը ոչ միայն չեն ապստամբում, այլ նույնիսկ պատրաստ են զենքը ձեռքին պաշտպանել Օսմանյան կայսրությունը ռուսներից: Այդ խորամանկ նպատակն էր հետապնդում նաև անգլիական դեսպան Լեյարդը` սուլթանին հավատացնելով, որ Թուրքիայի փրկությունը կախված է արևմտահայերի զինվորագրությունից: Բայց տարիների փորձն արդեն ցույց էր տվել, որ համաձայնության դեպքում անգամ սուլթանական կառավարությունը զենք չէր տա հայերի ձեռքը: Նրան ամենևին ձեռնտու չէր հպատակներին զենքի վարժեցնելը* : Դա կարող էր վերականգնել վերջիններիս մարտական կորովը, որը բթացնելու և մեռցնելու համար թուրքերը դարեր շարունակ քափ ու քրտինք էին թափել: Զենք ունենալը կարող էր համարձակության, ինքնավստահության և ինքնապաշտպանության հավաստի երաշխիք տալ հայերին: Կար մեկ ուրիշ հանգամանք ևս: Հայտնի է, որ թուրք զինվորների մարտունակության ակունքը կրոնն էր: Մուսուլման զինվորի համար ամեն մի պատերազմ «սրբազան», կրոնական պատերազմ էր ընդդեմ «անհավատների»: Այս մտայնությունը մոլեռանդություն և մի առանձին խիզախություն էր հաղորդում զինվորին: Եթե նկատի ունենանք, որ այն ժամանակվա պատերազմի ամբողջ ծանրությունը, մանավանդ տեխնիկական վատ հագեցվածության պայմաններում, ընկնում էր թուրք շարքային զինվորի վրա, ապա հասկանալի կլինի, թե ինչու Բ. Դուռը (անգամ իր համար ամենաճակատագրական պահերին) չէր կարող հաշվի չառնել այս հանգամանքը: Ավելին, սուլթանն ամեն ինչ անում էր մոլեռանդությանը գերի դարձած իր զինվորների մարտունակությունը բարձրացնելու համար: Թուրքական կառավարությունն ամեն կերպ աշխատում էր նաև խորացնել կրոնական հողի վրա թուրք և հպատակ ժողովուրդների միջև առաջացած անդունդը՝ դրանով իսկ նպատակ ունենալով թուրք ժողովրդի ուշադրությունը շեղել դեմոկրատական, սոցիալական հարցերի լուծման պայքարից, այն պարփակել կրոնական նեղ շրջանակներում: Ազգամիջյան կռիվների հրահրումը սուլթանի քաղաքականության հիմնական զենքերից էր, և եթե կրոնական խտրականության մեջ «թանզիմաթը»** որոշ բարեփոխություններ էր մտցրել, ապա Համիդն այն ջնջեց իր գահակալության հենց առաջին տարում: Ուշագրավ մեկ այլ հանգամանք ևս: Հայտնի է, որ դեռ Ղրիմի պատերազմից շատ առաջ անգլիացիները ակտիվորեն միջամտում էին Թուրքիայի ռազմական գործերին: Աջակցությունն ու օգնությունը կատարվում էր ոչ միայն տեխնիկա տրամադրելով, այլ նաև մեծ թվով «խորհրդատու» մասնագետներ ուղարկելով Թուրքիա, որոնք զինվորական ծառայության մեջ էին մտնում թուրքական բանակում: Անգլիացիների օգնությամբ էր, որ թուրքերը 1877-1878 թթ. պատերազմի նախօրյակին նորագույն մեթոդներով ամրացրին Կարս, Արդահան, Էրզրում բերդերը: Պետությունն ուժեղացնելու, ռազմական գործը լավ հիմքերի վրա դնելու նպատակով սուլթանը 1880- ական թվականներից սկսեց հրավիրել նաև գերմանացի մասնագետների, որոնք Թուրքիայի համար կազմեցին զինվորական կանոնադրություն: Սակայն թուրքերի ատելությունը բոլոր «գյավուրների» նկատմամբ այնքան էր ուժեղ, որ անգամ թուրք շարքային զինվորը մեծագույն արհամարհանքով էր վերաբերվում Եվրոպայից եկած քրիստոնյա բարձրաստիճան ռազմական մասնագետերին: Այդ արհամարհանքը տարածվել է նաև բանակի կազմակերպման վրա, նույնիսկ այն բանից հետո, երբ բանակը եվրոպական տեսք էր ընդունել: Շարքային թուրքը նույնքան ատում էր «գյավուրների» կազմակերպությունը, որքան հենց իրենց` «գյավուրներին»: Կրոնական մոլեռանդության համատարած պայմաններում, հասկանալի է, թուրքերի և հպատակների համատեղ զինծառայությունն անհնար էր: Մահմեդական աշխարհի բարքերին ու օրենքներին լավատեղյակ հայ մտավորականները գիտեին և հաշվի էին առնում այս հանգամանքը: «… Հայերին անկարելի էր որպես զինվոր մտնել թուրքերի մեջ, որովհետև զանազան կրոնական խտրությունները թույլ չեն տալիս այդ երկու ազգերին միմյանց հետ հարաբերություն ունենալ, և մինչև անգամ թուրք զինվորը չի ցանկանա իր մեջ ընդունել ոչ մահմեդականին», - գրում է , «Մշակը»: Ուրեմն, ո՞րն էր ելքը, ի՞նչ էր առաջարկվում: Սուլթանական անօրեն երկրում, ուր հպատակների համար ոչ օրենք կար, ոչ օրինականություն, չէր կարելի հայերին անզեն, անպաշտպան թողնել այնպիսի բարբարոսների հարձակումների դեմ, ինչպիսին քրդերն ու չերքեզներն էին, որոնց գիտակցորեն հովանավորում և նրանց ավարը կիսում էր սուլթանական կառավարությունը: «Ով որ ճանաչում է Տաճկաստանը,- գրում էր Րաֆֆին «Տեղեկագիրք գավառական հարստահարությանց» հոդվածում,- ով որ գիտե, թե ի՞նչ աղբյուրներից են ծագում հարստահարությունները, նա ևս մեզ հետ կհամոզվի, թե զինյալ քրդի դեմ միայն զինյալ մարդը կարող է պահպանել յուր կյանքը, յուր ընտանիքը, յուր պատիվը»: Յուրաքանչյուր հասարակության մեջ մարդն իր պատիվը, կյանքն ու ունեցվածքը կարող է պաշտպանել պետական օրենքի ուժով: Բայց Թուրքիայում օրենքը «րայային» (հպատակներին) չէր պաշտպանում, այն նրանց վրա չէր տարածվում: Այլ բան կլիներ, եզրակացնում էր Րաֆֆին, եթե կառավարությունն իր բոլոր հպատակներին զինաթափ աներ և ամեն անհատ նրա հովանավորության ներքո պաշտպանություն և կյանքի ապահովություն գտներ: Բայց քրդերին ու չերքեզներին զինաթափելը կառավարության շահերից չէր բխում: Բ. Դուռը շահագրգռված էր բաշիբոզուկային խմբերի ստեղծման հարցում, որոնք պետական ոչ մի ֆինանսավորում չէին ստանում: Նրանց եկամուտը և՛ խաղաղ պայմաններում, և՛ պատերազմի ժամանակ թալանն ու ավարն էին: Այդ խմբերը հիմնականում կազմվում էին թուրք խաժամուժից, քրդական ու չերքեզական ցեղերից, և կառավարությունը դրանց վրա նայում էր որպես «պատրաստի զորքի»: «Այո, պատրաստի զորք են, որ անզեն հպատակների հաշվով են ապրում»,- դառնությամբ գրում էր Րաֆֆին: Բնորոշ է, որ ռուս–թուրքական պատերազմի ժամանակ անգամ թուրքական զորքերի հրամանատար Մուխթար փաշան չէր ժխտում իր զինվորների բարբարոսությունները: Ավելին, նա բողոքում էր իր զորքերից և հատկապես` քրդերից, նրանց համարում էր իր պարտությունների հիմնական պատճառը, որովհետև հենց որ կողոպուտի հարմար առիթ էր լինում, թողած կռիվն ու ճակատամարտը, դաշույններն առած, նրանք հարձակվում էին խաղաղ բնակավայրերի ու տների վրա` թալանի նպատակով: Արևմտահայերի վիճակն է´լ ավելի ծանրացավ, երբ վերոհիշյալ պատերազմի հենց սկզբից թուրքական կառավարությունը փոխեց իր ճնշման քաղաքականությունը քրդերի նկատմամբ: Հանդես գալով «իսլամի պաշտպանության» քողի ներքո՝ սուլթանը դիմեց քրդերի օգնությանը, նպատակ ունենալով` նախ, ապահովել թիկունքը քրդական հուզումներից, ապա, զենքին լավ տիրապետող ռազմասեր քրդերին ծառայեցնել իր շահերին: Այս նկատառումով սուլթանը դիմեց քրդերի ցեղապետ շեյխ Օբեյդուլլահին, որն էլ, ամրանալով Վանում` իր շուրջը համախմբեց մեծ թվով քրդերի, որոնք հանուն «իսլամի փրկության» պատրաստ էին ծառայել սուլթանին: Ռուսների դեմ կռվելու իր պատրաստակամությունը հայտնեց նաև շեյխ Ջալալէդդինը: Կառավարության կոչով պատերազմի մեջ մտնող քրդերի հիմնական նպատակը թալանն էր: Նրանք ոչ մի պարտավորվածություն չունեին, նրանց գործողությունները անկաշկանդ էին. ամենուրեք թալանում, կողոպտում, սպանում, խոշտանգում էին վայրի քմահաճույքով: Այդ դեպքերը գեղարվեստորեն պատկերել է Րաֆֆին «Ջալալէդդինում»: Քուրդ ցեղապետներն ու մոլեռանդ մահմեդականները տարերքի մեջ էին: Ռուսական զորքերից պարտվող քրդերն ու թուրքերն իրենց ամբողջ կատաղությունը թափում էին անզեն, անպաշտպան հայերի գլխին` մարդազուրկ դարձնելով Ալաշկերտի հայաշատ հովիտը: Իրադարձությունների ընթացքը լայն արձագանք գտավ: Ալաշկերտի սարսափներից հրաշքով փրկված Գյուտ վարդապետը Մամուրյանին ասում է` «եթե մինչև այսօր գավառացին վարչային խոստումներով, պատրիարքական կոնդակներով և ատենական սնոտի վեճերով շարունակ չօրորվեր, պիտի կարենար իր գլխուն ճարը նայիլ ոչ միայն իր ապահովության, իր կրթության, իր պահպանության միջոցները քիչ շատ խորհել, այլև արդի հարձակումներու դեմ պատրաստ գտնվիլ, պիտի կարենար իր ամեն մեկ խաչը` սուր, իր ամեն մեկ վանքն` ամրոց, իր ամեն մեկ սարը` բերդ, իր ամեն մեկ զավակը` զինվոր ընել և իր ինչքն ու պատիվը… պաշտպանել»: Իսկ Խրիմյան Հայրիկը եկեղեցում կարդացած իր քարոզներից մեկում համարձակորեն դիմում է բազմության մեջ գտնվող սուլթանական արքունի վառոդապետ Հովհաննես բեյ Տատյանին, թե բավ է արքունիքին վառոդ մատակարարել, նրա ամբարած վառոդից անհրաժեշտ է «քիչ մըն ալ Հայաստանի հայերուն» տալ նրա թշնամիների դեմ օգտագործելու համար: Հայերի կյանքը վերածվեց կատարյալ դժոխքի, երբ քրդերին բաժանված 20 հզ. «Հենրի Մարտին» մակնիշի ընտիր հրացանները պատերազմից հետո միտումնավոր չառգրավվեցին: Այս մասին շատ է գրվել: Քուրդ ցեղապետներից մեկը Արևմտյան Հայաստանում ճամփորդող Արսեն Թոխմախյանին պատմում էր. «Ձեր խնդիրը (Հայկական հարցը– Գ.Ս.) երևան գալուց զկնի թուրքերը մեծ բարեկամություն սկսեցին ցույց տալ մեզ և մեր ձեռքով կամենում էին կրակ բռնել, այդ աշխարհը սրբել հայերից: Դորա համար շատ մեծ գաղտնի աշխատանքներ են եղել և լինում են»: Ըստ էության, սա արդեն լուրջ վտանգ էր հայերի ֆիզիկական գոյությանը: Այն պահպանելու համար նրանց մնում էր սոսկ մի ելք` ապավինել սեփական ուժին: Բայց զինված հակառակորդի դեմ անզեն կռվելն անհնարին էր: Հանգամանքները թելադրում էին դիրքերի վերանայում, իրադարձությունների սթափ վերլուծություն: «Հայե՛ր, երկնից երեսը հույս չփնտրեք, մեր հույսը թող ըլլա մեր սիրտը և մեր սուրը…» եզրակացրեց հայրենասեր բանաստեղծը: Իսկ Րաֆֆին գտնում էր, որ նման պայմաններում, եթե Արևմտյան Հայաստանում, ըստ Բեռլինի դաշնագրի, պատրաստվում են բարենորոգումներ անել, ապա ամենից առաջ դրանք պետք է սկսել զենքի իրավունք պահանջելուց: Պատերազմը շատերին տեսանելի դարձրեց, որ հայը «…իր ստացվածքով, պատվովն ու արյամբը կվճարե երկու թշնամի ազգերու կռիվն, դիտեց, որ Հայաստանի մեջ երկու կողմեն` իր հողն, իր կրոնն, իր ազգությունը կբռնաբարվին … ու եթե ինք պատրաստ գտնվեր, ինչպես որ պարտավոր էր գտնվիլ,եթե քսան տարիե շատ հեռատեսությամբ վարվեր ու գործեր, անտարակույս իր ձեռքը բողոքներու ուժ տվող ավելի ազդու միջոցներ պիտի ունենար … Սուրն ու թնդանոթը ավելի զորությամբ կխոսեին, քան թե բողոք ու գրիչ»: Ռուս–թուրքական պատերազմի ընթացքում և դրան հաջորդած տարիներին տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները, այդ թվում նաև Ռուսաստանի դիմադարձը արևմտահայերի նկատմամբ, արդեն որոշակիորեն ուրվագծում էին վերջիններիս գլխին ահագնացող սպառնալիքը: Հայ դեմոկրատական միտքը և, առաջին հերթին, Րաֆֆին, իրավացիորեն մեծ վտանգ էին կանխագուշակում արևմտահայերին` լրջորեն չնախապատրաստվելու պարագայում: «Եվ Տաճկաստանի հայոց խնդիրը պետք է կայանա այսուհետև անդադար և անընդհատ նախապատրաստության գործի մեջ, որպեսզի նրանք կազմ ու պատրաստ հանդիպեն այն մեծ օրվան, երբ կրկին անգամ կզարկվե ազատության ժամը: Իսկ այդ օրը կկրկնվի, և շատ անգամ կկրկնվի… գուցե շատ հեռու չէ մեզանից…»: Իսկ նախապատրաստվել ամենից առաջ նշանակում էր կազմակերպվել, համախմբվել և զենքի վարժվել: Հակառակ դեպքում, «կը՛գա ժամանակ, - հեռատեսորեն կանխագուշակում էր Արսեն Թոխմախյանը,- կրկին կորոտան չարագուշակ թնդանոթներ, թերևս այն ժամանակ միայն կարթնանան քնած ու թմրած սրտերը, բայց այդ կը լինի շատ ուշ…»: Ուստի զինվորագրվելը և զենքի իրավունք ունենալը արևմտահայերի համար կենսական նշանակություն ուներ: Ինքնապաշտպանության կազմակերպման և ապագա չարիքներին պատրաստ լինելու հարցը դրանով որոշակիորեն կլուծվեր, ինչպես նաև կբարձրացվեր ժողովրդի մարտունակությունն ու պայքարի ոգին, կորովը: «Մարդ պատերազմի համար ծնած է,- մտորում էր Մամուրյանը,- քանի որ մարդ մարդու վրա կբռնանա հանիրավի, և վա՛յ անոր, որ ժամանակին հարմար զենքով ասպարեզ չիջներ: Անկում, մահ է իր վախճանը և մարդկային վիճակագրության մեջ իբրև դիակ կամ շահադիտության նյութ կհամարվի»: Բեռլինից հետո Խրիմյան Հայրիկը եզրակացրեց` ժողովրդի «իրավունքն ալ սուրին ծայրին է»: Արփիարյանի վկայությամբ, Խրիմյանի քարոզներով ոգևորված պանդուխտ հայերը զենք հայթայթած էին տուն վերադառնում: Արդեն 1880 թ. աշնանը Արևմտյան Հայաստանի Նորտուզի նահանգի Կողան գյուղի գյուղացիները ինքնապաշտպանության հաջող փորձ արեցին:
Գյուղի վրա հարձակված ավազակներից ութին սպանեցին, երեսունին վիրավորեցին ու վտարեցին գյուղից: «Այս պարզ օրինակը կարող է ցույց տալ, որ հայոց զինվորական հոգին մեռած, հանգած չէ, այլ մոխրի տակ թաղված կրակի է նմանվում, որին արծարծել է պետք»: Այս հաջողությունն այնքան ոգևորեց կողանցիներին, որ նրանք հաջորդ տարվա գարնանից սկսեցին գաղտնի զենք գնել: «Եթե Թուրքիայի հայը, - գրում է Արծրունին, - մի ձեռքով մուրճ, արոր կամ բահ բռնելով մյուս ձեռքում հրացան բռնի, այդ գուցե կլինի միակ միջոցը թուրքաց տիրապետության տակ ճնշված հայոց ազգի համար պաշտպանել և ապահովել իր ազգային գոյությունը»: Ռուս–թուրքական պատերազմին հաջորդած տարիներին տեղի ունեցած իրադարձություններն արևմտահայերին վերջնականապես հանգեցրին զենքի ճշմարտության գաղափարին, իսկ հայ դեմոկրատական միտքը ջանքերն ուղղեց ազգի բարոյահոգեբանական վերածննդի ուղղությամբ:
