2239դիտումների քանակը

1894 թվականին Ռուսաստանի կայսերական հնագիտական միության անդամ, Կերչի հնագիտության թանգարանի տնօրեն Կարլ Դումբերգը Աշնակում կատարել է պեղումներ: Այս մասին տեղեկանում ենք Թիֆլիսում տպագրված «Մշակ» թերթից¹, որտեղ մասնավորապես նշվում է, որ Աշնակ գյուղի (հետաքրքիր է՝ թերթում «Էշնակ» ձևով է բնակատեղին ներկայացվում) մահմեդականները (թուրքեր, որոնք այդ ժամանակ ապրել են Աշնակում), փորելով տեղանքը, կոփածո քարեր են հանել և փորձել են դրանցով մզկիթ կառուցել: Տեղական պրիստավը (տեղական ոստիկանության պետ), իմանալով այդ մասին, արգելել է: Ապա Պետերբուրգի կայսերական հնագիտական հանձնաժողովին հայտնել, որ թուրքերը դամբանաթումբ (կուրգան) են հայտնաբերել: Հանձնաժողովը անմիջապես հանձնարարել է Կերչի հնագիտական թանգարանի տնօրեն Կարլ Դումբերգին գնալ Աշնակ: Վերջինս, ցրտաշունչ եղանակային պայամանները անտեսելով, հասել է Կերիչից Էջմիածին, ապա ուղևորվել է Աշնակ պեղումներ անելու: Ավելի ուշ նրան է միացել նաև հոգևորական, հասարակական գործիչ Մեսրոպ Վարդապետ Տեր Մովսիսյանը:

Պեղումները տևել են երեք շաբաթ: Թերթում նշվում է , որ դժվարությամբ են արվել հնագիտական աշխատանքները, քանի որ ձյան շերտի հաստությունը Աշնակում 1894 թ.-ի հունվարին մոտ մեկ արշին (71.12սմ) է եղել: Ի վերջո, ուսումնասիրությունները տվել են իրենց արդյունքը: Պարզվել է՝ ոչ թե դամբանաթումբ է հայտնաբերվել, այլ մի հին հայկական եկեղեցի, որ բերդի է վերածաված եղել: Եկեղեցու սեղանի պատի ետնամասում գտնված ջրամբարն էլ հենց հայտնաբերվել է տեղաբնակ թուրքերի կողմից: Բացի այդ, հայտնաբերվել են թվով հինգ անթվական արձանագրություններ: Դրանցից մեկին գրված է եղել Խաչիկ կաթողիկոս, որն հավանաբար 10-րդ դարի է եղել, իսկ մեկ այլ արձանագրությունում կարդացվել են Սմբատ, Աշոտ, Աբաս, Գրիգոր անձնանունները: Սա նշանակում է, որ արձանագրությունը վերաբերել է Բագրատունյաց Հայաստանին: Կարլ Դումբերգն ու Մեսրոպ վարդապետ Տեր Մովսիսյանը վերադարձել են Էջմիածին՝ իրենց հետ տանելով նաև արձանագրությունները:

Այս իրադարձությանը անդրադաձել է նաև Թիֆլիսի մեկ այլ թերթ՝ «Նոր Դար»-ը, որտեղ մասնավորապես նշվում է. «Կայսերական հնաբանական ժողովի անդամ Կարլ Դուհմբերգ, ինչպէս մեզ հաղորդում են, գնացել է Աշնակ, որ Արշակունեաց ամարանոցն է եղել և միջին դարերումն է աւերուել: Պարոնը սկսել է պեղումներ անել և արդեն մի հայերէն արձանագրութիւն է գտել: Պեղումները շարունակում է»²:

1 «Մշակ», Թիֆլիս, 1894, Թ. 29, էջ 1-2:

2 «Նոր դար», Թիֆլիս, 1894, Թ. 30, էջ 2:

Պատրաստեց՝ Մ. Հովհաննիսյանը

Նմանատիպ այլ նորություններ