830դիտումների քանակը

Ռազմական փորձագետ, բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, աշխատությունների, ռեցենզիաների հեղինակ Արծրուն Հովհաննիսյանի սույն ուսումնասիրությունը 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի հայկական զինուժի գերծունեության պատմության ու զարգացման փուլերի մասին վերլուծություն է արված 2014 թվականին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՓՈՒԼԸ։

Եզրակացություններ

Հայոց բանակը հրադադարից հետո հայտնվեց բոլորովին այլ իրավիճակում, երբ բանակը սարերից իջավ զորանոց: Հայոց բանակի կազմավորման և ամրապնդման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել չորս հիմնական փուլերի.

ա. 1992-1994 թթ. կազմավորումից մինչև մարտական գործողությունների ավարտը,

բ. 1994-1998 թթ. հրադադարի հաստատումից մինչև բանակի զորանոցային իրավիճակի բերումը, նոր զորամասերի կազմակերպչական հիմնական գործողությունների ավարտը,

գ. 1998-2007 թթ. բանակի ինստիտուցիոնալ կայացումը, դ. 2007-մինչև այժմ բանակի հիմնական բարեփոխումների և կերպարանափոխման փուլը:

Հայոց բանակի զարգացման համար զորատեսակների առումով կան մի քանի խնդիրներ, որոնք ծախսատար են՝ միջնաժամկետ և երկարաժամկետ լուծվելու հնարավորություններով, որոնք մեծապես կբարձրացնեն բանակի մարտունակությունը և հնարավորությունները: Խոսքը ընդհանուր ՕՀՄ-ների մասին է և որպես դրանց առանձին ու հիմնական ուղղություն` օդուժի: Մեզ համար հատկապես առարկայական նշանակություն ունեն հեռահար հրթիռային միջոցները` ՀԿՌՀ-ները, մարտավարական և օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրներ: Նշված ոլորտում ավելի առարկայական է օդուժ և ՀՕՊ զորքերի զարգացումը, ինչը նախ և առաջ պետք է ընթանա միասին: Դրանք իրենց բովանդակությամբ, տարողությամբ, կատարման ծավալով մի քանի տարվա ընթացքում կատարվող կամ մշտապես կատարվելիք աշխատանքներ են: Բանակը կատարելագործվում է ամեն օր և ամեն օր նոր առաջարկներ ու գաղափարներ են քննարկվում1 : Ինչպես արդեն նշեցինք, բանակը ստեղծվեց որպես ազգային պայքարի ոգու արտահայտություն, դարձավ 20-րդ դարի բանակ: 2007-2008 թթ. հայոց բանակը գնում է դեպի 21-րդ դարի չափանիշները: Այս փուլը առանձնահատուկ է լինելու նրանով, որ զարգացվելու է սեփական ռազմակրթական համակարգ և ռազմաարդյունաբերական համալիր, որ 21-րդ դարում բանակների կայացման կարևորագույն հիմքերից է: Առանց սեփական ռազմակրթական համակարգի բանակը ապագա չունի: Ռազմական ոլորտի զարգացման, մատակարարման և այլ հարցերի հիմնական մասը ներկայումս հիմնականում լուծվում են ՌԴ-ի հետ: Ռազմական համագործակ ցությունն այլ երկրների հետ հիմնականում կրում է ավելի սահմանափակ բնույթ, ինչը այնքան էլ գոհացուցիչ չէ: Մասնավորապես անհրաժեշտ է վերանայել տեխնիկական մատակարարման հարցերը, քանի որ կադրերի պատրաստման հարցը քիչ թե շատ լուծվում է արևմտյան երկրների հետ համագործակցության տարբեր ձևաչափերով: Միակողմանի ռազմական համագործակցությունն ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը: Սակայն մեր խորին համոզմամբ ռազմական միակողմանի համագործակցության բացասական կողմերն առավել շատ են: Ցանկալի է, որ փոքր պետություններն իրենց ռազմական կարևորագույն հարցերի լուծումը կապեն ոչ թե մեկ, այլ մի քանի պետությունների հետ: Մեր երիտասարդ բանակի համար անհրաժեշտ են այնպիսի կադրեր, որոնք պետք է տեղեկացված լինեն աշխարհի ամենատարբեր բանակների մարտավարությունից, ռազմական տեխնիկայից, ղեկավարման ու կառավարման համակարգերից, ավանդույթներից: Թվարկվածը հարկավոր է հիմնարար կերպով ուսումնասիրել, վերլուծել և թեկուզ վերափոխված տարբերակներով կիրառել հայկական բանակում` բանակն առավել արդիականացնելու և հզորացնելու համար: Խնդիրը նաև առաջնային է այն պատճառով, որ ռուսական սպառազինությունը և ռազմական տեխնիկան ներկայումս անհուսալիորեն հնանում են, ինչի գիտակցումը կա նաև ՌԴ-ում: Ներկայումս ռուսական անգամ որպես ամենաժամանակակից ներկայացվող զինատեսակները հիմնականում խորհրդային ժամանակների նմուշներ են, լավագույն դեպքում` կատարելագործումներ: Նորագույն զինատեսակների և զենքերի ստեղծումը և հատկապես արտադրությունը մեծ հարցականի տակ է: Քանդվում են երբեմնի հզոր ռազմական գիտակրթական և արտադրական համալիրները: Իհարկե, դեռ երկար ժամանակ ռուսական զենքերը կհանդիսանան աշխարհում ամենավաճառվողներից, սակայն դրանք հիմնականում, բացառությամբ որոշ նմուշների, կհամարվեն անցած պատերազմների գործիքներ: Մասնագիտական պատրաստման հարցում ևս ՌԴ-ը նորից դիմում է իր ավանդական ուսուցիչներին` գերմանացիներին: Նշանակում է մենք ևս պետք է ուղղակի աշխատենք այլ երկրների հետ: Այսօր արդեն ՌԴ-ը որոշ նմուշներ ձեռք է բերում արտասահմանում: Մեզ ևս ոչ հեռու ապագայում անհրաժեշտ են գերժամանակակից զենքեր, որոնցից շատերն արդեն ինքնաբերաբար ռուսական չեն կարող լինել: Ահա նաև այս պատճառով հարկավոր է, որ մենք ևս մեր ռազմական համագործակցությունը մեծացնենք այլ երկրների հետ: Խնդիրը նախ զենքերի և զինատեսակների մատակարարմանն է վերաբերում:

Մեզ համար այս ոլորտում բացի ավանդական լիդերներից հատկապես հետաքրքիր է ռազմական համագործակցությունն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ֆրանսիան, Հնկաստանը, Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Շվեդիան: Ֆրանսիան ԱՄՆ-ից և ՌԴ-ից հետո միակ պետությունն է, որ ստեղծում է ռազմական, ցամաքային, ծովային և տիեզերական ցանկացած տեխնիկա, սպառազինություն ու սարքավորում: Այսինքն` սպառազինության և ռազմական տեխնիկայի հարցում Ֆրանսիայի հետ համագործակցությունն ամենաշահավետներից է: Մասնավորապես մեծ հետաքրքրություն են ներկայացնում ֆրանսիական կապի, հետախուզության, ղեկավարման և այլ սարքավորումները, որոնք տարբեր երկրներում անխափան կիրառվում են անգամ խորհրդային հրասայլերի, ԹՍ-ների և այլ մեքենաների վրա: Մեզ համար հետաքրքիր են մասնավորապես ֆրանսիական մարտական ԹՍները և դրանց սպառազինությունը, որոնք լավագույններից են աշխարհում: Ֆրանսիական բանակն ունի ամենատարբեր տարածաշրջաններում մարտական գործողություններ վարելու հարուստ փորձ, որը գրեթե մշտապես շարունակվում է: Խաղաղարար առաքելությունների կազմակերպման լավագույն ավանդույթներից մեկը հենց ֆրանսիական բանակին է պատկանում: Մեզ համար որոշակի հետաքրքրություն կարող են ներկայացնել նաև ֆրանսիական «Օտարերկրյա լեգիոնի» կազմակերպման և մարտական կիրառման հետ կապված հարցերը, քանի որ մարտական գործողությունների դեպքում ՀՀ ԶՈւ-ի կազմում անպատճառ մարտնչելու ցանկություն կհայտնեն զգալի թվով սփյուռքահայեր, ինչպես նաև, հնարավոր է, այլ ազգերի ներկայացուցիչներ: Միաժամանակ լեգիոնը կարող է հիմք դառնալ հեռավոր ապագայում ՀՀ բանակում օտարազգիներից ստեղծված վարձկան ստորաբաժանման թեկուզև սահմանափակ կիրառման համար: Մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել ռազմական համագործակցությունը հատկապես Հնդկաստանի հետ: Այս պետությունն օր-օրի ավելի է մոտենում գերտերությունների վերին սանդղակին: Հնդկական ԶՈւ-ի սպառազինման և ռազմաարդյունաբերական մակարդակը ներկայումս նախանձելի առաջընթաց ունի: Ստեղծվում են հնդկական նմուշի ինքնաձիգներ, հրասայլեր, տարատեսակ հրթիռներ, նավեր և անգամ կործանիչներ: Հնդկաստանը մի քանի տարի անց իր ավիակիր նավերի քանակով կարող է դառնալ երկրորդն աշխարհում: Հարկավոր է այդ հնարավորությունները և Հնդկաստանի` օրեցօր աճող քաղաքական կշիռն օգտագործել ի նպաստ մեր անվտանգության ապահովման բարելավման: Մեզ համար հատկապես մեծ հետաքրքրություն է ներկայացնում այն հանգամանքը, որ մեր ՌՕՈւ-ի հետագա զարգացման համար Հնդկաստանը կարող է բացել հիանալի հնարավորություններ: Բանն այն է, որ հնդկական ՌՕՈւ-ի սպառազինության մեջ են գտնվում չորրորդ սերնդի լավագույն կործանիչներից առնվազն երեքը` «Սու-30», «ՄիԳ-29», «Միրաժ-2000»: Մոտ ապագայում նրանք ձեռք կբերեն ֆրանսիական նոր կործանիչներ, որոնք իրենց հիանալի ցուցաբերեցին Լիբիայում: Ընդ որում, Հնդկաստանը ներկայումս արտադրում է մեզ այդքան հետաքրքրող «Սու-30»-ը, իսկ ապագայում նաև ֆրանսիական «Ռաֆալ» կործանիչներ: Ամերիկյան և եվրոպական երկրների ՌՕՈւ-ի հետ անցկացված բարձր մակարդակի զորավարժությունները փաստում են, որ հնդկական օդաչուական դպրոցը լիովին կայացած է և լավ ավանդույթներ ունի: Հետաքրքրություն է ներկայացնում նաև հնդկական հրթիռաշինությունը, որը ևս մեծ արդյունքների է հասել մասնավորապես մեզ այնքան հետաքրքրող մարտավարական և օպերատիվ մարտավարական հրթիռների ոլորտում: Հնդկական «Փրիթվի III (ՍՍ-350)», «Ագնի 1» և այլ հրթիռները հայտնի են: Դրանք շատ բացառիկ նմուշներ են և իրենց հիմնական տվյալներով գերազանցում են համանման չինական, կորեական, իրանական և շատ այլ հրթիռների: Հնդկական բանակը լեռնային պայմաններում մարտական գործողությունների վարման հիանալի փորձ ունի: 1999 թ. այսպես կոչված Կարգիլյան հիմնախնդրի ժամանակ հնդկական բանակը լավ փորձ ձեռք բերեց օդուժի, հրետանու և հատկապես հատուկ ստորաբաժանումների կիրառության գործում: Մեզ համար այդ փորձը հատկապես կարևոր է Տավուշում և Նախիջևանյան օպերատիվ ուղղության վրա հավանական լայնածավալ մարտական գործողությունների առումով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախիջևանում այսօր Ադրբեջանը ստեղծել է համազորային բանակ, ապա դա առանձնպես կարևոր է: Բացի ավանդական հզոր համարվող ԱՄՆ-ից, Չինաստանից, Իսրայելից և եվրոպական մեծ պետություններից, այդ ցանկում են մասնավորապես օրեցօր իրենց փառավոր անցյալը վերաարժևորող Ճապոնիան, Հարավային Կորեան, Շվեդիան, ՀԱՀ-ը և այլն: Ռազմականացումը և համաշխարհային ուժերի ծանրության կենտրոնը կամաց-կամաց նորից վերադառնում է Եվրասիա: Այս համատեքստում մեզ համար ևս կարևոր է այստեղ ստեղծել վստահելի կապեր և ունենալ մի քանի փոխլրացնող գործընկերներ:

Նմանատիպ այլ նորություններ