Ռազմական փորձագետ, բազմաթիվ հոդվածների, մենագրությունների, աշխատությունների, ռեցենզիաների հեղինակ Արծրուն Հովհաննիսյանի սույն ուսումնասիրությունը 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի հայկական զինուժի գերծունեության պատմության ու զարգացման փուլերի մասին վերլուծություն է արված 2014 թվականին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ՓՈՒԼԸ։
Բանակի համագործակցությունը միջազգային կառույցների հետ
Այսօր աշխարհը գլոբալ է ու պետությունները փոխկապակցված են: Մեկուսի ապրելու բոլոր ճանապարհները փակուղի են տանում, իսկ ռազմական գործում դա ավելի հստակ է դրսևորվում, քանի որ ռազմական ոլորտի նորարարությունները, գիտությունը, տեխնիկան զարգանում են ոչ շատ մեծ չափերով : Դրանց հիմնական կրողները և զարգացնողները մի քանի ուժային կենտրոններն են, որոնց հետ փոխհամագործակցությունը շահավետ է ու կարևոր: Դեռ պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈւ-ի ղեկավարությունը սերտ կապեր էր պահպանում ԱՊՀ պետությունների և մասնավորապես ՌԴ-ի հետ, իսկ արևմտյան երկրները նման շփումների հետաքրքրություն էին ներկայացնում: Միջազգային ռազմական համագործակցության ասպարեզում 1992-1993 թթ. եղան առաջին շփումները ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ: Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակում ռազմական բնագավառում ընթացող գործընթացները սկիզբ են առել դեռևս 1992 թ.` կազմակերպության ստեղծման պահից: 2009 թ. ՀՀ զինված ուժերում կազմավորվեց միացյալ զորախմբի հրամանատարության շտաբ` ՌԴ 102-րդ ռազմաբազայի կառավարման մարմինների հետ համագործակցելու նպատակով:
Պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցության հանգուցային բնագավառներից մեկը ռազմատեխնիկական համագործակցությունն է: Ամեն տարի ՌԴ-ից հսկայական ծավալի զենք և զինամթերք է ձեռք բերվում և ներկրվում: Միայն 2011-2013 թթ. ներկրված զենք-զինամթերքի ծավալները գերազանցում են նախորդ 20 տարիների ձեռքբերածը` դրանց կազմում են մի քանի հարյուր միավոր զրահատեխնիկա, տանկեր, նույնքան հրետանային միջոցներ, ՀՕՊ միջոցներ, հսկայական քանակությամբ փոքր զենքեր և զինամթերք: ԱՊՀ շրջանակներում, իհարկե, կան նաև առանձին հարաբերություններ պետությունների հետ: Համագործակցություն Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի հետ: Վերջին տարիները հագեցած էին հայ-բելառուսական բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններով: Երկու երկրների միջև երկկողմ պաշտպանական համագործակցության հիմնական ոլորտներն են ռազմաարդյունաբերությունը և ռազմական կրթությունը: Վերջին տարիներին նաև Բելառուսից ներկրվել են որոշակի քանակության ռազմական տեխնիկա և սպառազինություն: Եվրոպական զարգացման ուղեգծի համատեքստում Հայաստանի անվտանգության ապահովման համակարգում կարևոր դերակատարություն ունեն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Մոտ 1000 խաղաղապահներ պատվով են ծառայել տարբեր առաքելությունների շրջանակներում: Մեր խաղաղապահները բազում անգամ պարգևատրվել են օտարերկրյա պետությունների մեդալներով և արժանացել են տարբեր խրախուսանքների: Խաղաղապահները ցանկացած խնդրի կատարման և զորավարժությունների ժամանակ մշտապես արժանանում են բարձր գնահատականների: ՀՀ ՊՆ համար մյուս կարևորագույն ուղղությունը հարաբերություններն են ԱՄՆ-ի հետ: Սկզբնավորվելով դեռևս 1994 թ., 2001 թվականից ի վեր՝ ամենամյա երկկողմ համագործակցության պլանների իրականացման միջոցով ձեռք բերեցին համակարգված և նպատակային բնույթ: Սկսած 2002-ից Ամերիկյան կողմը «Արտաքին ռազմական ֆինանսավորում» (ՖՄՖ) ծրագրով ՀՀ զինված ուժերին ցուցաբերում է զգալի նյութատեխնիկական օժանդակություն, որի շնորհիվ 2002 թ. հիմնադրվեց ՀՀ ՊՆ մարդասիրական ականազերծման կենտրոնը, 2007 թ. ՀՀ ՊՆ-ին տրամադրվեց «ԵՄԵԴՍ» շարժական դաշտային հոսպիտալը: Իրականացվում են նաև բազում այլ նախագծեր: Պաշտպանության նախարարությունն ակտիվ համագործակցություն է իրականացնում նաև Չինաստանի ռազմական գերատեսչության հետ` հատկապես կրթության բնագավառում, որի շրջանակներում ՀՀ ԶՈՒ զինծառայողները վերապատրաստվում են ՉԺՀ ռազմաուսումնական հաստատություններում: Նշանակալի դեր է խաղում նաև նյութատեխնիկական համագործակցությունը, որի միջոցով ՀՀ Պաշտպանության նախարարությունը համալրվում է ժամանակակից փոխադրամիջոցներով, համակարգչային տեխնիկայով և բժշկական սարքավորումներով:
Հայաստանը ռազմական ոլորտում երկկողմ հարաբերություններ է զարգացնում տարածաշրջանային հարևան և ավանդական բարեկամ երկրների` Իրանի և Վրաստանի հետ:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
